Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ
27.03.2015
Թանկագին բարեկամներ:
Ամեն օր թատրոնի հարկի ներքո տոն է, սակայն այդ տոնն ու տոնական տրամադրությունը ժողովրդին պարգևողների՝ թատրոնի մարդկանց հասցեին մեծարանքի խոսքեր հնչում են միայն տարվա մեջ մեկ անգամ: Եվ, այնուամենայնիվ, այս տոնը դառնում է ոչ միայն թատերագրինը, բեմադրիչինն ու դերասանինը, այլև թատրոնում աշխատող բոլոր մարդկանց, այլև թատերասեր ողջ հանրության համար հոգեհարազատ բովանդակություն ու բարձր տրամադրություն պարունակող օր:
Հայոց թատերարվեստը բազմադարյա պատմություն ունի: Լոռեցիներս, մեր բազմաթիվ հպարտությունների շարքում, նշում ենք նաև, որ մեր բնաշխարհում ժողովրդական թատերախաղերը՝ ջանգյուլումները, լարախաղացությունը, նշանդրեքի ու հարսանեկան ավանդույթ-թատերախաղերը, ծիսական արարողությունները վաղնջական ակունքներ ունեն: Եվ պատահական չէ, որ շրջիկ թատերախմբերի, դրանից հետո՝ մշտական թատրոններ ունենալու ժամանակներում Լոռին առաջիններից մեկն էր: Պատահական չէ նաև, որ Լոռին այսօր առաջիններից մեկն է նաև պրոֆեսիոնալ թատրոնների շարքում: Մեզանում տաղանդավոր թատերագիրների, բեմադրիչների, դերասանների ստեղծագործական նվաճումների հետ առկա է Մեծ թատրոն, Մեծ թատերաշխարհ ունենալու ձգտումն ու կարողությունը՝ Ալավերդում անցկացվող ամենամյա Թատերական միջազգային փառատոնի իրողությամբ:
Ջերմորեն շնորհավորելով թատերարվեստի գործիչների, թատրոններում աշխատող բոլոր մարդկանց տոնը, մաղթում եմ ստեղծագործական նորանոր նվաճումներ՝ ի փառս Հայոց թատերարվեստի զարգացման: