Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը ՏԻՄ 20-րդ ամյակի կապակցությամբ

09.11.2016

Հարգելի գործընկերներ` Լոռու մարզի համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 20-րդ ամյակի առթիվ:

1996 թվականին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որով մեր նորանկախ երկրում դրվեցին տեղական ժողովրդավարության հիմքերը։
Տեղական ինքնակառավարման մարմինների համար անցած տասնամյակները եղան կայացման ու կայունացման, դժվարությունների հաղթահարման ու ձեռքբերումների ընթացք, որում նրանք կոփվեցին, դարձան ժողովրդավարության և հանրապետության քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտներից մեկը:
Ժողովրդավարական պետականաշինության այդ պատմական գործընթացին ակտիվ մասնակցություն և դերակատարություն ունեցան նաև Լոռու մարզի համայնքների ինքնակառավարման մարմինները: Քսան տարի շարունակ մեր համայնքների ղեկավարներն ու աշխատակիցները, ավագանիների անդամները եղել են իրենց համայնքների բնակիչների կողքին` ուս ուսի հաղթահարելով դժվարությունները, քայլառքայլ շարժվելով ամենօրյա խնդիրների լուծումներից դեպի համայնքի անդամների բարեկեցության ու արժանավայել կյանքի ապահովում:
Այսօր, ի մի բերելով անցած քսանամյակի արդյունքներն ու մեր հետագա առաջընթացի ծրագրերն ու նախատեսումները, կրկին համոզվում ենք, որ ՏԻՄ-ը, լինելով կառավարման համակարգի կարևորագույն բաղկացուցիչ, հաջողությամբ լուծեց պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ներդաշնակեցման կարևորագույն խնդիրը` պետությունն իբրև գործընկեր ունենալու համար: Մենք մեր փորձով համոզվեցինք, որ տեղական ինքնակառավարումը, լինելով պետության կարևոր ինստիտուտներից մեկը, նաև քաղաքացիների համար իրական հնարավորություն է՝ իրացնելու իրենց իրավունքները, ապահովելու նրանց մասնակցությունը հիմնարար հարցերին լուծում գտնելու գործընթացներում, զարգացնելու ինքնակազմակերպումն ու նախաձեռնողականությունը:
Հարգելի գործընկերներ, պետության համար շարունակում է առաջնային մնալ տարածքների համաչափ զարգացման ապահովումը: Այդ նպատակով մշակվել է ՀՀ տարածքների զարգացման հայեցակարգը, որը թույլ է տալիս այս կամ այն ծրագրի իրականացումը դիտարկել տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից: Համաչափ զարգացումը բազմաթիվ այլ ուղղությունների շարքում ենթադրում է նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների և արդյունավետ գյուղատնտեսության զարգացում:
Լոռու մարզում, վերջին տարիներին, հատկապես ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, նկատելի աշխատանքեր են կատարվել: Իրականացվել են ճանապարհաշինական և ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման բազմաթիվ ծրագրեր, զգալի ջանքեր են գործադրվել գյուղական համայնքների, դրանց տնտեսական հնարավորությունների զարգացման, գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ուղղություններով, շարունակվում են կրթական, սոցիալական, մշակութային ոլորտներում ներդրումները, կառուցվում և արդիականացվում են բուժհաստատությունները` ավելացնելով որակյալ բուժծառայություններ ստանալու հնարավորությունները:
Մեր նպատակն է ունենալ առավել կենսունակ, խոշոր ու ֆինանսապես կայուն համայնքներ, տեղական մակարդակում թափանցիկ և արդար կառավարում, հասնել նրան, որ բնակչությունն իր կենսագործունեության համար առաջնային խնդիրները կարողանա լուծել հենց տեղերում` տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար:
Այս գործընթացը կլինի շարունակական՝ մշտապես կատարելագործվելու ակնկալիքով: Ուժեղ համայնք նշանակում է ուժեղ պետություն, բարեկեցիկ հասարակություն: Մենք այդ ուղու վրա ենք և անկասելի է մեր ընթացքը:
Կրկին շնորհավորում եմ 20-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում` նորանոր նվաճումներ հանուն մեր հայրենիքի հզորացման, մեր մարզի և նրա համայնքների զարգացման և յուրաքանչյուր օջախի շենացման:

 

 

 




։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38