Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Միակամվել ենք, միաձուլվել ենք, վերընձյուղվել ենք, ուժեղացել ենք ու ՀԱՂԹԵԼ

12.11.2020

Մեր ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում մենք ունեցել ենք փառահեղ հաղթանակներ ու ցավալի պարտություններ։ Այսօրվա արդեն փաստագրված իրականությունը մեր պատմության ամենացավոտ էջերից է։ Ամենացավոտ, բայց ոչ մահացու, որովհետև ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում՝ այն, ինչը չի սպանում, ուժեղացնում է։
Սա իրավիճակ է, որը մենք պարտավոր ենք հանգուցալուծել միասին, ճիշտ այնպես, ինչպես տանում ենք հաղթանակների վայելքը։ Սա պարտություն է, որտեղ մեղավոր է մեզնից յուրաքանչյուրը։
Ու մեղադրական ճառեր ասողներն ու ուժեղ բռունցքները քաղաքային հրապարակներում աջուձախողները գուցե նախ իրենց մեջ փնտրեն այս պարտության իրենց մասնաբաժինը, գուցե փորձեն բացատրել թե այդ ոնց պատահեց, որ <<ուժեղներով>> հայտնվեցին ոչ թե առաջնագծում՝ արյան գնով պաշտպանելու հող հայրենին, այլ հրապարակներում՝ ջարդելու, ավիրելու, մեղադրելու, հայհոյելու, բայց ոչ երբեք կամավորագրվելու, ոչ երբեք հաղթանակ տանող ճանապարհը իրենց իսկ մասնակցությամբ, թեկուզ կյանքի գնով կարճելու համար:
Քաղաքական, նեղ անձնական, շահադիտական ու աթոռակռվի տենչով հայրենասիրություն խաղացողները իրենց թող փորձարկեն նախ Հայաստան-Արցախ խրամատներում, երկիրը պահող տղերքի հետ վառոդի հոտը շնչելով ու չընդհատվող պայթյունների տակ հերթապահելով: Դրանից հետո գուցե նրանց համար ընկալելի լինի պետության, պետականության պահպանման, ամրապնդման ու ժողովրդական միասնությամբ այս բարդ շրջափուլից պատվով դուրս գալու անհրաժեշտությունը:Դա է միակ ու ընդունելի ճանապարհը գերակայի՝ պետականության պահպանման համար:
Մեր՝ Հայաստանի ու Արցախի բանակները, մեր կամավորները պատերազմի 43 օրերի ընթացքում արել են հնարավոր ու անհնար ամեն ինչ, գերմարդկային ջանքեր ու անկոտրում կամք են դրսևորել հող հայրենին պաշտպանելու, չզիջելու, չնահանջելու համար։ Եվ ես շնորհակալ եմ ու երախտապարտ հայրենիքի համար կռված յուրքանչյուր զինվորի ու զինծառայողի, յուրաքանչյուր կամավորի, որոնց շարքերում կային հայրեր ու որդիներ, կային տարիքով վատառողջ մարդիկ, կանայք ու աղջիկներ, որոնք կանգ չէին առել ոչնչի առաջ ու կամավորագրվել էին մարզային տարբեր, ի հպարտություն մեզ՝ նաև Լոռու կամավորական ջոկատներում։ Սա ես կարող եմ արձանագրել ամենայն պատասխանատվությումբ, որովհետև դրա ականատեսն ու մասնակիցն եմ եղել անձամբ՝ առաջնագծում կանգնելով մեր լոռեցիների հետ, մարտական հերթապահություն անցկացնելով կողք կողքի՝ նույն խրամատում:
Իմ անվերջ խոնարհումն եմ ուղղում մեր բոլոր զոհվածների, մեր հերոսների ընտանիքներին, ովքեր չխնայեցին ամենաթանկը հայրենիքի համար։ Մեզնից յուրաքանչյուրը ամեն զոհվածի հետ սգաց ու նորովի լծվեց հայրենիքի պաշտպանության գործին։ Մենք պարտական մնացինք մեր ընկած հերոսներին ու նրանց ծնողներին՝ որդիների կյանքի գնով մեզ պարգևած կյանքի համար։ Եվ նաև նրանց շնորհիվ է, որ այսօրվա իրավիճակն ու փաստագրումն ավելի ցավոտ չէ...
Հայրենիքի համար ճակատագրական այս շրջափուլը դաժան դաս պետք է դառնա մեզնից յուրաքանչյուրի համար՝ վաղվա օրն ավելի լուսավոր կառուցելու, մեր երկիրը տեխնոլոգիապես, տնտեսությամբ ու այլ ոլորտներում հզորացնելու ու նոր հաղթանակների տեսլականը մոտեցնելու համար։
Պատմության ցավալի էջերում մենք ազգովի եթե ընկել էլ ենք, ապա երբե՛ք, երբե՛ք չենք ծնկել։ Միակամվել ենք, միաձուլվել ենք, վերընձյուղվել ենք, ուժեղացել ենք ու ՀԱՂԹԵԼ:
Ու դեռ կգա այդ օրը...

ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:50:29