Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի Ամանորյա ուղերձը

28.12.2016

 
Թանկագին բարեկամներ, լոռեցիներ:
Ժամացույցների զանգերը կազդարարեն 2017 թվականի գալուստը, և մենք շնորհավորանքի ջերմ խոսքեր կասենք միմյանց:
Սա է մեր մարդասեր բնույթը, և ես կցանկանայի, որ նոր տարվա սեղանների շուրջ արտահայտվող մեր բարեկամեցողությունը ուղեկցեր մեզ ամբողջ տարվա ընթացքում:
Սիրելի լոռեցիներ,
տարեմուտի շեմին ես կուզեի մեզանից յուրաքանչյուրը գոհունակությամբ ու վաստակած հպարտությամբ հիշի, որ մեր երկրի կենսական կարևորության բոլոր բնագավառների և ոլորտների զարգացումների մեջ, յուրաքանչյուր նվաճման և ծառացած հիմնախնդիրների հաղթահարման գործում` կա՛ լոռեցիներիս տքնանքն ու ավանդը:
Անցնող տարում մենք հաջողություններ ունեցանք գյուղատնտեսության, արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկատիրության, տուրիզմի զարգացման բնագավառներում՝ իրականացնելով կարևոր ծրագրեր, որոնք հնարավորություն տվեցին նպաստելու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Դրանք կատարվեցին բոլորիս ջանադիր աշխատանքով:
Ոչ վաղ անցյալում մենք խոսում էինք միջհամայնքային Ստեփանավան – Ագարակ – Օձուն ճանապարհի բարեկարգման կարևորության մասին:
Այսօր արդեն այդ ճանապարհը հիմնովին վերանորոգված է և անվտանգ երթևեկություն է ապահովում:
Ոչ վաղ անցյալում մենք խոսում էինք միջպետական` Վանաձոր – Ալավերդի - Վրաստանի սահման ճանապարհը հիմնովին վերակառուցելու, բարեկարգելու անհրաժեշտության մասին:
Այսօր արդեն, միջպետական այդ ճանապարհը հիմնանորոգվում և արդիականացվում է: Մոտ ապագայում մենք կունենանք եռաշերտ, երթևեկելու լայն գոտի ունեցող, հուսալի թունելներով անցնող բարձրակարգ ճանապարհ:
Ոչ վաղ անցյալում մենք խոսում էինք մարզում բարվոք պայմաններ ունեցող բժշկական կենտրոն ունենալու մասին:
Այսօր արդեն, մենք մտածում ենք, թե առաջիկա ամիսներին ե՞րբ և ո՞ր օրն է հարմար լինելու հանդիսավորապես բացելու Վանաձորի արդիականացված, իր բոլոր ենթակառուցվածքներով ժամանակակից նորակառույց բժշկական համալիրը:
Ոչ վաղ անցյալում մենք խոսում էինք տեխնոկենտրոն ունենալու մասին:
Այսօր արդեն Լոռու մարզկենտրոնում գործում է միջազգային չափորոշիչներին համապատասխան տեխնոկենտրոնը:
Այս ձեռքբերումները վկայում են, որ մենք տարեմուտը նշում ենք ո´չ դատարկ ձեռքերով, ո´չ անարդյունք, միաժամանակ, գիտակցում ենք, որ գալիք տարում ևս մեր անելիքները շատ են, քանզի ամեն նոր տարի, նոր մեկնարկների հնարավորութ-յուններ է տալիս:
Նոր տարում ևս, կրթության և տեղեկատվական ոլորտների զարգացմամբ մենք հետևողականորեն շարունակելու ենք բարեփոխումների մեր ճանապարհը:
Նախատեսում ենք ավարտին հասցնել Դեբեդ գյուղի հարակից տարածքում «Սմարթ» ուսումնական կենտրոնի կառուցումը, նախատեսում ենք Վանաձորում հիմնել Երևանի «Թումո» կենտրոնի մասնաճյուղ և հավաստիացնում եմ, որ շուտով դրանք իրողություն կդառնան:
Տեղեկատվական տեխնոլոգիաների այդ երեք կենտրոններն ամբողջական շղթա կազմելով մարզի զարգացման յուրատեսակ հենասյուները կհանդիսանան, ուստիև, որպես առաջընթացի տրամաբանական շարունակություն, մենք որոշեցինք Լոռու մարզը 2017 թվականին հայտարարել «Սմարթ» մարզ՝ գերակա խնդիրներից մեկը համարելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը` բոլոր բնա-գավառներում: Այս ուղղությամբ արդեն իսկ կարևոր նախաձեռնություններ են կյանքի կոչվում:
Եկող տարվանից մենք լծվում ենք անչափ կարևոր գործի՝ յուրաքանչյուր համայնքի և տարածաշրջանի առաջընթացի հիմք հանդիսացող 2017-2025 թվականների տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրի իրականացմանը: Համոզված եմ, որ մենք, լոռեցու աշխատասիրությամբ, լոռեցու աշխարհաշեն կամքով կյանքի կկոչենք այդ ծրագիրը և առաջ կշարժվենք հաստատուն քայլերով: Ուստիև, մեր պապերի ու ծնողների պես եկեք մաղթենք` միայն թե խաղաղություն լինի, մենք մեր աշխարը կշենացնենք մե´ր ձեռքերով:
Հետևաբար, սիրելի՛ լոռեցիներ, Ամանորի առթիվ առանձնահատուկ և ջերմորեն շնորհավորենք մեր խաղաղության պաշտպաններին` Հայոց բանակում ծառայող, պաշտպանական դիրքերում և զորամասերում, մարտական հենակետերում Ամանորը դիմավորող մեր զինվորներին և հրամանատարներին:
Շնորհավորենք բոլոր նրանց, ովքեր հասարակական կարգ ու կանոնի պահպանության, առաջին իսկ ահազանգի դեպքում մարդկանց օգնության հասնելու, առողջապահության և նոր սերդի կրթության դիրքերում են:
Շնորհավորենք և երկար տարիների կյանք մաղթենք մեր ծնողներին, վաստակաշատ պապիկներին ու տատիկներին, նրանց սիրասուն թոռուծոռներին:
Շնորհավորենք բոլոր լոռեցիներին, որտեղ էլ, որ նրանք հիմա գտնվում են և բոլորին ցանկանանք բարի, շուտափույթ վերադարձ` հայրենի օջախներ:
Ամանորը սիրո, բարության ու սպասելիքների տոն է, ուստի մաղթում եմ, որ մեր բոլորի ընտանիքներում գալիք տարում իշխող լինի սերն ու ջերմությունը, համախմբվածությունն ու համերաշխությունը:
Մաղթում եմ աներեր հավատ մեր Հայրենիքի և սեփական ապագայի հանդեպ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00