Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը դպրոցական «Վերջին զանգի» առթիվ
26.05.2016
Հարգելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ «Վերջին զանգի» առթիվ:
Այս տարի Լոռու մարզի միջնակարգ և ավագ դպրոցների՝ 1800 և հիմնական դպրոցների՝ 2106 շրջանավարտ հրաժեշտ է տալիս աշակերտական նստարանին: Մենք չենք կասկածում, որ նրանք զինված են հարուստ գիտելիքներով, չենք կասկածում, որ իրենց ծնողների և մանկավարժների կողմից դաստիարակվել են հայրենասիրության ոգով:
Դա այն սերունդն է, որ մի քանի տարուց փոխարինելու է ծնողներին, ժառանգելու է երկիրը իր հինավուրց մշակույթով, գիտությամբ, տնտեսությամբ, պետական ու հասարակական կառույցներով հանդերձ:
Դա անկախության սերունդն է, բարեկեցության ու հզորացման ուղի ընտրած երկրի զավակներ, վաղվա մեր ղեկավարը, գիտնականը, մշակույթի գործիչը, երկրագործն ու քարից պղինձ ու հաց քամող մասնագետը:
Մենք ողջունում ենք նրանց մուտքը դեպի ստեղծարար կյանք, շնորհավորում նրանց՝ ուսումնառության առաջին լրջագույն փուլն ավարտելու առթիվ:
Հայոց կրթությունն ու դաստիարակությունը, հնագույն արմատներ ունենալով հանդերձ, մշտապես բարենորոգվում է՝ ի շահ եկող սերունդների: Այսօր էլ բազմաթիվ հրամայականներ կան մեր կրթության ոլորտում, որոնք հաջողությամբ հաղթահարվում են մեր մանկավարժների գիտելիքների, ունակությունների, հմտությունների շնորհիվ: Նրանց տքնաջան նվիրման արդյունքը հոգով, մտքով ու գիտելիքներով հարուստ սերունդն է: Ուստի մենք այս տոնին երախտագիտության ջերմ խոսքեր ենք հասցեագրում նաև նրանց՝ ուսուցչին, դասախոսին, դաստիարակին ու դայակին, ովքեր պարտքի ու պատասխանատվության մեծ զգացումով սերունդներ են կրթում ու դաստիարակում:
Թանկագին շրջանավարտներ, մենք չենք կասկածում, որ դուք գիտելիքներով հզոր, հոգեպես գեղեցիկ, մեր հինավուրց երկրի արժանապատիվ քաղաքացիներն եք լինելու: Մենք վստահ ենք, որ ձեզնից յուրաքանչյուրն ինչ ճանապարհ էլ ընտրի, նախևառաջ լինելու է Հայաստանի Հանրապետության պատվախնդիր քաղաքացի, ապրելու և գործելու է այն գիտակցությամբ, որ Հայաստանն է մեր տունը, մեր հարազատ օրրանը, և ձեր գիտելիքներն ու ավյունը նվիրաբերելու եք հայրենիքի բարօրության ու հզորացման համար:
Բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ ուսումնառության մեջ և աշխատանքում:
Բարի երթ ձեզ: