Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԻՄ 23-ՐԴ ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
08.11.2019
Հարգելի՛ գործընկերներ` Լոռու մարզի համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 23-րդ ամյակի առթիվ:
Անցած ժամանակահատվածը եղել դժվարությունների հաղթահարման, ինչու չէ նաև՝ ձեռքբերումների ընթացք՝ հնարավորություն տալով սեփական սխալների վրա սովորելու ու կայանալու: Թավշյա հեղափողությունը արմատապես նոր որակ և աշխատաոճ է առաջադրել տեղական ինքնակառավարմանը:
Լինելով կառավարման համակարգի կարևորագույն բաղկացուցիչ, ՏԻՄ-ը կոչված է լուծելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ներդաշնակեցման կարևորագույն խնդիր` պետությունն իբրև գործընկեր ունենալու համար: Տեղական ինքնակառավարումը կարևորագույն հնարավորություն է քաղաքացիների համար մասնակից դառնալու սեփական համայնքի, այդ կերպ նաև՝ երկրի զարգացման գործընթացին, իրացնելու իրենց իրավունքները, ապահովելու մասնակցությունը հիմնարար հարցերին լուծում գտնելու գործընթացներում, զարգացնելու ինքնակազմակերպումն ու նախաձեռնողականությունը:
Հարգելի՛ գործընկերներ, այսօր մեզ համար առաջնային է ունենալ առավել կենսունակ ու ֆինանսապես կայուն համայնքներ, տեղական մակարդակում թափանցիկ և արդար կառավարում, հասնել նրան, որ բնակչությունն իր կենսագործունեության համար առաջնային խնդիրները կարողանա լուծել հենց տեղերում` տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար:
Մեր միասնական և վերջնական նպատակը պետք է լինի ուժեղ և կազմակերպված համայնք ունենալը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ՝ տեղական իշխանությունների աշխատակիցներին մաղթում բարեկեցություն, հաստատակամություն, նորանոր հաջողություններ իրենց իրավասություններն իրականացնելու գործում: