Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի օրվա կապակցությամբ

06.05.2016

Սիրելի հայրենակիցներ:
Այսօր մեծ հաղթանակների տոն է, հանուն հայրենիքի մղված գոյամարտերի հաղթանակների օր: 71 տարի առաջ ֆաշիզմի դեմ տարած մեր պապերի փառապանծ հաղթանակի և նրանց որդիների ու թոռների պանծալի հաղթանակի տոնը, որ նշանավորվեց 24 տարի առաջ՝ Շուշիի ազատագրման համազարկերով:
Շնորհավոր մեր հաղթանակների տոնը:
Իրադարձությունների բերումով, այսօր, առաջին անգամ իրենց փառապանծ տոնին ներկա չեն մեր խիզախ երկրապահներից շատերը: Նրանք իրենց զինվոր որդիների կողքին են՝ հայրենիքի պաշտպանության դիրքերում:
Պատմական ճշմարտությանն առերեսվելու գիտակցությունը չունեցող, իր բարոյական ու ռազմական պարտության հետ չհաշտվող հակառակորդը մարդատյաց մաղձով դարձյալ արկածախնդրության է դիմել՝ հավակնելով խախտել հրադադարն ու մեզ պարտադրել նոր ռազմադաշտ: Շուրջ մեկ ամիս է, ինչ մեր անձնվեր որդիները, նրանց օգնության հասած նախկին ազատամարտիկները, երկրապահները վտանգված հայրենիքի պաշտպանության դիրքերում են և հուժկու հակահարված են տալիս թշնամուն:
Թշնամին մեզ պարտադրում է ունենալ ևս մի հաղթանակի օր: Եվ դա մենք կունենանք:
Հանուն հայրենիքի բռունցքվելու հայ զինվորի, հայ տղամարդու, հայ ժողովրդի հայրենասիրության աներևակայելի դրսևորումն արդեն իսկ մեծ հաղթանակ է, որ արձանագրվում է մարդկության բարոյականության պատմության էջերում, քանզի աշխարհի առաջադեմ ժողովուրդների համար այս օրերի իրադարձությունները ևս ապացույց դարձան, որ Արցախը հայ ժողովրդի պատմական հայրենիքի անբաժանելի մասն է և արդարացի է նրա պայքարը նվաճողական մոլուցքով տառապող եկվորների դեմ:
Հայրենիքի սահմանները պաշտպանելու համար համաժողովրդական ինքնաբուխ միասնություն դրսևորվեց նաև լոռեցիներիս կողմից: Կամավորական ջոկատներն անմիջապես օգնության շտապեցին մեր զինվորներին: Անհետաձգելիորեն կազմակերպվեց «Լոռի-Արցախ» մարզային հանձնախումբը, որը համակարգեց պայքարի առաջնագծում գտնվող մեր հայրենակիցների համար անհրաժեշտ օգնություն հավաքագրելու և առաքելու գործը: Կարճ ժամանակամիջոցում Արցախ ուղևորվեց սննդամթերով, առաջին անհրաժեշտության իրերով և բուժպարագաներով բեռնված երկու շարասյուն, հանգանակվեց և փոխանցվեց ավելի քան 200 միլիոն դրամ:
Թշնամին արժանի հակահարված ստացավ հայոց բանակի զինվորների և նրանց օգնության հասած կամավորական ջոկատների կողմից, որոնց անսասան ուժն ու կորովը ներարկվում էր իրենց ծնող հայրենի հողից ու ժողովրդից:
Ցավոք, հաղթական դիրքերում մենք անդառնալի կորուստներ ունեցանք, անձնվեր նահատակներ, ովքեր իրենց հերոսական հուշն ու ոգու կորովը թողեցին սերունդներին… Մենք գլուխ ենք խոնարհում նրանց նվիրական անունների և սուրբ հիշատակի առջև: Այս օրերի մաքառումն ու մարտնչումը, այսօրվա ու վաղվա անկասկածելի մեր հաղթանակը նրանց անուններն ունի:
Մենք ակնածանքով գլուխ ենք խոնարհում մեր նահատակների մայրերի, հայրերի առջև, ովքեր իսկական հերոսներ ծնեցին ու դաստիարակեցին:
Փա՜ռք, հայրենիքի պաշտպանության և ազատության համար նահատակված մեր հերոսներին:
Փա՜ռք, հայոց սերունդների ազատասեր ոգուն ու նրա հաղթական բազկին:
Փա՜ռք հայոց հաղթական բանակին:


 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:44:11