Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը երկաթուղայինների օրվա կապակցությամբ
04.08.2017
Հարգելի երկաթուղայիններ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ:
Այս տարի, ձեզ հետ միասին, մենք նշում ենք Հայաստանի երկաթուղայինների երեք հոբեյլան՝ Ալեքսանդրապոլից Երևանի կայարան առաջին գնացքի ժամանման 115-ամյակը, Ջաջուռի թունելի կառուցման 120-ամյակը, Հայաստանի երկաթուղու էլեկտրաֆիկացման 50-ամյակը:
1898 թ.-ից ի վեր, երբ Լոռու ձորում սկսվեց երկաթուղու շինարարությունը, հնամենի Դեբետի խշշոցի հետ անբաժանելի դարձան «երկաթե նժույգների» միալար դոփյուններն ու քարշիչների սուլոցները: Խոստովանենք, որ բոլոր սերունդներն էլ հմայվել են մեր չքնաղ ձորում բարձաթռիչք կամուջներով ու թունելներով անցնող գնացքների երթևեկությամբ:
Տասնամյակներ շարունակ հայ երկաթուղայինները՝ նրանց շարքերում լոռեցիները, թունելակամրջային շինարարից մինչև գնացք կազմողը, սլաքավարն ու մեքենավարը, աչքի են ընկել մասնագիտական մեծ հմտություններով, իմացությամբ և տոկունությամբ:
Անգնահատելի է նրանց վաստակը առաջին և երկրորդ աշխարհամարտերի ընթացքում՝ ռազմաճակատներին հարկավոր բեռներ հասցնելու, իսկ խաղաղ տարիներին հայրենի եզերքը վերակառուցելու, հզորացնելու, լոռեցի արդյունաբերողի աշխատանքի արդյունքը հազարավոր հասցեներով առաքելու գործում:
Դժվարությունները, որոնք այսօր կաշկանդում են մեր երկաթուղուն, համոզված եմ, ժամանակավոր են և անցողիկ: Մեր սերուդը տեսնելու է հայոց եռագույնով այն գնացքները, որոնք անկաշկանդ են սուրալու:
Կրկին շնորհավորում եմ Ձեր տոնը, հոբելյանական տարելիցերը, մաղթում եմ քաջառողջություն, աշխատանքային նորանոր հաջողություններ: