Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Բերքի տոնի և Գյուղատնտեսի օրվա առթիվ

20.10.2018

Լոռու գյուղատնտեսության ոլորտի հարգելի՛ աշխատողներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսի օրվա և Լոռու ավանդական Բերքի տոնի առթիվ
Թանկագի՛ն բարեկամներ, ամբողջ տարվա ընթացքում մեզանում չկա մի տոն, որում չլինի ձեր մասնակցությունը՝ ձեր արդար աշխատանքի բերք ու բարիքներով: Այսօր էլ, ահա, ձեր տոնն է, և պատահական չէ, որ այն նշվում է աշնան ամենագունեղ այս օրերին, երբ բնությունն առատաձեռն վարձահատույց է եղել ձեզ՝ ձեր տքնաջան աշխատանքի դիմաց: Զուր չէ, որ հնուց ի վեր ձեր տքնանքի արդյունքը ժողովուրդը բնորոշում է «ապրել» իմաստով՝ այն անվանելով ԱՊՐՈՒՍՏ: Ուստի, շնորհավորանքի հետ, Լոռու բնակչության անունից ձեզ ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել, որ մեր լեռնաստանում դուք քարն ու ապառաժն արտի ու այգու վերածելով՝ ապրուստ եք ստեղծում ոչ միայն ձեր ընտանիքների, այլև բոլորիս համար:
Գյուղատնտեսությունն այսօր մեր երկրի տնտեսության կառուցվածքում ծանրակշիռ մասնաբաժին ունեցող ճյուղերից է: Միաժամանակ, ոլորտում առկա են համակարգային խնդիրներ: Ագրոբարեփոխումները մեզանում այլևս այլընտրանք չունեն: Մենք միասին պետք է առաջ շարժվենք և գյուղոլորտում քայլ առ քայլ ձևավորենք բիզնես վարելու նոր մտածողություն և նոր մշակույթ, գործուն քայլեր իրականացնենք «պետություն-արտադրող-վերամշակող» շղթայի կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ: Մենք հետևողականորեն շարունակելու ենք գյուղատնտեսության արդիականացմանն ու բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացումը: Ամենավատ բանը մեզանում համարվել է ուրիշի արդար քրտինքը յուրացնելը, ուրիշի արդար հացը խլելը, իշխանական տարբեր մակարդակներում գյուղացու կարծիքն անտեսելը, բյուրոկրատական քաշքշուկներ ստեղծելը՝ նրա արդարացի պահանջները հաշվի առնելու և լուծելու փոխարեն:
Ես ձեզ հավատացնում եմ, որ այսուհետ նմանօրինակ երևույթներ չեն լինելու: Այն ձեռքը, որն այսօր գրիչ է բռնում կամ որևէ փաստաթուղթ կնքելու իրավունքն ունի, լինելու է նույնքան մաքուր և արդար, ինչպիսին ձեր՝ բարիք ստեղծողներիդ ձեռքերն են: Ուստի, առիթից օգտվելով, նաև հորդորում եմ, որ հասարակական կյանքում լինեք ավելի ակտիվ, լինեք հպարտ ու արժանավոր, լինեք անհաշտ ու անզիջում ամեն մի վատ երևույթի և անօրինական արարք թույլ տվողի նկատմամբ: Շնորհավորում եմ բոլորիդ այս հիշարժան օրվա առթիվ` մաղթելով առողջություն, բարեկեցություն, առաջընթացի ձգտում, վստահություն սեփական ուժերի և հավատ՝ մեր ազատ ու անկախ երկրի ապագայի հանդեպ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38