Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2016թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԹԻՎ

12.10.2016

Հարգելի բարեկամներ,

ՀՀ Սահմանադրության փոփոխություններից հետո 2016թ.- ի հոկտեմբերի 2-ին Լոռու մարզում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն, իրենց աշխարհագրական ընդգրկումով և, մանավանդ, Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարության կայունացման նոր սկզբունքների կիրառմամբ,  աննախադեպ և բացառիկ էին մարզի պատմության մեջ:  Մարզում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին  89 համայնքում, ընդ որում`դրանցից 13-ում ընտրվեց ավագանի, 73-ում` համայնքի ղեկավար և ավագանի, իսկ 3-ում` համայնքի ղեկավար:

Կազմակերպչական առումով, այս ընտրությունների անցկացումը ուժերի մեծ լարում և արտակարգ  պատասխանատվություն պահանջող դժվարին գործընթաց էր,  որը հաջողությամբ իրականացվեց ընտրական հանձնաժողովների, մարզային և համայնքային ղեկավար կառույցների կողմից:

Ընտրությունները բաց և թափանցիկ, առանց ավելորդ ցնցումների, արժանապատիվ և քաղաքակիրթ  անցկացնելու գործում իրենց ավանդն  ունեցան  իրավապահ մարմինները, հասարակական կազմակերպությունները, տեղական և միջազգային կառույցների դիտորդները, քաղաքական շահագրգիռ կազմակերպություններն ու զանգվածային լրատվամիջոցները: Գոհունակությամբ նշելով այս մասին, խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին` նկատելով, որ դա ոչ միայն պետական և քաղաքացիական հասարակության  կառույցների միջև փոխգործակցության աննախադեպ օրինակ էր, այլև ժողովրդավարության սկզբունքների կայունացման ճանապարհին միասին կատարած հաստատուն քայլ:

Լոռու մարզում անցկացված ՏԻՄ ընտրությունների կիզակետը, քաղաքական առումով, Վանաձորն էր, որտեղ առաջին անգամ ընտրություններն անցկացվեցին համամասնական ընտրակարգով:  Մարզկենտրոնում ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել ութ կուսակցություն և, պետք է ասել, որ քաղաքական թիմերի և նաև ընտրողների համար տեղական կառավարման մարմնի այս ընտրությունը  նոր կարգով կատարելը  քաղաքացիական  յուրատեսակ քննություն էր` մարզկենտրոնում քաղաքական պայքարի նոր մշակույթ ձևավորելու պատասխանատվությամբ:

Դատելով քաղաքական ուժերի կողմից քարոզարշավում կիրառած  ձևերի և մեթոդների բազմաձևությունից, միմյանց նկատմամբ հանդուրժողականության դրսևորման, բանավիճելու, իրենց ծրագրերը ներկայացնելու բազմակերպ դրսևորումներից, արդեն իսկ ուրվագծվում է, որ Վանաձորը մտնում  է քաղաքական պայքարի, ժողովրդավարական կյանքի մի նոր փուլ, որի առաջնաքայլերում ձեռք բերված կառուցողական դրական կողմերը զարգացման և ամրապնդման լուրջ հիմքեր ունեն:

Ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են, օրինական ուժ են ստացել, և  ես ջերմորեն շնորհավորում եմ ՏԻՄ ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստացած բոլոր արժանավորներին:

Հարգելի գործընկերներ, համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը խորապես  գիտակցում է հարազատ համայնքի զարգացման ու ժողովրդի հարաճուն բարեկեցության գործի համար իր անձնական մեծ պատասխանատվությունը:

Չկա ավելի մեծ պատիվ, քան ժողովրդի ընտրյալը լինելը: Չկա ավելի վեհ  պարտականություն, քան ժողովրդին ծառայելը:  Ժողովրդի հավատն առ քեզ սասանելը, հուսախաբ անելը չի ներվում ոչ Աստծո և ոչ մարդկանց  կողմից:

Հուսով եմ, որ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված  յուրաքանչյուր ոք, աշխատանքային առաջին իսկ օրից, իրեն պարտավորված  կզգա ամեն մի համագյուղացու կամ համաքաղաքացու  հանդեպ, անկախ այն բանից` իր օգտի՞ն է նա ձայն տվել, թե՞ մրցակցի:

Եթե մեզ համար թանկ է հայրենիքը, նրա պատմությունն  ու ապագան, ապա այդ  գինը չպետք է նվազի, երբ գործ ունենք համայնքի պատմության ու նրա հուսալի ապագան պայմանավորող  մեծ, թե փոքր խնդիրների լուծման հետ, նրա աղբյուրի, թե՝ հորդառատ գետի հետ, ծառի, թե` անտառի հետ, թոթովախոս երեխային, թե՝ ծերունուն հուզող խնդիրների հետ:

Կրկին շնորհավորում եմ նորընտիր ավագանիների բոլոր անդամներին, համայնքների ղեկավարներին, մաղթում եմ աշխատանքային մեծ հաջողություններ` հօգուտ լոռեցիների, ի փառս հայրենիքի:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59