Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Բարի երթ, սիրելի շրջանավարտներ
22.05.2014
Հարգելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ «Վերջին զանգի» առթիվ:
Այս տոնի խորհուրդը ոչ միայն հասունության ատեստատ ստանալն է, դպրոցին հրաժեշտ տալը, այլև բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատության բոլոր դասախոսների և ուսանողների, հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների ուսուցիչների և աշակերտների, նախադպրոցական հիմնարկների դաստիարակների, դայակների ու նրանց սաների, մեր բոլորի կողմից ուսումն ու մանկավարժությունը արժեքավորելու, ուսումնական տարին հաջող ավարտելու և Գիտելիքի տոնն է:
Ուրախությամբ պետք է նշեմ, որ Գիտելիքի այս տոնը մենք դիմավորեցինք Լոռու մարզում համալսարան ունենալու իրողությամբ, որի առթիվ շնորհավորում եմ նախկին մանկավարժական ինստիտուտի, այժմ արդեն՝ Վանաձորի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին:
Այս տարի Լոռու մարզի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների աշակերտները հրաժեշտ են տալիս աշակերտական նստարանին: Մենք չենք կասկածում, որ նրանք զինված են հարուստ գիտելիքներով, չենք կասկածում, որ իրենց ծնողների և մանկավարժների կողմից դաստիարակվել են հայրենասիրության ոգով: Օրերս մենք ամփոփեցինք Լոռու մարզպետարանի կողմից հայտարարված «Իմ հայրենիքը» թեմայով ստեղծագործական շարադրությունների մրցույթի արդյունքները և մեկ անգամ ևս համոզվեցինք, որ, ի դեմս մեր մատաղ սերնդի, ունենք գրագետ ու հայրենասեր հերթափոխ:
Մենք ողջունում ենք նրանց մուտքը դեպի ստեղծարար կյանք, շնորհավորում նրանց՝ ուսումնառության առաջին լրջագույն փուլն ավարտելու առիթով:
Շնորհավորում ենք նաև նրանց մանկավարժներին, որոնց տքնաջան նվիրման արդյունքը հոգով, մտքով ու գիտելիքներով հարուստ սերունդն է:
Շնորհավո՛ր տոն:
Բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ ուսումնառության մեջ և աշխատանքում:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