Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ
25.01.2019
Սիրելի՛ լոռեցիներ,
ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ:
Կազմավորվելով ազգային ազատագրական պայքարի ընթացքում՝ հայոց բանակն իր գոյության իրավունքը վաստակեց Արցախյան հերոսամարտում տոնած փառահեղ հաղթանակով:
Հայ ժողովրդի համար բանակը դարձավ արարման անհրաժեշտ գրավականը: Եվ հենց սա է պատճառը, որ ժողովուրդն էլ իր առանձնահատուկ վերաբերմունքն ունեցավ բանակի նկատմամբ:
Իրենց ներսում հազարամյակներով մտապահած զինվորական հմտությունները հայ ժողովուրդը վերհիշեց օրհասական մի ժամանակահատվածում, երբ խաղաղությունն ու ազգային ինքնությունը պահպանելու միակ առհավատչյան պետք է դառնար զինված պայքարը:
Հայկական զինված ուժերի 27-րդ տարեդարձը մենք տոնում ենք Նոր Հայաստանում: Նույն երկրում, սակայն ներքին և արտաքին քաղաքականության մեջ ցուցաբերած նոր մոտեցումներով, տրամագծորեն նոր համակարգի ներդրմամբ: Բանակի մարտունակության և պատրաստվածության մասին այլևս երկրորդ կարծիք չի շրջանառվում, սակայն տարածաշրջանի կայունության ու խաղաղության երաշխավորը դառնալու ճանապարհին անելիքները դեռ շատ են:
Հայոց բանակի շարքերում մեծ թիվ են կազմում նաև լոռեցիները, սպաներն ու շարքային զինծառայողները, ովքեր այսօր էլ իրենց ներդրումն են ունենում բանակի զարգացման գործում:
Այսօրը ևս մեկ առիթ է հիշելու մեր հերոս նահատակներին, որոնց կյանքի ու նվիրումի շնորհիվ է նաև կառուցվել ու կայացել մեր հայոց, մարտունակ բանակը:
Հավերժ փառք և հիշատակ մեր նահատակներին:
Խաղաղ երկինք ու ստեղծարար աշխատանք եմ մաղթում մեր ժողովրդին:
Շնորհավոր, տոնդ, Հայոց Բանակ: