Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության օրվա կապակցությամբ

19.09.2013

Սիրելի՛ հայրենակիցներ:
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ:
Անկախության օրը նվիրական ու մեծ տոն է մեր երկրում, մեծ տոն է աշխարհի բոլոր հայերի համար, քանզի Հայաստանի Հանրապետությունն իր բոլոր քաղաքացիների և համայն հայության իղձերի մարմնավորումն է և բոլորիս երազանքների իրականացման գրավականը:
Անցած տարիների ընթացքում մեր երկիրը, մենք՝ միասին, անցանք դժվարին ճանապարհ: Այդ ուղին անցավ պատերազմի, հայրենիքի և մեր անկախության պաշտպանության ու պանծալի հաղթանակի, պետականության կայացման ու ամրապնդման դարակազմիկ քուրայով: Մենք ունեցանք և այսօր էլ ունենք լուրջ ձեռքբերումներ: Երկրում տեղի են ունեցել անշրջելի գործընթացներ եւ՛ պետական, և՛ հասարակական հատվածներում, ինչպես նաև մարդկանց մտածողության ու հոգեբանության մեջ:
Նվիրական այս օրը մենք հպարտությամբ ենք նշում, որ մեր երկրի բոլոր ձեռքբերումներում, հաղթանակներում անմասն չէ Լոռու մարզն ու լոռեցին, մենք՝ բոլորս:
Մենք միշտ համաքայլ ենք եղել հանրապետության մյուս մարզերի հետ, միշտ ունեցել ենք մեր ծանրակշիռ ավանդը հայրենիքի տնտեսական հզորացման, մեր սուրբ սահմանները պաշտպանելու, մեր հոգևոր արժեքները պահպանելու և զարգացնելու գործում: Անշուշտ, ունենք նաև լուծելի լուրջ խնդիրներ և ծառացած բազմաթիվ մարտահրավերներ: Սակայն մենք ընկրկնողներից չենք, ունակ ենք միասնաբար, ըստ հարկի և ժամանակի, քայլ առ քայլ հաղթահարելու դրանք:
Վստահ եմ, որ լոռեցիներս շարունակելու ենք ապրել և արարել, նույն պատվա¬խնդրությամբ, եղել և մնալու ենք սիրելի հայրենիքի զինվորն ու քաղաքացին, նրա մաճկալն ու պղնձագործը, նրա շինարարը, արհեստավորն ու բժիշկը, նրա գիտնականն ու մանկավարժը, նրա դարավոր մշակույթի պահապանն ու զարգացնողը՝ հանուն հավերժության ուղով հաստատուն քայլող սերունդների և անկախ հայրենիքի:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Փա՛ռք հայ ժողովրդին:
Փա՛ռք հայոց Անկախությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36