Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարների օրվա առթիվ
05.10.2018
Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:
Գրքի նկատմամբ սերը մեզանում հաճախ հասել է պաշտամունքի աստիճանի ու, սերնդեսերունդ փոխանցվելով, հասել մինչև մեր օրերը։ Ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ այդ սերը ոչ միայն պահպանվում, այլև հարստանում է նոր, գեղեցիկ ավանդույթներով՝ հետաքրքիր միջոցառումներով, գրքերի քննարկումներով ու շնորհանդեսներով, հոբելյաններին, պետական և ազգային տոներին նվիրված ցերեկույթներով, գրողների հետ հանդիպումներ կազմակերպելով:
Ձեր՝ գրադարանավարներիդ ու մատենագետներիդ շնորհիվ է նաև, որ տեխնիկական առաջընթացի, ժամանակակից տեխնոլոգիաների ներկա պայմաններում մատաղ սերնդի, երիտասարդության շրջանում արթուն է գրքի, ընթերցանության նկատմամբ սերը։ Այն, որ կարդացած սերունդը վատը լինել չի կարող, անհերքելի ճշմարտություն է։ Եվ այս համատեքստում է, որ արժանի սերունդ դաստիարակելու գործում առավել կարևորվում է նաև ձեր առաքելությունը։
Այսօրվա երիտասարդները մեր երկրի ներկան ու ապագան դարբնող, հասարակական ու քաղաքական գործերին ակտիվորեն մասնակցող ու ղեկավարման հերթափոխն ընդունած այն սերունդն է, որի հետաքրքրության շրջանակն աննախադեպորեն ավելի լայն է: Այդ պահանջը բավարարելու գործում մեծ անելիքներ ունեն նաև գրադարանները:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ, քաջառողջություն, սեր և համերաշխություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին։