Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Ամանորի շնորհավորանք

28.12.2013

Հարգելի՛ լոռեցիներ, թանկագի՛ն բարեկամներ:
Մոլորակի համար պատմություն է դառնում 2013 թվականը, որը մեր երկրի ու նրա պետականության պատմության, ժողովրդի կյանքում ու նրա հիշողության մեջ արձանագրվում է որպես շրջադարձային լուրջ մարտահրավերների և ծրագրված բարեփոխումների կատարման տարի:
Մենք, ձեզ հետ միասին, եղել ենք այդ մարտահրավերների դիմակայման, հիմնախնդիրների լուծման, խոչընդոտները հաղթահարելու կիզակետում և ունեցել ենք նաև մեր ավանդը տարբեր բնագավառներում արձանագրված հաջողությունների մեջ:
Մենք լիահույս ենք, որ Լոռու մարզի, ինչպես և ողջ հանրապետության համար, 2014 թվականը լինելու է բեկումնային: Այդ են վկայում ըստ ճյուղերի և բնագավառների մշակված և արդեն իսկ հաջողությամբ մեկնարկված զարգացման և բարեփոխումների ծրագրերը:

Համոզված եմ, որ նոր տարում թե′ քաղաքական և թե′ սոցիալ-տնտեսական գործընթացներում մենք դարձյալ համաքայլ ենք լինելու հանրապետության առաջապահ ջոկատին և մեր ծանրակշիռ ավանդն ենք ունենալու բոլոր ոլորտներում:

Թանկագի՛ն հայրենակիցներ:

Սոցիալական այն դժվարությունները, որոնք այսօր առկա են մեզանում, հավերժական չեն: Մեզնից յուրաքանչյուրն այս կամ այն չափով դա զգում է իր մաշկի վրա, և այս պայմաններում մենք պարտավոր ենք առավել մեծ հոգատարություն ցուցաբերել հատկապես խոցելի խմբերի մարդկանց ու ընտանիքների նկատմամբ:
Մենք հրաշքների չենք սպասելու, այլ շարունակելու ենք անդուլ կերպով, մեծագույն ջանքերի գնով հաղթահարել դժվարությունները:

Այս առումով ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ ամենալավ ծրագրերն ու նախատեսումները թղթի վրա և սոսկ երազանք կմանան, եթե դրանց իրականացման գործընթացում միանպատակ համախմբվածություն չլինի:
Համախմբվածություն՝ ղեկավարի և ժողովրդի միջև, համախմբվածություն՝ հանուն կառուցողական գաղափարների, համախմբվածություն մեր դարավոր ու նորօրյա արժեքները պահպանելու, բազմապատկելու գործում:
Այդ համախմբվածությունը, հարգելի՛ բարեկամներ, ինչպես և աշխարհում ամեն մի լավ բան, ծնվում է սիրուց:
Սեր՝ հայրենիքի նկատմամբ, համայնքի, փողոցի, բակի, հարևանի և հարազատի նկատմամբ: Սեր և համերաշխություն. սա է մեր ժողովրդի հնագույն իմաստնության խրատն ու դասը: Սա պետք է լինի բոլորիս՝ մեծ ու փոքրի, ղեկավարի ու շարքային քաղաքացու, գիտնականի և ուսանողի, աշակերտի ու մանկավարժի կյանքի ուղենիշը:

Ապավինելով մեր ստեղծագործ մտքին և արարող բազկին՝ մենք նոր նվաճումներ ենք ունենալու, ժողովրդավարական, իրավական ամուր հիմքերով, արդյունավետ աշխատանքով ձգտելու ենք է՛լ ավելի բարեկեցիկ և ապահով դարձնել մեր կյանքը, է՛լ ավելի զորեղ դարձնել մեր բանակը, անսասան պահպանել մեր հավատքը: Դա յուրաքանչյուրիս նպատակն է, և մենք այլընտրանք չունենք:
Հարգելի՛ հայրենակիցներ:
Հնուց ի վեր Ամանորը ընտանեկան տոն է: Լոռեցիներս էլ մի ընտանիք ենք և մեր բարեհոգությամբ, հյուրընկալությամբ, աշխատասիրությամբ ու հայրենասիրությամբ կրում ենք այն բոլոր որակները, որոնք հատուկ են արդար ու առողջ ընտանիքի համար:
Ուստի, այդ հավատով ու ձգտմամբ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը, մաղթում, որ յուրաքանչյուրիս հարկի տակ թևածի անափ ուրախություն, սեր, համերաշխություն և բարեկեցիկ կյանք:
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ:


ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-01-22 17:19:24