Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ

28.05.2013

Սիրելի՛ հայրենակիցներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ:
95 տարի առաջ հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցավ բացառիկ իրադարձություն, որին մեր ժողովուրդը սպասել էր երկար, որի մասին երազել էր դարեր, և որի համար իրենց կյանքն էին զոհաբերել ազգի նվիրյալ լավագույն զավակները:
Այսօր, տասնամյակների հեռվից, երբ քննում ենք մեր անցյալի այդ բախտորոշ իրողությունը, համոզվում ենք, որ դարակազմիկ այդ փոփոխությունը իրականում կատարվել էր ավելի շուտ, կատարվել էր մեր ժողովրդի հոգեբանության և քաղաքական մտածողության մեջ, երբ հայրենաբնակ հայությունը հասկացավ, որ սեփական հողի վրա պետք է ապրել ո՛չ թե որպես համայնք, այլ որպես պետություն, պետք է կռվել ո՛չ թե որպես ֆիդայական ջոկատ, այլ որպես բանակ: Ապրել ու պայքարել որպես Հայաստան. ահա սա էր նոր հոգեբանությունն ու քաղաքական մտածողությունը: Եվ մայիսյան հերոսամարտերը խարսխված էին առաջին հերթին հենց սրանց վրա: Մայիսի 28-ին արձանագրվեց այն, ինչ տեղի էր ունեցել մեր մտածողության մեջ և կռվի դաշտում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ վհատվածները լցվեցին հույսով, հավատացին իրենք իրենց և փոխեցին իրենց վերաբերմունքը Հայաստան երկրի հանդեպ:
Սարդարապատի, Բաշ Ապարանի հերոսամար¬տերի հետ իր մեծ տեղն ու պատմական դերն ունեցավ Ղարաքիլիսայի ճակատամարտը, որը դարձավ հայոց աննկուն ոգու արտահայտության խորհրդանիշ: Այդ երեք հերոսամարտերը դարձան հայ ժողովրդի քաղաքական անկախության գրավականը:
Փա՜ռք, հայրենիքի անկախության համար նահատակված հայորդիներին:
Հերոսական ճակատամարտերն ու քաղաքական անկախության հայտը փոխեցին նաև օտարների գնահատականը: Մայիսի 28-ից ընդամենը մեկ շաբաթ առաջ շատերի համար չկար Հայաստան և չկար հայություն՝ որպես քաղաքական գործոն: Այդ օրը մենք ի լուր աշխարհի ասացինք, որ մենք կանք և կանք որպես լրջագույն գործոն տարածաշրջանում: Այդ օրը մենք բոլորին ասացինք, որ մենք կանք և չենք պատրաստվում չլինել, որ մենք ազգ ենք ու պետություն, ունենք շահեր և նպատակներ, որ վճռականորեն պաշտպանելու ենք մեզ, մեր շահերը և հետապնդելու ենք մեր ազգային նպատակները:
Ու թեև առաջին հանրապետությունը սովի, համաճարակների, գաղթականության և կիսամեռ որբերի երկիր էր, այնուամենայնիվ, հիմք էր դրվել նոր պետական կառույցի, որն ստանձնել էր մի հինավուրց ժողովուրդ կործանումից փրկելու առաքելությունը: Դա թանկ ու գնահատելի է բոլոր սերունդների համար: Դա առավել քան նվիրական է մեր սերնդի, մեզ՝ ժամանակակիցներիս համար, որ պատմական պարտք ունեցանք վերստեղծելու ազգային պետականությունը՝ որդեգրելով ամենաառաջադեմ գաղափարները, ժողովրդավարության և իրավունքի այն ամենաբարձր նշաձողերը, որոնք այժմ գոյություն ունեն աշխարհում:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիս խաղաղ աննկուն ոգու արտահայտության խորհրդանիշ: Այդ երեք հերոսամարտերը դարձան հայ ժողովրդի քաղաքական անկախության գրավականը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38