Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Շահումյան

Մակերես` 47.79 կմ2

Բնակչություն` 3005

Գյուղը գտնվում է անմիջապես Վանաձոր քաղաքին կից, Վանաձոր-Դիլիջան մայրուղու 1-ին կիլոմետրի աջ եւ ձախ կողմում: Գտնվում է ծովի մակերեւույթից 1700-1800մ բարձրության վրա, վարչական տարածքում գտնվող «Մայմեխ» եւ «Թեժ լեռ» սարերը՝ 3080մ եւ 3100մ բարձրությամբ: 1933թ. կազմավորվել է հայկական գյուղ «Ղամբարանց թալա» կոչվող հանդամասում, իսկ ներկայիս գյուղի տարածքում՝ ադրբեջանաբնակ գյուղը՝ «Վարդանլու» անվամբ: («Ղամբարանց թալա»-«Ղամբարանց բացատ», «Վարդանլու»- «Վարդանանք»): 1936թ. երկու գյուղերը միացվել են իրար, դարձել մեկ գյուղ, որը կոչվել է «թիվ 6 սովխոզ»: Գյուղի հիմնական ուղղությունը եղել է այգեգործությունը եւ անասնապահությունը: 1936թ. այգեգործական բազայի վրա կառուցվել է պահածոների գործարան եւ գյուղը վերանվանվել է Շահումյանի անվան սովխոզ-գործարան:
Գործարանի շնորհիվ գյուղն իր հրաշալի, արեւահամ , որակյալ պտուղներով եւ գերազանց որակի պահածոներով մեծ ճանաչում է գտել ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ հանրապետության սահմաններից դուրս՝ նախկին ԽՍՀՄ-ում: Գործարանը բազմիցս արժանացել է մեդալների: Ներկայումս գործարանը սեփականաշնորհվել է, չի գործում կամ գործում է կամայականորեն, որի հետեւանքով 300 բնակիչներ մնացել են անաշխատանք, դրանով իսկ համալրելով գործազուրկների եւ սոցիալապես անապահով ընտանիքների բանակը: Համայնքի այգիները ծերացել են, սեփականաշնորհումից հետո մեծամասամբ հատվել, իսկ վառելիքա-էներգետիկ ճգնաժամի պատճառով ոչնչացվել է շրջակա անտառը 70%-ով, որը եւ ազդել է կլիմայի վրա: Ազգամիջյան հարաբերությունների սրման պատճառով տեղափոխված ադրբեջանցիների փոխարեն 1988թ. վերջերից մինչեւ 1990թ. գյուղը բնակեցվել է 132 ընտանիք (610 մարդ) փախստականներով՝ Բաքվից, Սումգայիթից, Շահումյանից բռնագաղթված հայերով, որոնց մի մասը, չհարմարվելով, անմիջապես տեղափոխվեցին Ռուսաստանի Դաշնություն եւ այլ երկրներ, 50%-ը ժամանակավորապես բացակայում են հանրապետությունից՝ աշխատատեղեր չլինելու պատճառով: Բռնագաղթվածները, քաղաքաբնակ լինելով, չեն ցանկանում զբաղվել գյուղատնտեսությամբ՝ չնայած օգտվել են սեփականաշնորհման իրավունքից, վարում են տնային տնտեսություն: Գյուղը երկրաշարժից տուժել է մասամբ: 1978թ. կառուցված բազմահարկ շենքը դարձել է վթարային, որը բյուջեի պակասի պատճառով չի վերանորոգվել:
Տուժել են նաեւ մասնավոր բնակարանները: Գյուղից վերեւ «Մայմեխ» սարն է իր սառնորակ աղբյուրներով՝ «Տաք աղբյուրներ», «Սպիտակ ջուր», «Վառված գոմ», «Սեւ ջուր», «Հաճարկուտ /Ֆըստխլու/» սարամասերով, «Անուշ», «Անգլիյսկի ջուր» աղբյուրներով եւ «Տանձուտ», «Չիչխան» գետերով:Վանաձոր-Դիլիջան տանող մայրուղու 2-րդ կիլոմետրի աջ մասում է գտնվում «Թեժ լեռ» հանգրվանը «Ալիք» նշանավոր ճամբարով, որոնք ներկայումս չեն գործում: Հարկավոր է նորից, զրոյից սկսելով, դարձնել գեղեցիկ, գողտրիկ տուրիստական հանգրվան, դրանով իսկ հարստացնելով համայնքի տեղական բյուջեն: Մասսայական ծառատնկման միջոցով մասամբ կարելի է վերականգնել անտառը եւ գյուղի գեղեցիկ տեսքը, հանգստյան գոտիները: Սեփականաշնորհման ոչ ճիշտ բաժանման պատճառով արոտավայրերը հեռու են, ազդում են անասնապահության հետագա զարգացման վրա:
