Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյա տարելիցի կապակցությամբ

25.05.2018

Սիրելի՛ հայրենակիցներ:

 

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի պանծալի 100-ամյա տարելիցի կապակցությամբ:

100 տարի առաջ հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցավ բացառիկ իրադարձություն,  որին մեր ժողովուրդը երազել էր շուրջ ինը հարյուր տարի, որի համար իրենց կյանքն էին զոհաբերել ազգի նվիրյալ լավագույն զավակները:

Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը  իրավունք տվեցին և հնարավորություն ընձեռեցին աշխարհին ազդարարելու հայոց առաջին հանրապետության ստեղծման մասին: Մեր նախնիներն ապացուցեցին աշխարհին, որ հայ ժողովրդին ծնկի բերել հնարավոր չէ, որ նա պատրաստ է պայքարել հանուն հայրենիքի ազատության և պետականության վերականգնման: Լոռեցիներս հպարտությամբ ենք նշում, որ այդ ազատատենչ ոգին ուժ է տվել նաև մեր պապերին, ովքեր Սարդարապատի, Բաշ Ապարանի հերոսամարտերի հերոսների հետ ու նրանց պես թշնամու դեմ ծառս ելան Ղարաքիլիսայի մատույցներում:

Այդ պատմական հերոսամարտերը վերադարձրին հայ զինվորականի փառքը, մեր ժողովրդի հույսն ու հավատը՝ ապագայի հանդեպ:

Նախնիներից մեզ ավանդված ազատ ու անկախ հայրենիք ունենալու անկասելի տենչի, հայրենի սուրբ եզերքի նկատմամբ որդիական անդավաճան սիրո ապացույցներ էին Արցախյան գոյամարտերն ու մեր փառավոր հաղթանակը թշնամու նկրտումների դեմ, նաև՝ հայրենիքի սահմանների պաշտպանության դիրքերում կանգնած մեր զավակների  այսօրյա նվիրվածությունն ու անընկճելի քաջությունը:

Հայրենիքն ու նրա անկախությունը պաշտպանելու մարտական դիրքերում իրենց խիզախ ու անձնազոհ դրսևորեցին նաև լոռեցիները: Նրանց շարքերում եղան անմահներ, որոնք չխնայեցին ո՛չ իրենց, ո՛չ թշնամուն:

Այս տոնական օրը մենք հատուկ երախտագիտությամբ հիշում ենք մեր բոլոր նահատակներին, հայ ժողովրդի քաջ զավակներին, նրանց, ովքեր իրենց կյանքի գնով ճանապարհ հարթեցին մեր հայրենիքի պայծառ ու լուսավոր ապագայի համար, նրանց, ովքեր Արցախյան գոյապայքարում պաշտպանեցին հայրենիքն ու նրա անկախությունը, նրանց, ովքեր ընկան հայրենիքի սահմանները պաշտպանելիս:

Փա՜ռք նրանց անմար հիշատակին:

Սիրելի՛ հայրենակիցներ:

Մենք խորապես գիտակցում ենք, որ հաղթանակները նույնպես պաշտպանել է պետք: Ոստի, Հայոց բանակի շարունակական հզորացումը, նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, երկիրը տնտեսապես զորացնելը մեր սուրբ պարտքն է նախնիների և ապագա սերունդների առջև:

Մեր հայկազուն ոգին, դարերով կուտակված ազատասեր տենչանքի ավյունը, մեր արյան մեջ գտնվող Հայկերը, Վարդանները, Արաբոները, Անդրանիկներն ու Նժդեհները մշտապես կենսունակ պիտի լինեն թե՛ հայրենիքի սահմաններն անձեռնմխելու պահելու և թե ուսման մեջ ու արդար աշխատանքում:

Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՜ Հայոց հաղթական բանակը:

Փա՜ռք հայ ժողովրդին:

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53