Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2016թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԹԻՎ
12.10.2016
Հարգելի բարեկամներ,
ՀՀ Սահմանադրության փոփոխություններից հետո 2016թ.- ի հոկտեմբերի 2-ին Լոռու մարզում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն, իրենց աշխարհագրական ընդգրկումով և, մանավանդ, Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարության կայունացման նոր սկզբունքների կիրառմամբ, աննախադեպ և բացառիկ էին մարզի պատմության մեջ: Մարզում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին 89 համայնքում, ընդ որում`դրանցից 13-ում ընտրվեց ավագանի, 73-ում` համայնքի ղեկավար և ավագանի, իսկ 3-ում` համայնքի ղեկավար:
Կազմակերպչական առումով, այս ընտրությունների անցկացումը ուժերի մեծ լարում և արտակարգ պատասխանատվություն պահանջող դժվարին գործընթաց էր, որը հաջողությամբ իրականացվեց ընտրական հանձնաժողովների, մարզային և համայնքային ղեկավար կառույցների կողմից:
Ընտրությունները բաց և թափանցիկ, առանց ավելորդ ցնցումների, արժանապատիվ և քաղաքակիրթ անցկացնելու գործում իրենց ավանդն ունեցան իրավապահ մարմինները, հասարակական կազմակերպությունները, տեղական և միջազգային կառույցների դիտորդները, քաղաքական շահագրգիռ կազմակերպություններն ու զանգվածային լրատվամիջոցները: Գոհունակությամբ նշելով այս մասին, խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին` նկատելով, որ դա ոչ միայն պետական և քաղաքացիական հասարակության կառույցների միջև փոխգործակցության աննախադեպ օրինակ էր, այլև ժողովրդավարության սկզբունքների կայունացման ճանապարհին միասին կատարած հաստատուն քայլ:
Լոռու մարզում անցկացված ՏԻՄ ընտրությունների կիզակետը, քաղաքական առումով, Վանաձորն էր, որտեղ առաջին անգամ ընտրություններն անցկացվեցին համամասնական ընտրակարգով: Մարզկենտրոնում ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել ութ կուսակցություն և, պետք է ասել, որ քաղաքական թիմերի և նաև ընտրողների համար տեղական կառավարման մարմնի այս ընտրությունը նոր կարգով կատարելը քաղաքացիական յուրատեսակ քննություն էր` մարզկենտրոնում քաղաքական պայքարի նոր մշակույթ ձևավորելու պատասխանատվությամբ:
Դատելով քաղաքական ուժերի կողմից քարոզարշավում կիրառած ձևերի և մեթոդների բազմաձևությունից, միմյանց նկատմամբ հանդուրժողականության դրսևորման, բանավիճելու, իրենց ծրագրերը ներկայացնելու բազմակերպ դրսևորումներից, արդեն իսկ ուրվագծվում է, որ Վանաձորը մտնում է քաղաքական պայքարի, ժողովրդավարական կյանքի մի նոր փուլ, որի առաջնաքայլերում ձեռք բերված կառուցողական դրական կողմերը զարգացման և ամրապնդման լուրջ հիմքեր ունեն:
Ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են, օրինական ուժ են ստացել, և ես ջերմորեն շնորհավորում եմ ՏԻՄ ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստացած բոլոր արժանավորներին:
Հարգելի գործընկերներ, համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը խորապես գիտակցում է հարազատ համայնքի զարգացման ու ժողովրդի հարաճուն բարեկեցության գործի համար իր անձնական մեծ պատասխանատվությունը:
Չկա ավելի մեծ պատիվ, քան ժողովրդի ընտրյալը լինելը: Չկա ավելի վեհ պարտականություն, քան ժողովրդին ծառայելը: Ժողովրդի հավատն առ քեզ սասանելը, հուսախաբ անելը չի ներվում ոչ Աստծո և ոչ մարդկանց կողմից:
Հուսով եմ, որ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված յուրաքանչյուր ոք, աշխատանքային առաջին իսկ օրից, իրեն պարտավորված կզգա ամեն մի համագյուղացու կամ համաքաղաքացու հանդեպ, անկախ այն բանից` իր օգտի՞ն է նա ձայն տվել, թե՞ մրցակցի:
Եթե մեզ համար թանկ է հայրենիքը, նրա պատմությունն ու ապագան, ապա այդ գինը չպետք է նվազի, երբ գործ ունենք համայնքի պատմության ու նրա հուսալի ապագան պայմանավորող մեծ, թե փոքր խնդիրների լուծման հետ, նրա աղբյուրի, թե՝ հորդառատ գետի հետ, ծառի, թե` անտառի հետ, թոթովախոս երեխային, թե՝ ծերունուն հուզող խնդիրների հետ:
Կրկին շնորհավորում եմ նորընտիր ավագանիների բոլոր անդամներին, համայնքների ղեկավարներին, մաղթում եմ աշխատանքային մեծ հաջողություններ` հօգուտ լոռեցիների, ի փառս հայրենիքի: