Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ

27.01.2015

Սիրելի հայրենակիցներ,
Մեզ՝ բոլորիս, սրտանց շնորհավորում եմ Հայոց հաղթական բանակի օրվա կապակցությամբ, բանակ, որը մեր նորանկախ պետության կազմում վերածնվեց 23 տարի առաջ:
Ազգային բանակի ստեղծումը ժամանակի հրամայական էր, անհրաժեշտություն ու պահանջ, որը մեր հակառակորդին զգոնություն էր պարտադրում և անուղղակիորեն կոչ անում գիտակցել, որ ազգային-ազատագրական պայքարում քաջաբար մարտնչած, Հայաստանի և Արցախի սահմաններն իրենց արյան գնով պաշտպանած հայորդիներն, այսուհետ Հայրենիքին ծառայելու են Հայկական բանակի շարքերում: Հայոց ազգային բանակը, հայ զինվորը զսպաշապիկ է սահմանից այն կողմ կանգնած մարդկանց համար, իսկ բանակի հզորությունը՝ խաղաղության երաշխիք: Հայկական բանակի քաջարի արծիվները մեկ անգամ չէ, որ ապացուցել են Մամիկոնյաննների ու Մարզպետունիների արժանի սերունդը լինելու իրավունքը:
Նախորդ տարին, ցավոք առանձնացավ նաև հակառակորդի հետ շփման գծում արձանագրված միջադեպերով, սակայն թշնամին յուրաքանչյուր ոտնձգության ժամանակ արժանի հակահարված ստացավ դիրքապահ ստորաբաժանումների կողմից: Իսկ աշխարհի տարբեր ծագերում բնակվող հայ ժողովուրդը ընդամենը հաշված րոպեների ընթացքում բռունցքվեց՝ անկախ գաղափարախոսությունից, քաղաքական դիրքորոշումից, սեռից ու տարիքից՝ ապացուցելով, որ օրհասական պահին հայերը միավորվել գիտեն, միասնությամբ դիմակայել ու հաղթել գիտեն:
Պատահական չէ, որ Պաշտպանության նախարարությունը 2015թ.-ն հայտարարել է Մարտական կարողությունների զարգացման տարի, ինչը ենթադրում է պաշտպանական դիրքերի առավել հզորացում, մարտական պատրաստվածության առավել բարձր մակարդակ: Հայկական բանակի հզորությունը կարևոր է մեզնից յուրաքանչյուրի համար, ուստի ի թիվս պաշտպանական ենթակառուցվածքների կատարելագործման, ռազմատեխնիկական համալրման, զինվորական կարգապահության բարձրացման առաջնահերթությունների, կարևոր է նաև զինվորականության, մարզային, քաղաքային իշխանությունների, Հայ առաքելական եկեղեցու ու ժողովրդի համագործակցությունը:
Հայոց բանակում ծառայող թանկագին զինվորներ, քաջազուն զավակներ, զինված ուժերի հրամանատարասպայական կազմի հարգարժան ներկայացուցիչներ, Հայոց հաղթական բանակում առաքելություն կատարող բժիշկներ, անգնահատելի է ձեր դերը մեր երկրի սահմանների պաշտպանության, մեր անկախ պետականության հաստատունության, մեզնից յուրաքանչյուրին խաղաղ երկինք պարգևելու գործում:
ՀՀ զինված ուժերը մեր տարածաշրջանում հավասարակշռության, ուստի և խաղաղության, կայունության պահպանության ամենակարևոր երաշխավորներից են:
Թող անվտանգ ու խաղաղ լինի ձեր անցնելիք ճանապարհը:
Փա՛ռք Հայաստանի Զինված ուժերին,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Շնորհավո՛ր տոնդ, Հաղթական Բանակ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59