Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Ամանորի շնորհավորանք
30.12.2011
Թանկագին բարեկամներ
Պատմություն է դառնում 2011 թվականը, որը մեր ժողովրդի կյանքում և նրա հիշողության մեջ առաջին հերթին կմնա որպես Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման հոբելյանի տարի:
2011 թվականը մեր պետության և ժողովրդի համար նաև քաղաքական, տնտեսական և սոցիալական լուրջ մարտահրավերների ժամանակաշրջան էր:
Լոռու մարզը եղել է այդ մարտահրավերների դիմակայման, հիմնախնդիրների լուծման, խոչընդոտները հաղթահարելու կիզակետում և ունեցել է իր ակնառու ավանդը տարբեր բնագավառներում արձանագրված հաջողությունների մեջ:
Մեզ համար, ինչպես և ողջ հանրապետության համար, 2012 թվականը լինելու է բեկումնային: Այդ են վկայում ըստ ճյուղերի և բնագավառների մշակված և արդեն իսկ հաջողությամբ մեկնարկված զարգացման և բարեփոխումների ծրագրերը, որոնց իրականացման գործընթացը մշտապես գտնվում է կառավարության և հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում:
Համոզված եմ, որ նոր տարում թե′ քաղաքական և թե′ սոցիալ-տնտեսական գործընթացներում անցանկալի ցնցումներ չեն լինելու: Ապավինելով մեր ստեղծագործ մտքին և ստեղծարար բազկին, մենք նոր նվաճումներ ենք ունենալու, ժողովրդավարական, իրավական ամուր հիմքերով, արդյունավետ աշխատանքով ձգտելու ենք էլ ավելի բարեկեցիկ դարձնել մեր կյանքը, էլ ավելի զորեղ դարձնել մեր բանակը, անսասան պահպանել մեր հավատքը: Դա յուրաքանչյուրիս նպատակն է և մենք այլընտրանք չունենք:
Հարգելի հայրենակիցներ:
Հնուց ի վեր Ամանորը մեր ժողովրդի կողմից նշվել է որպես ընտանեկան տոն: Լոռեցիներս էլ մի ընտանիք ենք և մեր բարությամբ, հյուրընկալությամբ, աշխատասիրությամբ ու հայրենասիրությամբ կրում ենք այն բոլոր որակները, որոնք հատուկ են արդար ու առողջ ընտանիքի համար:
Ուստի ես ի սրտե շնորհավորում եմ մեր Լոռի-ընտանիքի Ամանորը, մաղթում, որ յուրաքանչյուրիս հարկի տակ թևածի անափ ուրախություն, սեր, համերաշխություն և բարեկեցիկ կյանք:
Շնորհավոր Ամանոր և սուրբ ծնունդ:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան