Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի օրվա կապակցությամբ
08.05.2015
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ վետերաններ,
Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։
Այսօր մեծ հաղթանակների տոն է, ազատության, անկախության, հանուն հայրենիքի մղված գոյամարտերի հաղթանակների օր:
Այդ մեծ հաղթանակներից մեկի տարիքը հոբելյանական է: 70 տարի առաջ մեր պապերը բազմազգ բանակի շարքերում հերոսաբար մասնակից եղան մարդկության ամենամեծ ոճրագործի՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին:
Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտը մեր ժողովրդի և երկրի համար պատմական իրադարձություն էր, որ դարձավ նոր մեկնարկ, խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով մեր տնտեսությունն ու մշակույթը նոր մակարդակի բարձրացնելու հզոր ազդակ։ Այդ հաղթանակի համար մեր ժողովուրդը ոչինչ չխնայեց։ Տվեցինք մեծաթիվ զոհեր, որոնց հիշատակը վառ են պահելու նաև մեր զավակները: Ունեցանք հերոսներ ու զորավարներ, որոնց սխրանքը, որպես հայրենասիրության ու ռազմարվեստի օրինակ, ոգեշնչելու է ներկա ու գալիք սերունդներին։
Ճակատագրի բերումով 1992 թվականի նույն այս օրը հայոց պատմությունն արձանագրեց նոր հաղթանակ։ Շուշիի ազատագրումը փառք ու պատիվ բերեց հայոց անվեհեր ռազմիկներին։ Դա մեր պատասխանն էր նրանց, ովքեր մեր ժողովրդի դեմ սանձազերծեցին էթնիկ զտումներ, կոտորածներ ու պատերազմ: Հայ ժողովուրդն այլևս վճռական է ազատ ապրելու և չհանդուրժելու իր դեմ կիրառվող որևէ բռնություն:
Տասնամյակներ առաջ իր հրոսակներին ոգևորող Ադոլֆ Հիտլերը հեգնանքով ասում էր՝ ո՞վ է հիշում հայկական ջարդերը: Մի քանի օր առաջ մենք ձեզ հետ վկան եղանք այն իրողության, որ հայոց ցեղասպանությունը հիշում և դատապարտում են երկրագնդի բոլոր մայրցամաքներում՝ միլիոնավոր մարդիկ: Մեր հաղթանակները հիմքն ու երաշխիքն են հատուցման և այն արդար պահանջատիրության, որոնք ունի հայ ժողովուրդը և որին անպայմանորեն հասնելու ենք:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք խոնարհվում ենք մայիսյան հաղթանակները կռող անմահների հիշատակի առջև։ Նրանք արյամբ նվաճեցին մեր ժողովրդի ապրելու և զարգանալու իրավունքը, պատմական հնարավորությունն ու հեռանկարը։ Մենք երախտապարտ ենք նրանց։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ։
Մենք հպարտ ենք մեր հաղթանակներով և դրանք ամրապնդելու ենք ստեղծագործ աշխատանքով։
Փա՜ռք, հայոց սերունդների ազատասեր ոգուն ու նրա հաղթական բազկին:
Փա՜ռք, հայրենիքի պաշտպանության և ազատության համար նահատակված մեր հերոսներին:
Փա՜ռք հայոց հաղթական բանակին:
Շնորհավոր հաղթանակների տոնը: