Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ
18.05.2021
Հարգելի՛ բարեկամներ,
Թանգարանների միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Լոռու մարզի թանգարանների աշխատողներին, արվեստաբաններին ու պատմաբաններին, հնագետներին ու ազգագրագետներին. բոլոր նրանց, ովքեր սրբորեն ու անձնուրացաբար պահպանում են մեր պատմության մասունքները, մեր մշակույթի գանձերը՝ դրանք սրունդներին փոխանցելու սուրբ առաքելությամբ: Յուրաքանչյուր երկրում թանգարաննների առատությունը ու դրանցում տեղ գտած հազարամյակների կենսագրություն ունեցող եզակի նմուշների առկայությունը երկրի հարուստ պատմական անցյալի կենդանի վկայություններն են: Դրանք մենք պահպանում և ի ցույց ենք դնում՝ որպես համաշխարհային քաղաքակրթության անգնահատելի նմուշներ: Իսկ մեր հինավուրց բնօրրանը աշխարհի ամենահնագույն բնակավայրերից է, որով հպարտանում է յուրաքանչյուր հայորդի: Մեր երկիրն, այդ թվում հազարամյակների պատմություն ունեցող Լոռվա աշխարհն ինքնին թանգարան է բաց երկնքի տակ, գրավիչ՝ զբոսաշրջիկների ու տեղաբնակների համար: Ընդամենը քայլելով մեր պատմական հայրենիքում՝ կարելի է զգալ մեր հերոսական նախնիների շունչը, տեսնել փառապանծ արքաների կառուցած բերդերի, վանքերի, եկեղեցիների, կամուրջների ու այլ հայտնի ենթակառուցվածքների՝ մինչ օրս կանգուն կառույցները:
Մեր երկրում, մեր Լոռիում պատմականությամբ է շնչում ամեն մի ծառ ու թուփ, ամեն քար:
Լոռու մարզում գործում են հնագիտական, կերպարվեստի, երկրագիտական, ազգագրական թանգարաններ, տուն-թանգարաններ: Դրանք մեր նախկին, ներկա ու գալիք սերունդների հոգևոր գանձարաններն են, որոնցով հպարտանում ենք:
Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ, բոլորիդ մաղթում նորանոր հաջողություններ: