Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի Ամանորյա ուղերձը
27.12.2017
Թանկագին բարեկամներ:
Ամանորը միակ տոնն է, որն սկսվում է ընտանեկան հարկի տակ, ապա և շնորհավորանքներն ու մաղթանքները հղվում են հարազատներին ու հարևաններին, հեռվում ապրող բարեկամներին ու ծանոթներին:
Միակ տոնն է, որ ուրախություն, օրհնանք և մաղթանք է բերում բոլոր տարիքի մարդկանց՝ բոլորի կողմից:
Միակ տոնն է, որ համախմբում է մեզ տոնական սեղանների շուրջ, ստեղծում հույսի, հաշտության, բարության և կամեցողության մթնոլորտ:
Այս պահին յուրաքանչյուր ընտանիքում րոպեներն են հաշվում, և ուր որ է՝ կհնչեն Ամանորն ազդարարող զանգերն ու միլիոնավոր շուրթերից կհնչի նույն բառը՝ Շնորհավոր:
Սիրելի լոռեցիներ,
տարեմուտի շեմին ես կուզեի մեզանից յուրաքանչյուրը վաստակած մարդու հպարտությամբ հիշի, որ մեր երկրի կենսական կարևորության բոլոր բնագավառների և ոլորտների զարգացումների մեջ, նվաճումների ու ծառացած հիմնախնդիրների հաղթահարման գործում` կա՛ լոռեցիներիս տքնանքն ու ավանդը:
Անցնող տարում մենք հաջողություններ ունեցանք բոլոր բնագավառներում: Որոշ դեպքերում, եթե անգամ դրանք առավելագույնը չեղան, այնուամենայնիվ՝ ետընթացներ էլ չեղան և, ընդհանուր առմամբ, 2017 թվականն ապրեցինք զգալի վաստակով, իրականացրեցինք կարևորագույն ծրագրեր, որոնք հնարավորություն տվեցին նպաստելու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Դրանք կատարվեցին բոլորիս ջանադիր աշխատանքով:
Միաժամանակ, մենք գիտակցում ենք, որ գալիք տարում ևս մեր անելիքները շատ են, քանզի ամեն նոր տարի նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ է տալիս:
Նոր տարում ևս, հետևողականորեն շարունակելու ենք բարեփոխումների մեր ճանապարհը գյուղտնտեսության, արդյունաբերության, առողջապահության ու մշակույթի, կրթության և տեղեկատվական ոլորտների, տուրիզմի և զբոսաշրջության զարգացման ուղիներով:
«Միայն թե խաղաղություն լինի»,- դարեր շարունակ մաղթել են մեր պապերն ու ապացուցել, որ խաղաղ երկնքի տակ իրենք ունակ են շենացնելու հայրենի բնաշխարհը, համեմատվել ուզած երկրի հետ, մրցակցել հզորների հետ, նվաճել տնտեսական ու մշակութային այնպիսի բնագծեր, որոնք մինչև այդ աննվաճ էին:
«Միայն թե խաղաղություն լինի»,- կրկնում ենք մենք՝ լիովին վստահ մեր գիտելիքներին, վստահ մեր շենացնող բազկին, մեր մտքի սլացքին:
Ուստի, սիրելի՛ լոռեցիներ, Ամանորի առթիվ առանձնահատուկ ջերմությամբ ու սիրով շնորհավորենք մեր խաղաղության պաշտպաններին` Հայոց բանակում ծառայող, պաշտպանական դիրքերում և զորամասերում, մարտական հենակետերում Ամանորը դիմավորող մեր զինվորներին և հրամանատարներին:
Շնորհավորենք հասարակական կարգուկանոնի, առաջին իսկ ահազանգի դեպքում մարդկանց օգնության հասնելու դիրքերում կանգնած ծառայողներին ու բուժաշխատողներին:
Հաջողություններ մաղթենք երկրագործին, արհեստավորին, հանքափորին ու մետալուրգին, ուսուցչին ու մշակույթի գործչին:
Խոնարհվելով օրհնանք ստանանք և երախտագիտորեն երկար տարիների կյանք մաղթենք մեր ծնողներին, վաստակաշատ պապիկներին ու տատիկներին, նրանց սիրասուն թոռուծոռներին:
Շնորհավորենք հեռվում գտնվող բոլոր լոռեցիներին, ցանկանանք նրանց շուտափույթ վերադարձ` հայրենի օջախներ:
Տա Աստված, որ նոր տարվա սեղանների շուրջ արտահայտվող մեր բարեկամեցողությունն ու օրհնանքը ուղեկցի մեզ ամբողջ տարվա ընթացքում:
Թող այս Ամանորը սիրո, բարության ու սպասելիքների մի նոր ակունք դառնա, բոլոր ընտանիքներում իշխող լինի ջերմությունը, համախմբվածությունն ու համերաշխությունը:
Թող 2018 թվականը լինի խաղաղ աշխատանքի, բարեկեցության բարձրացման, հարսանիքների, ծնունդների, երազանքների իրականացման և անկորուստ տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: