Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

20.09.2018

 Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ:
2018 թվականի Անկախության այս տոնը իր նախորդների համեմատ ամենապանծալի և նվիրականն է համայն հայության համար, քանի որ անկախության 27-ամյակը մենք նշում ենք նո՛ր Հայաստանում, ժողովրդի իրական իշխանությամբ ապրող Հայաստանում, համերաշխությամբ և սիրո հեղափոխությամբ վերածնված Հայաստանում:
27 տարի առաջ անկախության հռչակումով նոր դարաշրջան բացվեց ոչ միայն Հայաստանի, այլև հայության բոլոր հատվածների համար:
Աննախադեպ պատմական խիզախում էր մեր հաղթանակը Արցախյան գոյապայքարում: Մենք հպարտորեն ենք նշում, որ մարտական դիրքերում իրենց խիզախ ու անձնազոհ դրսևորեցին նաև հարյուրավոր լոռեցիներ:
Փառք, հանուն հայրենիքի ընկած անմահներին:
Այսօր հանրապետությունում և, իհարկե, մեր մարզում առավել քան հուսավառ է մեր ժողովուրդը: Դա մենք տեսնում ենք ամեն քայլափոխի, դա ես զգում եմ իմ ամենօրյա հանդիպումներում՝ գյուղատնտեսական դաշտերում, մշակույթի, կրթության ոլորտներում, շինհրապարակներում և այլուր:
Մենք որդեգրել ենք թափանցիկ և գործընկերային աշխատաոճ, և մարդիկ դա ողջունում են, քաղաքացիական կառույցներն ավելի ու ավելի են մասնակից դառնում ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործին, և մարդիկ դա ողջունում են, ոչ մի թերացում, ստվերոտ և ոչ մի երևույթ անպատասխան չի մնում, և մարդիկ հավատում են, որ իսկապես սկսվել է մի նոր կյանք, որտեղ գերակա դիրքեր են մղվում ազնիվ ու ճշմարիտ, արդար ու ստեղծարար նվիրումները:
Հարգելի համերկրացիներ, մենք միասին հաջողությամբ շարունակում ենք իրականացնել մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Միաժամանակ կյանքի ենք կոչում օրախնդիր՝ առաջնահերթ լուծում պահանջող տնտեսական, առողջապահական ու մշակութային, տուրիզմի զարգացման հիմնախնդիրներին ուղղված նոր ծրագրեր:
Մեր երկրի բոլոր ձեռքբերումներում, հաղթանակներում Լոռին անմասն չի եղել, և կասկած լինել չի կարող, որ այսուհետ ևս կունենանք մեր ծանրակշիռ ավանդը:
Կրկին շնորհավորում եմ Մեծ տոնի առթիվ, բոլորիս մաղթում եմ խաղաղ աշխատանք՝ ի բարօրություն մեր ընտանիքների և մեր երկրի:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Փա՜ռք հայոց Անկախությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53