Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի Ամանորի շնորհավորական ուղերձը
26.12.2014
Հարգելի՛ լոռեցիներ, թանկագի՛ն բարեկամներ
Տարեվերջն այն պահն է, երբ ամփոփվում է կատարված աշխատանքն ու նախատեսվում գալիք տարվա անելիքը՝ հույսով, հավատով ու միաժամանակ վճռականությամբ, որ գալիք տարին հաջողությունների ու բարեկեցության տարի է լինելու մեր երկրի ու ժողովրդի համար:
2014 թվականը մեր պետության ու ժողովրդի համար սոցիալական մարտահրավերների ժամանակաշրջան էր ու բնականաբար պետականորեն ծրագրված քայլերն ուղղված էին ծառացած խնդիրների լուծմանը: Լոռու մարզը նույնպես անմասն չի եղել այդ մարտահրավերների հաղթահարման գործում՝ ունենալով իր ներդրումը մի շարք բնագավառներում արձանագրված հաջողությունների մեջ: Առկա խնդիրների հաղթահարման նպատակով մարզն առաջնորդվում է քառամյա զարգացման ծրագրերով: Ակնհայտ է, սակայն, որ միայն տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ կկարողանանք հասնել լուրջ հաջողությունների՝ կյանքի կոչելով այն բոլոր առաջնահերթությունները, որոնք ընդգրկված են այդ ծրագրերում:
Անցնող տարում մեզ հաջողվեց արձանագրել հաջողություններ գյուղատնտեսության, արդյունաբերության, փոքր ու միջին ձեռնարկատիրության, տուրիզմի զարգացման բնագավառներում՝ իրականացնելով կարևոր ծրագրեր, որոնք հնարավորություն տվեցին նպաստելու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր: Գալիք տարում ևս մեր անելիքները շատ են, քանզի ամեն նոր տարի, նոր մեկնարկի հնարավորություն է, ուստի պետք է լցվել վճռականությամբ և առաջ շարժվել հաստատուն քայլերով:
Սիրելի՛ լոռեցիներ,
Գալիք տոների առթիվ ուզում եմ առանձնահատուկ ու ջերմորեն շնորհավորել հատկապես ՀՀ և Արցախի պաշտպանական դիրքերում ու զորամասերում, մարտական հենակետերում Ամանորը դիմավորող զինվորներին, հրամանատարներին՝ ովքեր մշտարթուն ու զգաստ են անգամ տոնական օրերին, որովհետև Հայրենքի են պաշտպանում, բուժաշխատողներին, ովքեր Նոր տարվա սկիզբն ազդարարող ժամացույցի զարկերը ունկնդրելու են վիրահատական սեղանների շուրջ կամ հիվանդասենյակներում՝ հիվանդների կողքին, զգոն, որովհետև մասնագիտական պարտք են կատարում, ոստիկաններին, փրկարարներին ու հրշեջներին և վերջապես բոլոր նրանց, ովքեր մասնագիտական պարտականություններից ելնելով՝ Ամանորը դիմավորելու են ընտանիքից հեռու: Նրանց ու բազում հայորդիների նվիրվածության, ջանադիր ու անձնվեր աշխատանքի շնորհիվ է, որ քայլառքայլ հաղթահարվում են դժվարություններն, ու վստահություն է ծնվում լավագույն ապագալի հանդեպ:
Թանկագի՛ն բարեկամներ,
Ամանորը սիրո, բարության ու սպասելիքների տոն է, ուստի մաղթում եմ, որ մեր բոլորի ընտանիքներում գալիք տարում իշխող լինի սերն ու ջերմությունը, համախմբվածությունն ու համերաշխությունը: Մաղթում եմ աներեր հավատ մեր Հայրենիքի ու սեփական ապագայի հանդեպ: