Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

20.09.2016

Սիրելի հայրենակիցներ:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ:

Անկախության օրը ամենապանծալի և նվիրական տոնն է համայն հայության համար:

Երբ հիշում ենք, թե մաքառումների ինչպիսի  պայմաններում հռչակվեց մեր հայրենիքի անկախությունը, է՛լ ավելի է վեհանում մեր ժողովրդի կամքի անսասան ուժն ու է՛լ ավելի է սրբանում անկախության խորհուրդը:

Դա, հիրավի, ճակատագրին նետված մարտահրավեր էր, աննախադեպ պատմական խիզախում, որ անջնջելի կմնա ոչ միայն մեր, այլև մոլորակի ճնշված ու հալածված ազատասեր ժողովուրդների կողմից հանուն անկախության մղած պայքարների պատմության մեջ:

Եվ մենք հաղթեցինք: Հաղթեց մեր հայկազուն ոգին, հաղթեց դարերով կուտակված ազատասեր տենչանքի ավյունը, հաղթեցին մեր արյան մեջ գտնվող Հայկերը, Վարդանները, Արաբոները, Անդրանիկներն ու Նժդեհները:

Հայրենիքն ու նրա անկախությունը պաշտպանելու մարտական դիրքերում իրենց խիզախ ու անձնազոհ դրսևորեցին նաև լոռեցիները: Նրանց շարքերում եղան անմահներ, որոնք չխնայեցին ո՛չ իրենց, ո՛չ թշնամուն:

Փառք, հանուն հայրենիքի ընկած անմահներին:

Լոռին, որ ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնն էր ու ծվարել էր ցուրտումութ տնակներում, չսասանվեց, չկասկածեց, չընկճվեց ու չխեղճացավ, այլ հառնեց լոռեցիավարի,  ռազմաճակատում՝  որպես քաջարի զինվոր, հնոցի առջև՝ որպես հմուտ մետալուրգ, հանդ ու արտում՝ որպես մաճկալ, նկարակալի, գրասեղանի մոտ ու  բեմում՝ որպես արարող, դպրոցներում՝ որպես աշակերտ և ուսուցիչ:

Մենք ծանր տարիներ ապրեցինք՝ կռելով մեր բախտը, որն այսօր բնութագրվում է հակիրճ, բայց պերճախոս բառերով՝ անկախության հաղթանակ, հաղթանակների անկախությու՛ն:

Անցած քառորդդարյա ճանապարհը, դժվարին լինելով հանդերձ, Լոռու մարզում արգասաբեր է եղել: Մենք մեր ազնիվ աշխատանքով բուժեցինք   երկրաշարժի և պատերազմի հասցրած վերքերը, նորովի տեսքի բերեցինք մեր քաղաքներն ու գյուղերը: Կառուցեցինք և վերակառուցեցինք հազարավոր բնակարաններ, տասնյակ դպրոցներ ու մանկապարտեզներ, մշակույթի տներ, առողջապահական ու մարզական հիմնարկներ, նորովի զարկ տրվեց հանքային և թեթև արդյունաբերությանը, անասնապահությանը, գյուղմթերքների արտադրությանը, տարեցտարի ընդլայնվեցին ցանքատարածությունները, տարեցտարի ավելի առատ բերք ենք ստանում, վերանորոգվում են ճանապարհները, կառուցվում են անհատական բնակարաններ:

Մենք որդեգրել ենք թափանցիկ և գործընկերային աշխատաոճ՝ ժողովրդավարության խորացմամբ, արդյունավետ կառավարման ապահովմամբ՝ նպաստելով հասարակական կյանքի ակտիվացմանը: Քաղաքացիական կառույցներն ավելի ու ավելի են մասնակից դառնում ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործին:

Մենք հաջողությամբ շարունակում ենք մարզի 2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման արմատական ծրագիրը: Միաժամանակ, իրականացնում ենք մարզի օրախնդիր՝ առաջնահերթ լուծում պահանջող  տնտեսական, առողջապահական ու մշակութային, տուրիզմի զարգացման հիմնախնդիրներին ուղղված նոր ծրագրեր:

Անկախությունը թելադրեց կայացման, հզորացման բարդ գործընթաց, ուժերի, միջոցների, գիտելիքների համախմբում, նորի և առաջավորի ներմուծում, միջազգային քաղաքական ու տնտեսական ասպարեզում տեղ ունենալու արժանապատիվ և աստիճանական ներկայություն: Այսօր մենք դեռ այդ ճանապարհին ենք և բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք լուծման են սպասում, դժվարություններ կան, որոնք հաղթահարել է պետք, մարտահրավերներ կան, որոնց դիմակայել ու հաղթել է պետք, բացթողումներ, թերություններ ունենք, որոնք շուտափույթ վերացնել է պետք:

Հարգելի բարեկամներ, այս ամենով հանդերձ, անկախության տարիների հաջողությունների թվում մեր ամենամեծ ձեռքբերումը Անկախության սերունդն է: Նրանք, ովքեր այսօր 25 տարեկան են, նրանք ովքեր դեռ թոթովախոս մանուկներ են և նրանք, ովքեր դեռ ծնվելու են: Մենք ամեն ջանք ու հնարավոր բոլոր  միջոցները պետք է ներ դնենք, որ կյանք մտնող ամեն մի սերունդ ապրի ավելի լավ, քան՝ նրա ծնողներն են ապրել: Դրա երաշխիքը մեր անկախ պետականությունն է, մեր ժողովրդի աննկուն կամքն ու աշխատասիրությունը:

Մենք, որպես համամարդկային քաղաքակրթության մեջ մեր ավանդն ունեցած, մեր սեփական մշակույթն ունեցող ազգ՝ վաղուց ի վեր ճանաչված ենք աշխարում:

Դա է վկայում համաշխարհային պատմությունը:

Մենք, որպես անկախ պետություն և որպես ժամանակակից առաջադեմ հասարակություն՝ արդեն կայացել և կայունացել ենք:

Դա է վկայում է մեր 25-ամյա անկախ պետականությունը:

Անկախության ընձեռած ժողովրդավարական օրենքներով ապրելով, հզորանալով և զարգացնելով մեր հայրենիքը՝ հաստատուն քայլերով գնում ենք դեպի ապագա, դեպի հավերժություն:

Դա ենք վկայում մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Շնորհավո՛ր անկախության տոնը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36