Գյուղն ունի երկու քարհանք, 3 քարի մշակման արտադրամաս, որոնք նույնպես չեն գործում:
Գյուղն ունի «Զագարագեր» ամառանոցային, նախկին այգեգործական թաղամասը, որտեղ իրենց ամառային հանգիստն են անցկացնում շուրջ 100-200 վանաձորցիներ: Գյուղի կենտրոնում Է գտնվում Ստեփան Շահումյանի արձանը: Կլիման բարեխառն է՝ ձմեռը մեղմ, ամառը զով, տեղումների քանակը առատ՝ մարտ-հուլիս ամիսներին: Վերջին տարիներին ավելացել են բնական արհավիրքները՝ կարկտահարություն, երաշտ, հեղեղումներ եւ այլն:
Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղ. մթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ: Այս արտադրությունը կախված է բնության քմահաճույքից: Անձրեւային տարիներին որոշ չափով դեռ կարելի է բերք հավաքել, իսկ երաշտի տարիներին գյուղացին կորցնում է բերքի 80%-ը: Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր: Արոտավայրերի հեռու լինելու պատճառով անասնապահությունը վերելք չի ապրում: Մշտական տեղումները խոտհունձի ժամանակ գցում են խոտի որակը, որը եւ անդրադառնում է անասնապահական մթերքների արտադրության վրա:
Խոտի եւ խտացված կերի անբավարարության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը: Գյուղն ունի 1 միջնակարգ դպրոց, վերջին տարիներին վերանորոգված, բարվոք վիճակում, ուր սովորում է 305 աշակերտ: Դպրոցն ունի 36 ուսուցիչ: Արտագաղթի պատճառով պակասում է աշակերտների թիվը: Պետք է լուծել դպրոցի ջեռուցման հարցը: Նորոգման կարիք ունի նաեւ դպրոցի խմելու ջրի ցանցը: Համայնքն ունի մշակույթի տուն թիթեղյա կառուցվածքով, առանց ջեռուցման համակարգի: Նույնատիպ շենքում է գտնվում երաժշտական դպրոցը, որը ֆինանսական վիճակից ելնելով չի գործում: Մշակույթի տանն են գտնվում 2 գրադարանները: Գրադարանը կարիք ունի նոր գրականությամբ համալրման: Սպորտ հրապարակ չունենալու պատճառով երիտասարդությունը զրկված է սպորտային խաղերից, ֆուտբոլային խաղերը կազմակերպվում են դպրոցի մարզահրապարակում, որը միշտ զբաղեցնում են աշակերտները: Մշակույթի տունը չունի խմբակներ՝ երգի, պարի, հմուտ ձեռքերի, ասեղնագործության եւ այլն:
Գյուղում գործում է մեկ մարզային ենթակայության բուժ. ամբուլատորիա, որը գտնվում է բարվոք վիճակում: Շենքը 3 տարի առաջ վերանորոգվել է □Փրկեք երեխաներին□ կազմակերպության կողմից: Բուժկետն ունի 5 բուժ. աշխատող, կարիք ունի մասնագետ-բժիշկներով համալրման (ատամնաբույժ, գինեկոլոգ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-23 17:49:00