Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
05.03.2021
Թանկագի՛ն կանայք, մայրե՛ր, քույրե՛ր
Ջերմորեն ու խոնարհաբար շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի՝ գարնանային այս հիասքանչ տոնի և միամսյակի մեկնարկի առթիվ: Գարնան գալուստն ու կանանց տոները խորհրդանշում են կյանքի հավերժությունն ու գեղեցկությունը, բնության զարթոնքն ու սերը: Հայ կինն առանձնանում է իր ընտանիքին անսահման նվիրվածությամբ, ազգապահպանության գործում զգալի դերակատարությամբ: Հայ կնոջ մեջ է անթեղված խոհեմությունն ու հոգատարությունը, համբերությունն ու հանդուրժողականությունը: Դուք միշտ ձեր գործունեությամբ զարկ եք տվել ամենատարբեր բնագավառների զարթոնքին և առաջընթացին:
Համավարակի, ապա նաև 44-օրյա դաժան պատերազմի ընթացքում ևս դուք ապացուցեցիք ձեր անսահման նվիրվածությունը հայրենի երկրին: Դուք բազում անքուն գիշերներ անցկացրեցիք հիվանդների սնարների մոտ՝ համառ պայքարելով նրանց կյանքերի համար, դուք կողք կողքի կռիվ տվեցիք մեր քաջարի զինվորների հետ՝ հանուն մեր այս մի բուռ հողի, որ Հայրենիք է կոչվում: Դուք հերոս ծնող մայրերն եք: Խոնարհումս ձեզ:
Կրկին շնորհավորելով բոլորիդ` մաղթում եմ, որ այլևս երբեք տխրելու ու վհատվելու առիթներ չունենաք, թող միայն ժպիտը շողա ձեր դեմքին, իսկ արցունքերը միմիայն երջանկություն խորհրդանշեն:
Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, հաղթանակներ մասնագիտական ոլորտներում և ներդաշնակություն ձեր ընտանիքներում:
Թող որ ձեր կյանքի յուրաքանչյուր վայրկյանը պարուրված լինեք սիրով ու գարնանաբույր ջերմությամբ: