Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ

06.05.2017

 Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ վետերաններ,
Այսօր մեծ հաղթանակների տոն է, ազատության, անկախության, հանուն հայրենիքի մղված գոյամարտերի հաղթանակների, նվիրական օրերի հիշատակման պանծալի եռատոն:
Այդ հաղթանակներից մեկը մեր պապերի սխրանքի արդյունքն է, երբ բազմազգ բանակի շարքերում հերոսաբար մասնակցեցին մարդկության ամենամեծ ոճրագործի՝ ֆաշիզմի դեմ մղված պատերազմին և 72 տարի առաջ անմոռանալի հաղթանակ տոնեցին՝ սերուդներին ավանդելով հայրենասիրության վառ օրինակներ: Այսօրվա տոները խորհրդանշվում են նաև մեր նորօրյա պատմության գոյապայքարում անօրինակ, փառապանծ հաղթանակի՝ համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ մտած Շուշիի ազատագրման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի ստեղծման 25-ամյակների և, մայիսի 8-ին նշվող, Երկրապահների օրվա լուսապսակներով:
Մայիսի 9-ը մեր ազգային-ազատագրական պայքարում համայն հայության հաղթանակի օրն է, երբ հայ ժողովրդի բոլոր հատվածները համախմբվեցին Արցախի պաշտպանության վեհ գաղափարի շուրջ՝ դառնալով մի բռունցք, մի մարմին ու մի ոգի:
Այս տոնական օրը մենք նախևառաջ գլուխ ենք խոնարհում հանուն հայրենիքի ազատության նահատակված բոլոր քաջ հայորդիների պայծառ հիշատակի առջև: Հավե՛րժ փառք մեր նահատակներին:
Այս նվիրական օրը մենք կոչում ենք ապրողաց, նրանց, ովքեր թիկունքում ու մարտադաշտում մասնակից եղան հերոսական պայքարին և այսօր վայելում են հաղթանակի բերկրանքը, նրանց, ովքեր աչալուրջ և աննահանջ այսօր կանգնած են հայրենիքի սահմանների պաշտպանության դիրքերում, նրանց, ովքեր զորացնում են մեր բանակը և նրանց, ովքեր գալիս են հերթափոխելու իրենց ավագներին:
Փա՛ռք մեր աննկուն ժողովրդին:
Մեր անցած ճանապարհի պատմական դասերը, սահմանին տիրող լարված իրավիճակը, հակառակորդին խաղաղություն պարտադրելու հրամայականը և էլ ավելի զորեղ բանակ ունենալու անհրժեշտությունը տրամաբանորեն առաջ մղեցին այն գաղափարը, որը տարիներ շարունակ կար ամեն մեկիս մտքում և հոգում, տարիներ շարունակ ձգտում ենք դրան, սակայն, այդ ոգուն մարմին տալը գործնականում դեռ չէր ձևավորվել: Եվ, ահա, իրականացավ դա՝ «Ազգ-բանակ» միասնության վերջերս տեղի ունեցած համաժողովով: Դրանում քննարկված նախաձեռնություններին, ինչպես նաև «Պատիվ ունեմ» և «Ես եմ» նախագծերի իրականացումն է մեկնարկել մեր ժողովուրդը և, իհարկե, մենք՝ լոռեցիներս:
Բանակին մշտապես զորավիգ լինելու, մատաղ սերնդին ճշմարիտ հայրենասիրությամբ դաստիարակելու և տոգորելու, մեր հաղթանակները պահպանելու, մեր սուրբ հողը վտանգի պահին պաշտպանելու գործում ամեն մեկս պետք է ունենանք մեր ավանդը և նվաճենք այդ վեհ իրավունքը ասելու համար՝
ԵՍ ԵՄ: ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ:
-Ե´ս եմ: Պատիվ ունեմ զինվոր լինելու:
-Ե´ս եմ: Պատիվ ունեմ զինվոր ծնելու:
-Ե´ս եմ: Պատիվ ունեմ ժառանգելու հայրենիքս ու նրա պատմությունը և անկորուստ, անաղարտ ու հզոր հանձնելու այդ սրբություններն իմ զավակներին:
Փա՜ռք, հայոց սերունդների ազատասեր ոգուն ու նրա հաղթական բազկին:
Փա՜ռք, հայրենիքի պաշտպանության և ազատության համար նահատակված մեր հերոսներին:
Փա՜ռք հայոց հաղթական բանակին:
Շնորհավոր հաղթանակների տոնը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38