Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
22.09.2015
Սիրելի հայրենակիցներ:
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:
24 տարի առաջ մեր ժողովուրդը ընտրություն կատարեց կայացնելու անկախ հայկական պետականություն՝ քաղաքական ազատությունների և ժողովրդավարության արժեքների արմատավորմամբ ու կայունացմամբ:
Դա մեծ պատասխանատվություն էր և՛ դարավոր անցյալի և ապագայի առջև: Մեր ժողովուրդը ոչ միայն խոսքով կամ քվեաթերթիկով, այլև գործով, ջանքով, իսկ երբ հարկ եղավ՝ նաև կյանքի գնով ապացուցեց, որ ինքը տերն է իր պատասխանատվության, տերն է իր հռչակած արժեքների և նպատակների:
Անկախության հռչակումով նոր դարաշրջան բացվեց ոչ միայն Հայաստանի, այլև հայության բոլոր հատվածների համար:
Վերելքներով ու վայրէջքներով լի էր անցած տասնամյակների մեր ուղին, բայց դա մե՛ր ուղին էր: Այդ ուղին անցավ պատերազմի, հայրենիքի և մեր անկախության պաշտպանության ու պանծալի հաղթանակի, պետականության կայացման ու ամրապնդման պայքարով:
Չնայած հայտարարված հրադադարին, հակառակորդը ոչ մի կերպ չի հաշտվում իր պարտության հետ և շարունակում է ոչ միայն խախտել հրադադարը, այլև ռազմակոչ հայտարարություններ անել:
Մենք այսօր էլ շարունակում ենք կասեցնել տարածաշրջանի խաղաղությունը վտանգող ադրբեջանական սադրանքները: Դրանց մենք հակադրում ենք Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի, հասարակական բոլոր շերտերի, Հայաստանի և Արցախի, ինչպես նաև համայն հայության միասնական կեցվածքը:
Մենք դրան հակադրում ենք մեր բանակի մարտունակությունը, մեր զինվորների փայլուն ծառայությունը սահմանագծում: Փա՛ռք մեր տղաներին, ովքեր թշնամու սանձարձակ սադրանքները կանխեցին, կանխեցին անգամ սեփական կյանքի գնով: Փա՛ռք մեր հերոսներին:
Սիրելի՛ հայրենակիցներ, Անկախությունը միաժամանակ նպատակ է և կենսակերպ:
Այսօր հանրապետությունում և, իհարկե, մեր մարզում մենք կյանքի ենք կոչում Հայոց պետության ամրապնդման ու զարգացման նոր ծրագրեր: Սրան զուգահեռ իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք հետևողականորեն զարգացում են ապահովում ժողովրդավարության խորացման, արդյունավետ կառավարման, իրավունքի գերակայության ապահովման, գյուղատնտեսության և հանքարդյունաբերության մեջ և մնացած բոլոր ուղղություններով:
Մեր երկրի բոլոր ձեռքբերումներում, հաղթանակներում անմասն չէ Լոռու մարզն ու լոռեցին, մենք՝ բոլորս: Մենք միշտ ունեցել ենք մեր ծանրակշիռ ավանդը հայրենիքի տնտեսական հզորացման, մեր սուրբ սահմանները պաշտպանելու, մեր հոգևոր արժեքները պահպանելու և զարգացնելու գործում:
Կրկին շնորհավորում եմ Մեծ տոնի առթիվ, բոլորիս մաղթում եմ խաղաղ աշխատանք՝ ի բարօրություն մեր ընտանիքների և մեր երկրի:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Փա~ռք հայոց Անկախությանը:
Շնորհավոր Անկախության տոնդ, Հայաստան: