Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

14.05.2021

Հարգելի՛ բարեկամներ, սիրելի՛ լոռեցիներ,
ի սրտե շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ:
Չափազանց նվիրական օր միջազգային օրացույցում, որը ևս մեկ առիթ է տալիս մեզ արժևորելու այն սրբագույն, ջերմ, ամենահարազատ ու սիրելի մարդկանցից կազմված միջավայրը, որը մենք ընտանիք ենք կոչում: Այստեղ են փայփայում մեր մանկությունն ու պատանեկությունը, այստեղ ենք մենք հասունանում և հաստատուն քայլ կատարում դեպի մեծ կյանք: Այստեղ են մեզ գոտեպնդում, փարատում մեր մտավախություններն ու անհանգստությունները: Այստեղ են մեզ հավատ ներշնչում մեր ուժերի ու պայծառ գալիքի հանդեպ: Այստեղ մեզ չեն կշտամբում սխալների համար, այստեղ մեզ պարզապես սիրում են:
Հայ ընտանիքներն առանձնանում են իրենց ու միայն իրենց հատուկ ավանդույթներով ու սովորույթներով, զավակին ու ծնողին մեծարելու ու աստվածացնելու բացառիկ կարողությամբ, քանզի զավակները մեր ապագան են, ծնողները՝ մեր սրբությունները: Ամուր են, կուռ են մեր ընտանիքները, հետևաբար ամուր է նաև մեր պետության հիմքը, քանզի իզուր չէ ասված. «Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի ու հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ»:
Հայ ընտանիքներն են, որ ծնել են հայրենիքի նվիրյալներ, ովքեր, մեկ վայրկյան անգամ չվարանելով, իրեց կյանքն են նվիրաբերել հայրենքի փրկությանը. խորին խոնարհումս մեր հերոսների հիշատակին ու անսահման երախտագիտությունս՝ հերոս ծնող ու դաստիարակող ընտանիքներին:
Հայ ընտանիքներում են ծնվել Թումանյանն ու Չարենցը, Բաբաջանյանն ու Համբարձումյանը, Զորավար Անդրանիկն ու Մոնթեն, Այվազովսկին ու Բաշինջաղյանը, Կոմիտասն ու Ազնավուրը, հազարավոր, հարյուր հազարավոր հայ հանճարներ, ովքեր աշխարհին ի ցույց են դրել մեր մտքի ու բազկի, տաղանդի հզորությունը:
Ոչի՛նչ, ոչի՛նչ չի կարող ընկճել մեզ, ծնկի բերել դարերի ու վայրագ ցեղերի առջև, մենք անկոտրում ենք եղել ու այդպես է լինելու նաև առաջիկա հազարամյակներում: Մենք ոտքի կկանգնենք՝ աշխարհին կրկին ցույց տալով մեր անսասան կամքն ու հզորությունը:
Սիրելի՛ լոռեցիներ,
կրկին շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ բոլորին մաղթում եմ բարեկեցություն, ամրություն, խաղաղ ու հզոր գալիք:
Հավատու՛մ ենք, վստա՛հ ենք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59