Տպել
Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Ամանորի շնորհավորանք
26.12.2012
Հարգելի լոռեցիներ, թանկագին բարեկամներ
Պատմություն է դառնում 2012 թվականը, որը մեր ժողովրդի կյանքում և նրա հիշողության մեջ առաջին հերթին եղել է և կմնա որպես լուրջ, արմատական բարեփոխումների տարի:
2012 թվականը մեր պետության և ժողովրդի համար քաղաքական, տնտեսական և սոցիալական լուրջ մարտահրավերների ժամանակաշրջան էր:
Լոռու մարզը եղել է այդ մարտահրավերների դիմակայման, հիմնախնդիրների լուծման, խոչընդոտները հաղթահարելու կիզակետում և ունեցել է իր ակնառու ավանդը տարբեր բնագավառներում արձանագրված հաջողությունների մեջ:
Մեր ողջ ժողովուրդը և մենք՝ ձեզ հետ միասին, Հանրապետության քաղաքական կյանքի ամենամեծ իրադարձության՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության շեմին ենք: Երկրի ղեկավարի ընտրությունը բախտորոշ դեր ու կշիռ ունի պետականության ամրապնդման ու հզորացման, երկրի զարգացման և բարօրության, յուրաքանչյուր ընտանիքի և քաղաքացու համար:
Ես վստահ եմ, որ մեզանում ընտրությունը կանցնի բարձր մակարդակով և ժողովրդավարական սկզբունքների անշեղ պահպանմամբ: Լոռեցիները կընտրեն իրենց արժանավոր նախագահին:
Հարգելի բարեկամներ, մեզ համար, ինչպես և ողջ հանրապետության համար, 2013 թվականը լինելու է բեկումնային: Այդ են վկայում ըստ ճյուղերի և բնագավառների մշակված և արդեն իսկ հաջողությամբ մեկնարկված զարգացման և բարեփոխումների ծրագրերը:
Համոզված եմ, որ նոր տարում թե′ քաղաքական և թե′ սոցիալ-տնտեսական գործընթացներում անցանկալի ցնցումներ չեն լինելու: Ապավինելով մեր ստեղծագործ մտքին և ստեղծարար բազկին, մենք նոր նվաճումներ ենք ունենալու, ժողովրդավարական, իրավական ամուր հիմքերով, արդյունավետ աշխատանքով ձգտելու ենք էլ ավելի բարեկեցիկ և ապահով դարձնել մեր կյանքը, էլ ավելի զորեղ դարձնել մեր բանակը, անսասան պահպանել մեր հավատքը: Դա յուրաքանչյուրիս նպատակն է և մենք այլընտրանք չունենք:
Հարգելի հայրենակիցներ:
Հնուց ի վեր Ամանորը մեր ժողովրդի կողմից նշվել է որպես ընտանեկան տոն: Լոռեցիներս էլ մի ընտանիք ենք և մեր բարությամբ, հյուրընկալությամբ, աշխատասիրությամբ ու հայրենասիրությամբ կրում ենք այն բոլոր որակները, որոնք հատուկ են արդար ու առողջ ընտանիքի համար:
Ուստի այդ հավատով ու ձգտմամբ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը, մաղթում, որ յուրաքանչյուրիս հարկի տակ թևածի անափ ուրախություն, սեր, համերաշխություն և բարեկեցիկ կյանք:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Արթուր Նալբանդյան
Լոռու մարզպետ