Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
04.11.2019
Սոցիալական ապահովության ոլորտի սիրելի՛ աշխատողներ,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա առթիվ, մաղթում աշխատանքային հաջողություններ:
Ձեր գործունեությունն ուղղված է խոցելի խմբերի խնդիրների կարգավորմանն ու լուծմանը, հասարակության մեջ նրանց ինտեգրման հնարավորությունների կայունացմանն ու ընդլայնմանը: Սա դժվարին և պատասխանատու առաքելություն է, որ պահանջում է անմնացորդ նվիրում, սրտացավություն և բարձր պատասխանատվություն։
Հոգատար համբերատարությամբ և անսահման բարությամբ դուք շարունակում եք իրականացնել ձեր առաքելությունն՝ ի նպաստ շահառուների ու հասարակության շրջանում սոցիալական համերաշխության ձևավորման: Քաջ գիտակցելով, որ շատ դեպքերում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց լքում են անգամ հարազատները, դուք գալիս եք բռնելու նրանց ձեռքից, գալիս եք նրանց փոխարեն խոսելու ու պահանջելու՝ հիշեցնելով բոլորին, որ նրանք մեր հասարակության մի կարևոր մասն են։
Օրը լավ առիթ է կրկին անգամ անդրադառնալու սոցիալական աշխատողի առաքելությանն ու նրա կարևոր դերակատարությանը մեր հասարակությունում: Օրը լավ առիթ է այդ մարդկանց անուն առ անուն շնորհակալություն հայտնելու և շնորհավորելու, որ նրանք մեր բոլորի փոխարեն ստանձնել են բարության ու հոգատարության առաջամարտիկի առաքելությունը:
Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ, ցանկանում եմ, որ երբևէ չկորցնեք հավատը Ձեր կարևոր աշխատանքի նկատմամբ, միշտ լինեք դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների կողքին, պահպանեք Ձեր մարդասիրությունն ու գթասրտությունը, որի կարիքն այնքան շատ ունի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդը:
Մաղթում եմ Ձեզ առողջություն և մասնագիտական նոր ձեռքբերումներ: