Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ուսուցիչների օրվա կապակցությամբ
05.10.2017
Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Մեր հասարակական կյանքում դուք մշտապես ունեցել եք ձեր ամենապատվավոր ու հարգալից տեղը, քանի որ նոր սերնդին տալիս եք ոչ միայն գիտելիքներ, այլև ավանդում եք մեր ժողովրդի ամենանվիրական տեսլականները՝ հայրենասիրության դարավոր ոգին, հայրենիքի արժանավոր քաղաքացին ու զինվորը լինելու բարձր գիտակցումը: Մեր պետության հզորացման և ազգային իղձերի իրականացման գործում կարևոր ենք համարում ձեզնից յուրաքանչյուրի կատարած աշխատանքը:
Նույնքան գնահատում և կարևորում ենք նաև բարձրագույն և միջին մասնագիտական կրթության հաստատությունների մանկավարժների, նախադպրոցական հիմնարկների դաստիարակների առաքելությունն ու վաստակը:
Դուք գիտեք, որ կրթության ոլորտը մեզանում մշտապես բարենորոգվում է՝ ի շահ եկող սերունդների, ի շահ վաղվա օրվա: Եվ ինչպես յուրաքանչյուր ընտանիքի համար թանկ են իր երեխաները, հանրության համար նույնքան թանկ եք դուք՝ այդ երեխաների միտքն ու հոգին դարբնող մանկավարժներդ:
Մենք գիտակցում ենք, որ հանրակրթության առկա խնդիրները յուրաքանչյուրիս ընտանիքի և մեր ընդհանուր ապագայի խնդիրն է, որի լուծումը մենք տալիս ենք և տալու ենք մեր միասնական ու հետևողական աշխատանքով:
Վստահ ենք, որ ի դեմս ձեզ, մենք ունենք մասնագիտական բարձր կարողությունների տեր մանկավարժներ , որոնց հուսալի ձեռքերում է նոր սերնդի կրթության ու դաստիարակության կարևորագույն գործը:
Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում քաջառողջություն և աշխատանքային հաջողություններ: