Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ
24.01.2014
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայոց բանակի օրը:
Մեր բանակը դարձավ 22 տարեկան, սա բոլորիս տոնն է:
1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» արդեն պատմական դարձած որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
Հայոց բանակը վեր խոյացավ հանուն սրբազնագույն հայրենիքի դարավոր պատմության ու մշակույթի, հանուն ներկայի ու հավերժական գոյության պաշտպանության: Մարտի դաշտ իջավ մի այնպիսի սերունդ, որի գոյության մասին գաղափար չունեին ոչ հակառակորդի քարոզչությունը և ոչ էլ այդ քարոզչությամբ մոլորվածները: Իջավ ասելու՝ հայի և աշխարհում որևէ մեկի հետ չի կարելի խոսել յաթաղանի և սպառնալիքների լեզվով:
Բոլորը գիտեն, որ մեր ներկա ազատությունն ու մեծ հաշվով խաղաղությունը մեզ ոչ ոք նվեր չի տվել: Մենք դրանք նվաճել ենք արյան գնով, մենք դրանք նվաճել ենք դաժանագույն պատերազմում` ազգովի: Ոչ ոքի տրված չէ մեր փոխարեն որոշել մեր արյան գինը: Փորձություններից մենք դուրս ենք եկել պարզ ճակատով, և այդ ճակատը Հայոց բանակն է:
Մահուկենաց պայքարում ընկան հերոսներ, ովքեր իրենց կյանքի գնով մեզ վերադարձրին ապրելու մեր իրավունքն ու մեր արժանապատվությունը: Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, որոնց խիզախումով այսօր մեր բանակն արժանիորեն կոչում ենք Հաղթական բանակ: Նա այն ուժն է, որ պարտադրեց հակառակորդին զինադադար և հարաբերական խաղաղություն: Նա այն ուժն է, որ պահպանում է այդ խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, որ եղավ ու լինելու է Արցախի հուսալի թիկունքը:
Հայոց բանակի սիրելի՛ զինվորներ և սպաներ,
Լոռու ազգաբնակչության և իմ անունից մաղթում եմ ձեզ, որ ձեր մասնագիտական և բարոյական բարձր ունակությունները ցուցաբերեք միայն զորավարժությունների ժամանակ, ինչին մենք ականատես ենք եղել բազմիցս: Մաղթում եմ, որ ձեր այդ կարողությունները երբևէ պետք չգան ձեզ, և դուք ստիպված չլինեք դրանք կիրառել պատերազմի դաշտում: Ձեր շարքերում քիչ չեն Լոռու բնաշխարհի զավակները: Հավատացած եմ, որ նրանք պատվով են կրում զինվորի վեհ կոչումը, ինչպես յուրաքանչյուրդ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Բանակի ծննդյան օրը տոն է, որը մենք նշում ենք ազգովի: Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ ու փառավոր տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիդ բարձր տրամադրություն, խաղաղ երկինք: Այդ խաղաղ երկնքի համար մենք կրկին ու կրկին պարտական ենք մեր բանակին:
Փա՛ռք Հայոց բանակին: