Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ

27.05.2016

Սիրելի՛ հայրենակիցներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ:
98 տարի առաջ հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցավ բացառիկ իրադարձություն, որին մեր ժողովուրդը սպասել էր երկար, որի մասին երազել էր շուրջ 9 դար, և որի համար իրենց կյանքն էին զոհաբերել ազգի նվիրյալ լավագույն զավակները:
Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը իրավունք տվեցին և հնարավորություն ընձեռեցին աշխարհին ազդարարելու հայոց առաջին հանրապետության ստեղծման մասին:
Լոռեցիներս հպարտությամբ ենք նշում, որ այդ ազատատենչ ոգին դիցական ուժ է տվել նաև մեր պապերին, ովքեր Սարդարապատի, Բաշ Ապարանի հերոսամարտերի հերոսների հետ ու նրանց պես թշնամու դեմ ծառս ելան Ղարաքիլիսայի մատույցներում:
Ժամանակ անց միայն, երբ լռել էին աշխարհակործան պատերազմի թնդանոթներն ու բոլշևիկյան հեղափոխության համազարկերը, պատմաբաններն ու մոլորակի առաջադեմ մարդկությունը գիտակցեց, որ ընդամենը երեք տարի առաջ բնաջնջման վիհի եզրին հասած հայ ժողովուրդը այդ ճակատամարտերում ապրելու և հավերժելու անկասելի կամք ու հանուն դրա ազգովի ոսոխի դեմ ելնելու, հաղթելու անօրինակ սխրանք է դրսևորել:
Հայաստանի առաջին հանրապետությունը գոյատևեց ընդամենը երկուսուկես տարի: Եթե նկատի ունենանք, որ այս տարի սեպտեմբերին պատրաստվում ենք նշել մեր նոր անկախ պետականության 25-րդ տարեդարձը, ապա երկու և կես տարին շատ փոքր ժամանակահատված է ինչ-որ բան հասցնելու համար: Բայց սա միայն առաջին հայացքից: Իրականում այն ամենամեծ հեղափոխությունն էր, որ նոր ժամանակներում կատարվեց հայ ժողովրդի սրտում և գիտակցության մեջ:
Մայիսի 28-ով հայ ժողովուրդը որդեգրեց արժեքային նոր համակարգ` անկախություն և ժողովրդավարություն:
Այն, ինչ պատմական հանգամանքների բերումով չհասցրեց ու չկարողացավ անել մայիսի 28-ին վերածնված Հայաստանը, չնայած իր գործադրած անկեղծ և համառ ջանքերին, պետք է կարողանա անել սեպտեմբերի 21-ին վերածնված Հայաստանը:
Այսօր էլ ոսոխը սպառնում է մեզ և հաճախակի փորձում հագուրդ տալ իր՝ քոչվորի հայատյաց նկրտումներին: Սակայն, այսօր էլ, ինչպես 4500 տարի առաջ Խոշաբի ճակատամարտում, ինչպես 2085 տարի առաջ Արածանիի ճակատամարտում, ինչպես 1645 տարի առաջ Ձիրավի, 1565 տարի առաջ Ավարայրի, վերջապես, քառորդ դար առաջ Արցախի գոյապահպանման ճակատամարտերում թշնամու դեմ ծառացավ ողջ հայ ժողովուրդը՝ երբեք չխոնարհելով իր հաղթական դրոշը:
Այդպես եղել է, այդպես կլինի, երբ փորձեն պղծել մեր սուրբ հողն ու սպառնալ մեր անկախությանը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ այս մեծ տոնի կապակցությամբ:
Փա՜ռք, ազատատենչ հաղթանակներ կռող հայ ժողովրդին:
Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38