Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սարչապետ

Մակերես` 22,16կմ2

Բնակչություն` 2102

Տնային տնտեսությունների թիվը` 480:
Գյուղ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 68կմ հեռավորության վրա:
Բնակչությունը հիմնականում Արևմտյան Հայաստանի Մուշից, Ալաշկերտից գաղթածներն են, որոնք 1826-28թթ. Ռուս-պարսկական պատերազմի օրերին տեղահանվելով ճանապարհ են ընկել դեպի Արեւելյան Հայաստան: Այսպիսի մի հալածական խումբ էլ հասել է Լոք սարի լանջը, ինչպես պատմում են, դեպի անտառ անցնելու միտումով: Բերնեբերան անցած պատմությունը հանգում է նրան, որ սայլի անիվը ջարդվել է, առաջընթացը ընդհատվել և հիշյալ ընտանիքները ծվարել են Վիրահայոց լեռների երկրորդ թագուհու (Լալվարից հետո) Լոք սարի ստորոտում:
Հետաքրքրություն է ներկայացնում գյուղի անվանումը` Սարչապետ, որի ստուգաբանությունը առ այսօր չի տրված:
Բարձրությունը ծովի մակարդակից 1705 մետր: Բնակավայրի ռելիեֆը լեռնային է, խիստ էռոզացված, ամռանը զով է, ձմռանը` չափավոր ցուրտ: Ձմռան տևողությունը 202 օր է, իսկ ամռանը` 163 օր: Տարեկան միջին ջերմաստիճանը 3.6ºC է, իսկ առավելագույնը` +28ºC -30ºC: Տարեկան տեղումների քանակը 700-720մմ է: Գյուղատնտեսական նշանակության հողերը` 1732,4 հա, որից` 551,7 հա վարելահող, 3441հա խոտհարք, 745,8 հա արոտ: Հողերը գտնվում են 30-40º թեքության վրա:
Գյուղն ունի մշակույթի տուն, միջնակարգ դպրոց, ուր սովորում է 212 աշակերտ: Գործում է դպրոցի գրադարանը, որտեղից օգտվում է համայնքի բնակչությունը: Գրադարանն ունի 11300 անուն գիրք: Դպրոցի շենքում կա 200մ² վերանորոգված տարածք որպես մանկապարտեզ ծառայեցնելու համար, սակայն չի գործում ըստ նպատակի համապատասխան գույք, ջեռուցում և այլ անհրաժեշտ պարագաներ չունենալու պատճառով: Համայնքը չունի սպորտհրապարակ, մարզադահլիճ:
Համայնքն ունի բուժկետ, որը սկսել է գործել 2004թ-ից: Բուժկետն ունի համապատասխան գույք, սարքավորումներ, դեղանյութեր: Համագործակցում է <World vision> բարեգործական կազմակերպության հետ:
Համայնքում կա 1913թ. կառուցված եկեղեցի, որն այսօր կիսավեր վիճակում է: Գործում է 2005թ. կառուցված առաքելական եկեղեցին, որի հիմնադիրը Ռուսաստանի Դաշնությունում ապրող ու աշխատող սարչապետցի գործարար է: Գյուղի հյուսիսային մասում <<Լոք>> սարի վրա կա մատուռ, ուր ամեն տարի մայիս ամսին կատարվում է ուխտագնացություն` <<Հիսուսի համբարձման օրը>>:
Համայնքում ամեն տարի անցկացվում է համագյուղացի Աշոտ Պալաքյանի անվան շախմատի հուշամրցաշարը:
Գյուղի բնակչությունը աղքատ է. աննպաստ են գյուղատնտեսությամբ զբաղվելու պայմանները, ցածր է տնտեսության ապրանքայնության աստիճանը: Առաջընթացի խոչընդոտ են հողակտորների վատորակ լինելը, կլիմայական անբարենպաստ պայմանները, աշխարհագրական վատ դիրքը, գյուղ. մթերքի իրացման շուկայի պակասը, գյուղը դրանց կապող ճանապարհների անմխիթար վիճակը, ինչպես նաև գյուղատնտեսական մեքենաների ու գործիքների քանակի պակասը:
Համայնքում գյուղատնտեսության փոքր-ինչ չափով զարգացած ճյուղերից են անասնապահությունը և հողագործությունը: Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի արտադրությամբ: Այս արտադրությունը կախված է բնության քմահաճույքից: Անձրևային տարիներին որոշ չափով դեռ կարելի է բերք հավաքել. իսկ երաշտ տարիներին գյուղացին կորցնում է բերքի 75 տոկոսը:
Գյուղում առկա է աշխատուժի մասսայական արտագաղթ այդ թվում մանկավարժական կադրերի, ինչը հանգեցնում է գյուղատնտեսության ու կրթության մակարդակի ցածրացմանը: Արտագաղթի բուն պատճառը գործազրկությունն է:
Համայնքին օգնություն են ցուցաբերում արտերկրում ապրող ու աշխատող սարչապետցի հովանավորները:
Համայնքում առկա առաջնային հիմնախնդիրներից են՝ Նորաշեն-Սարչապետ ճանապարհահատվածի և ներհամայնքային փողոցների ասֆալտապատումը, խմելու ջրի ջրագծի կառուցումը, հակակարկտային կայանի տեղադրումը, մանկապարտեզի գույքավորումն ու գազաֆիկացումը, մարզահրապարակի կառուցումը, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերումը, մշակույթի տան վերանորոգումը:
Համայնքը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-18 14:35:30