Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ

27.01.2016

 

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ:
Բանակի օրն այն տոնն է, որի առթիվ հնչող շնորհավորանքների հասցեատերը հայ ժողովուրդն է: Սա այն տոնն է, որի մաղթանքներն ասվում են հայացքը Աստծո գահին՝ երկնքին հառած: Սա մեր պապերի, հայրերի, մեր զավակների տոնն է ու նրանց աննկուն թիկունքի՝ տատիկների, մայրերի ու դուստրերի տոնը:
Հայոց բանակը ծնվեց ու թրծվեց մեր գոյապահպանման պատերազմի կրակների մեջ: Նա ծնվեց որպես մեր ժողովրդի ապրելու և ազատագրվելու կամք, որպես նրա հույսերի, իղձերի և անմահության առհավատչյա: Այդ ահեղ օրերին հանուն հայրենիքի նահատակվեցին մեր լավագույն զավակները:
Փա՛ռք հայրենիքի համար զոհված անմահներին:
Այսօր մեր բանակն օր օրի ավելի է հզորանում Հայրենիքի սուրբ սահմանները հակառակորդի զինված ոտնձգություններից հուսալի պաշտպանելու պայմաններում:
Այսօր փորձում են մեզ պարտադրել այսպես կոչված «դիվերսիաների պատերազմ»: Պարտվելով մարտադաշտում՝ հակառակորդն այլ երկընտրանք չունի, քան հանցագործի ճղճիմ վարքը՝ սողոսկել մեր սահմանները, ահաբեկել, զոհեր պատճառել: Սակայն այստեղ էլ են տանուլ տալիս, քանզի հայ զինվորի համար իր Հայրենիքի սահմաններն անառիկ պահելը արկածախնդրություն չէ, այլ սուրբ պարտականություն և ոսոխին արժանի հակահարված տալու զորություն և կամք: Մեր բանակի սպաներն ու զինվորները պատրաստ են պատվով կատարել ցանկացած մարտական խնդիր և ապահովել ժողովրդի խաղաղությունը: Հայաստանի զինված ուժերն այսօր այլևս դժվար է թերագնահատել: Սա լրջագույն կռվան է՝ հօգուտ խաղաղության պահպանման:
Սիրելի հայրենակիցներ, մեր բանակի շարքերում քիչ չեն նաև Լոռու բնաշխարհի զավակները: Նրանք պատվով են կրում զինվորի վեհ կոչումը: Դիմելով նրանց և Հայոց բանակի բոլոր ծառայողներին՝ զինված ուժերի հրամանատարասպայական կազմի ներկայացուցիչներին, բանակում մեծ առաքելություն կատարող բուժծառայողներին ու կրոնավորներին, ընդգծելով բոլորի անգնահատելի դերը մեր երկրի սահմանների պաշտպանության, մեր անկախ պետականության հաստատունության, մեզնից յուրաքանչյուրին խաղաղ երկինք պարգևելու գործում՝ Լոռու ազգաբնակչության և իմ անունից մաղթում եմ անփորձանք ծառայություն, երջանկություն ու բարօրություն բոլորի օջախներում:


Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ:
Փա՛ռք Հայաստանի Զինված ուժերին,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Շնորհավո՛ր տոնդ, Հաղթական Բանակ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59