Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ
27.03.2019

Թատերարվեստի սիրելի գործիչներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:
Տոն, որը մեկ անգամ ևս առիթ է ամփոփելու և արժևորելու Ձեզ, Ձեր կատարած աշխատանքը, թատրոնի երախտավորներին ու նրանց թողած ավանդները: Այս օրը մեր մշակութային կյանքում սիրված ու սպասված տոներից է:
Թատրոնը մարդկության երազների, իղձերի ու վեհ գաղափարների կերտման, անցյալի ու ներկայի համամարդկային արժեքների բյուրեղացման մի ինքնատիպ քուրա է, որը սիրո, բարության, հայրենասիրության անվերաջանալի դասեր է տալիս:
Հայոց բազմադարյա պատմություն ունեցող թատերարվեստն այսօր արժանի հետևորդներ ունի և նրանց թվում մի գեղեցիկ աստղաբույլ են կազմում լոռեցի գործիչները: Լոռեցի տաղանդավոր թատերագետների, թատերագիրների, բեմադրիչների և դերասանների ստեղծագործական նվաճումների շնորհիվ է նաև, որ մեր մարզում ունենք կայացած, իրենց ճաշակն ու ավանդույթները հանրությանը պատշաճ կերպով մատուցող, գրեթե մեկդարյա ստեղծագործական ուղի անցած թատրոններ: Նրանց անցած փառավոր ուղու մասին են խոսում նաև բազմաթիվ նվաճումները միջազգային թատերական փառատոներում:
Թանկագին բարեկամներ, ձեզնից է կախված, թե ինչ ճաշակ ու ինչպիսի տրամադրություններ կձևավորեք հասարակության մեջ: Այս առումով ձեր ուսերին նաև մեծ պատասխանատվություն է դրված:
Կրկին անգամ շնորհավորելով ձեզ՝ թատերարվեստի՛ սիրելի գործիչներ, թատրոնում աշխատող և այս բարձրագույն արվեստին մոտ կանգնած սիրելի՛ հայրենակիցներ, մաղթում եմ ձեզ ստեղծագործական անհատնում եռանդ, երկարատև ստեղծագործական ուղի: