Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը դպրոցական «Վերջին զանգի» առթիվ
23.05.2018
Հարգելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ:
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատության բոլոր դասախոսներին, ուսանողներին, հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին, նախադպրոցական հիմնարկների դաստիարակներին, դայակներին ու նրանց սաներին՝ուսումնական տարին հաջող ավարտելու առթիվ:
«Վերջին զանգի» հանդիսությունը հուզիչ պահեր է պարգևում ոչ միայն շրջանավարտներին, այլև՝ նրանց ծնողներին ու մանկավարժներին: Ավանդական այս տոնը հասունացման վկայության, երազանքների ու ծրագրերի մեկնարկի օր է, և ես յուրաքանչյուրիդ մաղթում եմ, որ դրանք իրականացված տեսնեք:
Մեր երկրում կրթությունն ու դաստիարակությունը բարենորոգման նոր փուլ են մտել և դրանց հաջողությամբ իրականացնելը պայմանավորված է բոլորիս՝ պետության, կրթության ոլորտը ղեկավարողների, մանկավարժների, սովորողների, ծնողների, ողջ հանրության մշտական հոգատարության և գործնական դրսևորումների առկայությամբ:
Այսօր ուսումնառության առաջին լուրջ շեմն անցնելով, կյանք է մտնում մի նոր սերունդ, հայրենիքի, հարազատ ժողովրդի նվիրական տեսլականների կառուցումը նոր եռանդով շարունակող սերունդը:
Դա այն սերունդն է, որ մի քանի տարուց փոխարինելու է ծնողներին, ժառանգելու է երկիրը իր հինավուրց մշակույթով, գիտությամբ, տնտեսությամբ, պետական ու հասարակական կառույցներով հանդերձ:
Դա անկախության սերունդն է, բարեկեցության և հզորացման ուղի ընտրած երկրի զավակներ, վաղվա մեր ղեկավարը, գիտնականը, մշակույթի գործիչը, երկրագործն ու քարից պղինձ ու հաց քամող մասնագետը:
Մենք վստահ ենք, որ ձեզնից յուրաքանչյուրն ինչ ճանապարհ էլ ընտրի, նախ և առաջ լինելու է Հայաստանի Հանրապետության պատվախնդիր քաղաքացի, ապրելու և գործելու է այն գիտակցությամբ, որ Հայաստանն է մեր տունը, մեր հարազատ օրրանը, և ձեր գիտելիքներն ու ավյունը նվիրաբերելու եք հայրենիքի բարօրության ու հզորացման համար:
Կրկին շնորհավորում եմ տոնական իրադարձության առթիվ, բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ ուսումնառության մեջ և աշխատանքում:
Բարի երթ ձեզ: