Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի Ամանորյա ուղերձը
28.12.2015
Թանկագին բարեկամներ, լոռեցիներ:
Պատմություն է դառնում 2015 թվականը, որը հայոց կենսագրության մեջ կմնա որպես ազգային պետականության կայացման, հզորացման, ժողովրդավարության խորացման, պատմական անցյալի նվիրական տարելիցի համաժողովրդական հիշատակման, աշխատանքի և արարման, վերջապես՝ միջազգային հարաբերություններում է՛լ ավելի բարձր հեղինակություն վայելելու, մեր պատմությունն ու մշակույթը է՛լ ավելի ճանաչելի ու գնահատելի դարձնելու տարի:
Ես հպարտությամբ եմ նշում, որ մեր երկրի կենսական կարևորության բոլոր բնագավառների և ոլորտների զարգացումների մեջ, յուրաքանչյուր նոր նվաճման, ծառացած հիմնախնդիրների հաղթահարման գործում կա՛ լոռեցիներիս տքնանքն ու ավանդը:
Իրավամբ, 2015-ը մեզ համար դարձավ ջանադիր աշխատանքի և կարևորագույն մեկնարկների տարի: Մարզում ճանապարհաշինական աշխատանքների համար հատկացվեց 5 միլիարդ 564 միլիոն դրամ: Մեզ համար կարևոր էր հատկապես մարզի 13 համայնք իրար կապող Ստեփանավան-Օձուն ճանապարհի կառուցումը, որը հանրապետության նախագահի նախընտրական խոստումներից էր: Այդ ճանապարհի շահագործումը մենք կսկսենք 2016 թվականին: Եկող տարում կավարտվի նաև 1 միլիարդ 400 միլիոն եվրո արժեքով Տաշիր-Գոգավան-Վրաստանի սահման ճանապարհի կառուցումը, որը կիրականացվի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի վարկային միջոցներով: Համոզված ենք, որ այդ ճանապարհների շահագործումից հետո մարզի գյուղատնտեսության ոլորտում էական աճ կարձանագրվի:
Մարզի ազգաբնակչության առողջության պահպանման ուղղությամբ անփոխարինելի կլինի կառուցման ընթացքում գտնվող Վանաձորի բժշկական կենտրոնի դերը, որն իր դռները կբացի դարձյալ եկող տարի:
Եկող՝ 2016 թվականի կեսերին Լոռու մարզկենտրոնը կունենա նաև միջազգային չափորոշիչներին համապատասխան տեխնոկենտրոն, որի շինարարությունն ընթացքի մեջ է: Դրան զուգահեռ, նախատեսվում է Վանաձորում հիմնել նաև Երևանի «Թումո» կենտրոնի մասնաճյուղ: Կրթության և տեղեկատվական ոլորտների զարգացմանն ուղղված այս ձեռնարկումների տրամաբանական շարունակությունը կլինի «Հայաստանի մանուկների հիմնադրամի» կողմից Դեբեդ գյուղի հարակից տարածքում «Սմարթ» ուսումնական կենտրոնի կառուցումը:
Հաջողություններ են արձանագրվել նաև գյուղատնտեսության ոլորտում. 3000 հեկտարով ավելացան ցանքատարածությունները, գրեթե բոլոր մշակաբույսերի առումով բարձր բերքատվություն ապահովվեց, ավելացավ անասնագլխաքանակը և այլն: Դրանց նախադրյալը պետական աջակցությամբ իրականացված ծրագրերն էին:
Բազմաթիվ բարեփոխումներ եղան նաև առողջապահության և հանրակրթության ոլորտներում:
Անցնող տարում Լոռու բնաշխարհը լսեց շուրջ 2800 նորածնի ճիչ, ավելի քան 1000 երիտասարդներ ընտանիքներ կազմեցին՝ նոր սեր ու նոր հույսեր ներարկելով հայրական օջախներին:
Տարեմուտի այս նվիրական պահին ես առանձնահատուկ ցանկանում եմ կարևորել մեր հաղթական բանակի մեծագույն դերն ու խիզախումը՝ հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրի խաղաղության պահպանման դիրքերում: Նրանց շարքերում մեծ ջոկատ են կազմում լոռեցի զինվորները:
Սիրելի հայրենակիցներ,
Միանալով այսօր և առաջիկա օրերին ձեր օջախներում հնչող տոնական ցանկություններին, մաղթում եմ, որ 2016 թվականը ձեր ընտանիքների համար լինի հաջողությունների տարի:
Տարեցներին մաղթում եմ քաջառողջություն և իրենց զավակների ու թոռների ձեռքբերումներով անափ ուրախության, սիրո և հարգանքի վայելում:
Երեխաներին և ուսանողներին մաղթում եմ անամպ երկինք, հիմնավոր ուսումնառություն, հայրենիքի և ծնողների նկատմամբ անսահման սեր:
Մեր աշխատասեր լոռեցիների համար եկող տարին թող լինի աշխատանքի, գիտական ու ստեղծագործական վերելքի, բարեկեցության տարի:
Թող պայծառ ու կապույտ լինի մեր երկինքը, հայոց սահմաններին անվեհեր կանգնած մեր զինվոր զավակները պատվով ու անփորձանք ծառայեն և առողջ տուն դառնան:
Թող հանրապետությունից դուրս եկած, բայց իրենց սիրտն ու միտքը ծննդավայր Լոռուն հառած մեր հայրենակիցները տուն դառնան, սփոփեն հարազատների կարոտը:
Թող 2016 թվականը դառնա համազգային ծրագրերի հաջող իրականացման և մեր ազգային նպատակների իրագործման ճանապարհին լուրջ քայլերի տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: