Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

 

 

Լոռի Բերդ (Վարչական կենտրոնը գ.Լոռի Բերդ)

Մակերես` 408.4 հակմ2

Բնակչություն` 377

 

Ագարակ       Բովաձոր      Լեջան      Կողես     Հովնանաձոր       Յաղդան     Սվերդլով      Ուռուտ       

 

Համայնքի ընդհանուր բնակչության թիվը՝ 5691
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի և <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հավելվածի 2.5-րդ մասի՝ 2017թ. նոյեմբերի 5-ին կայացած միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ՀՀ Լոռու մարզի Ագարակ, Բովաձոր, Լեջան, Լոռի Բերդ, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Լոռի Բերդ համայնքը:
Լոռի Բերդ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրեր են՝ Ագարակ, Բովաձոր, Լեջան, Լոռի Բերդ, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Կողես, Ուռուտ գյուղերը: Համայնքի կենտրոն է հանդիսանում Լոռի Բերդ գյուղը:
Ստորև ներկայացվում է համառոտ տեղեկատվություն համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի մասին.

Գյուղ Լոռի Բերդ
Տնային տնտեսությունների թիվը` 126
Մակերես` 520,04 հա
Բնակչություն` 414
Գյուղը հիմնադրվել է 1750-ական թվականներին, ծովի մակերեւույթից բարձր է 1380մ, վարչական տարածքը կազմում է 408.4հա, որից գյուղի բնակատեղը 36հա: Լոռի Բերդ գյուղը գտնվում է Լոռու մարզի Ձորագետ և Ուռուտ գետերի միջնահատվածում, Ստեփանավան քաղաքի արևելյան կողմում, պատմական Լոռի բերդաքաղաքի ավերակների մոտ, պատմական նշանակություն ունեցող դամբարադաշտերի վրա: Հեռավորությունը Ստեփանավան քաղաքից 2 կմ, մարզկենտրոնից 38 կմ: Սահմանակից է 4 այլ համայնքների վարչական տարածքներին: Գյուղով է անցնում Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհը:
1.5կմ դեպի արևելք կառուցված է Աշոտ Երկաթ-ի ամրոցը: Շրջակայքում կան միջնադարյան կառույցներ՝ Լոռե բերդաքաղաքը` 10-րդ դ., եկեղեցի 12-13-րդ դդ., կամուրջ՝ 10-13-րդ դդ., բաղնիք` 12-13-րդ դդ., գյուղատեղիներ և եկեղեցի` դարմանաթաղ գյուղատեղում 10-րդ դ.:
Գյուղի աշխարհագրական դիրքը նախալեռնային է, կլիմայական պայմանները անբարենպաստ: Տարվա եղանակներից անհամեմատ լավ է աշունը, ձմռանը երբեմն ձյուն չի գալիս, գարունը սովորաբար ուշացած է գալիս, հաճախակի քամիներով, իսկ ամառը տաք է, լինում են նաև կարկտահարություններ: Գյուղը չունի ինքնահոս խմելու և ոռոգման ջրի համակարգ, խմելու ջուրը մատակարարվում է դեպի Նոյեմբերյան գնացող ջրատարից: Գյուղն ունի առողջարար կլիմա:
1950թ. գյուղն ուներ 373, 1979թ.-ին՝ 398, 2002թ.-ին՝ 491 բնակիչ: Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի եւ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ, անասնապահությամբ: Գործում է քարարդյունահանող ձեռնարկություն: Ունի հիմնական դպրոց 29 աշակերտով, որը կառուցվել է 2002թ., կիսաքանդ մշակույթի տուն (ակումբ), գրադարան, բուժկետ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կաևորվում են խմելու ջրի ներհամայնքային ցանցի վերանորոգում, համայնքային կենտրոնի կառուցում, ներհամայնքային ճանապարհների վերանորոգում, համայնքի մի թաղամասի գազաֆիկացում:

Գյուղ Ագարակ
Մակերես` 2702,21 հա
Բնակչություն` 1190
Տնային տնտեսությունների թիվը՝ 403
Գյուղ Լոռի բերդ համայնքի կազմում, Ստեփանավան քաղաքից 8կմ արևելք, մարզկենտրոնից գտնվում է 42կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ագրակ, Ակրակ, Աքրաք, Էգրակ, Էքրեք անվանումները: Գյուղը տեղադրված է Ձորագետի ձախ ափին, սարահարթում` ծովի մակարդակից 1380մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, տեւական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում:
Գյուղը դեռեւս հիշատակվում է 13-րդ դարում եւ մտել է Գուգարք աշխարհի Տաշիրք գավառի մեջ: Ունի 17-րդ դարում կառուցված եկեղեցի: Ագարակի մոտ գտնվում է համանուն մենաստանը: Շրջակայքում կան շատ հին բնակավայրերի, ս. Աստվածածին եկեղեցու ավերակներ:
Ագարակը 1831 թ-ին ունեցել է 56, 1897 թ-ին` 654, 1914 թ-ին` 999, 1939 թ-ին` 1581, 1959 թ-ին` 1366, 1979 թ-ին` 1273 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2011 թ-ին համայնքի բնակչությունը կազմել է 1190 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48.8%, կանայք` 51.2%:
Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժամբուլատորիա, կապի հանգույց: Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (279հա), խոտհարքերը (197հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր` կազմելով 669հա: Օգտագործվում են նաև որպես վարելահողեր, խոտհարքեր, պտղատու այգիներ, որոնք ունեն փոքր տեսակարար կշիռ: Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Զբաղվում են նաեւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ: Գյուղում գործում են հանքարդյունահանող, վերամշակող, էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկություններ:
Գյուղի հիմնախնդիրների մեջ կարևորվում են մշակույթի տան վերակառուցումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը, դպրոցի մարզադահլիճի կառուցումը:

Գյուղ Բովաձոր
Մակերես` 1164,38 հա
Բնակչություն` 286
Տնային տնտեսությունների թիվը`
Բովաձոր գյուղը հիմնվել է 1818 թ. Գեներալ Երմոլովի զինվորների, Սարատովից և Կուրսկից եկած ռուսների կողմից։ Սկզբում այն գտնվել է Էրիվան - Թիֆլիս ճանապարհին կից։ Սակայն առաջին իսկ գարնան ջրհեղեղը մեծ վնասներ է պատճառե լ գյուղի բնակիչներին, և գյուղը տեղափոխվել է դեպի արևելք, որտեղ էլ գտնվում է մինչ այսօր։ Գյուղը սահմանակից է 4 այլ համայնքների վարչական տարածքներին, որից մեկը Ստեփանավան քաղաքն է։: Գյուղը գտնվում է Վերին-Ձորագետ գնահատման շրջանում: Գյուղի կառուցումը տևել է 7 տարի։ Տարածքը կազմել է այժմյան Բովաձորի 1/4 -րդ մասը։ 18 ընտանիք ունեցող գյուղը սկզբում ի պատիվ Կովկասն ազատագրող ռուս ցար Ալեքսանդր I , անվանվում է Նովոալեքսանդրովկա, իսկ 1935 թ. ռուս մեծանուն գրողի պատվին կոչվում է Մաքսիմ Գորկի։ Հայաստանի հանրապետության կազմավորումից հետո՝ 1992 թվին այն ստացավ Բովաձոր անունը։ Գյուղն ունեցել է ծխական դպրոց և եկեղեցի, սակայն վերջինիս տարածքում 1936 թ. կառուցվել է մեկ այլ դպրոց։ Գյուղի թիկունքի բարձրաբերձ լեռներում է գտնվում 15 մետր խորությամբ հանքահորը։ Գյուղի տարածքով է անցնում է Լոռվա ջրանցք ոռոգման համակարգը։
Ներկայումս գյուղում կա մեկ դպրոց, մեկ համայնքային կենտրոն և բուժկետ։ Գյուղի սկզբնամասում է գտնվում ավելի քան հարյուր տարվա պատմություն ունեցող աղբյուր-հուշարձանը։
Հեռավորությունը նախկին շրջկենտրոնից 5 կմ, մարզկենտրոնից 42կմ: Ծովի մակարդակից բարձր է 1430մ: Վարչական տարածքը կազմում է 1164.3 հա, որից գյուղի բնակատեղը՝ շուրջ 26հա: Գյուղի աշխարհագրական դիրքը հարմար է, կլիմայական պայմաններն անբարենպաստ: Տարվա եղանակներից անհամեմատ նպաստավոր է աշունը, ձմեռը երբեմն խստաշունչ է, ձյան քիչ ծածկույթով, գարունը սովորաբար ուշացած է գալիս, իսկ ամառը զով, անձրեւային, հաճախակի քամիներով: Լինում է նաև կարկտահարություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ եւ անասնապահությամբ:
Գյուղ Լեջան
Մակերես` 2673,96 հա
Բնակչություն` 826
Տնային տնտեսությունների թիվը՝ 270
Գյուղը կազմավորվել է մոտավորապես 1850-ական թվականներին: Այն գտնվում է ծովի մակարդակից 1460 մ բարձրության վրա: Հեռավորությունը Ստեփանավան քաղաքից 7 կմ, մարզկենտրոնից 43 կմ: Գյուղի հյուսիսային կողմում սարեր են, արոտավայրեր, արևելյան կողմում մոտ40 մ խորությամբ ձորն է և անտառը, հարավային և արևմտյան կողմերում վարելահողեր են: Գյուղի կլիման վերջին տարիներին խիստ փոփոխվել է:Նախկին ձյունառատ ձյան ձմռան փոխարեն ներկայումս շատ քիչձյուն է տեղում, գարունը ցուրտ է, ամառը՝ զով, իսկ աշունը տաք և անձրևային: Հաճախակի են կարկտային, երաշտի տարիները, որոնք մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը:
Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ: Հիմնականում համայնքում արտադրվում են ցորեն, կարտոֆիլ, կերի արմատապտուղ, բանջարաբոստանային կուլտուրաներ (վերջինս սեփական սպառման համար), միս, կաթ, մեղր, բուրդ, ձու (սեփական սպառման համար): Երաշտի և կարկուտի , վատ որակի, հնացած սերմնացուների և սպառման շուկայի բացակայության պատճառներով գյուղացին կորցնում է բերքի 40-60%-ը: Երաշտի տարիներին խոտի և խտացված կերի անբավարարվածության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը, որը հանգեցնում է անասունների հարկադրված մորթի:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 79 աշակերտ, գրադարան:
Գյուղն ունի 5-րդ դարում կառուցված և 19-րդ դարում վերակառուցված եկեղեցի: Գյուղում գործում է մեկ բժշկական ամբուլատորիա, որը գտնվում է վարչական շենքում:
Գյուղ Կողես
Մակերես` 1219.0 հա
Բնակչություն` 395
Տնային տնտեսությունների թիվը` 102
Կողես համայնքը հիմնվել է մոտ 1000 տարի առաջ , նախկինում այն բնակեցված է եղել հույներով : Գյուղում և շրջակայքում պահպանվել են քառակող կոթող (XIդ.), եկեղեցի (XIդ.), գերեզմաններ խաչքարերով (XII-XIIIդդ.), կամուրջ (XIIIդ.), Տուտիկ իշխանի կառուցած հուշակոթողը (1241թ.): Կողես գյուղը գտնվում է Լոռու մարզի վարչական տարածքում՝ հյուսիսային մասում: Մարզկենտրոնից հեռավորությունը 52 կմ է, քաղաք Ստեփանավանից գյուղի հեռավորությունը մոտ 18 կմ է :Գյուղի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1350 մ է, մոտակա երկաթուղուց հեռավորությունը 20 կմ է : Գյուղի վարչական տարածքը 1219,0 հա է , որից բնակելի զանգվածը կազմում է 23 հա: Գյուղի կլիման մեղմ է, բարեխառը: Ձմռանը համեմատաբար տաք է՝ հիմնականում կայուն ձյունածածկով: Հունվարի միջին ջերմաստիճանը - 4.5 է, հուլիսին՝ +20 : Նվազագույն ջերմաստիճանը - 32 է , առավելագույնը՝ +40: Շնորհիվ մեղմ կլիմայի ունի փարթամ բուսականություն: Անտառներում հիմնականում կա կաղնի , լորենի , սոճի , վայրի տանձի , բոխի: Գյուղի բնակչությունը կազմում է 395 մարդ , որից տղամարդ՝ 202, կին՝ 193: Բնակչության սոցիալական կազմը հետևյալն ` երեխաներ մինչև 4 տարեկան – 15 դպրոցականներ – 32 բնակչություն 18 – 65 տարեկան - 249  թոշակառուներ – 25 հաշմանդամներ - 11:
Աշխատունակ բնակչության թիվը կազմում է 240 մարդ:
Գյուղ Հովնանաձոր
Մակերես` 1293,24 հա
Բնակչություն` 90
Տնային տնտեսությունների թիվը` 30
Գյուղը գտնվում է մարզկենտրոնից 53 կմ հեռավորության վրա դեպի արևելք: Հովնանաձոր (նաեւ Թազագյուղ, Հովանդարա) գյուղն ունի մոտ 2 դարի պատմություն, որի վկայությունն է գյուղի հին ծխամատյաններում նշված մարդկանց ծննդյան թվերը, որոնք ծնվել եւ ապրել են այդ գյուղում, ինչպես նաեւ գյուղի կենտրոնում գտնվող հին գերեզմանների վրա նշված տարեթվերը: Ենթադրվում է նաև, որ գյուղն ունի ավելի հին պատմություն, քանի որ գյուղի արևելյան կողմում կան գերեզմաններ, որոնք գյուղի ամենատարեցների վկայությամբ եկեղեցականների գերեզմաններ են եւ գտնվում են քիչ ավելի վերև գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, որի դեռևս մնացած քարերի վրա կան հետաքրքիր նկարներ ու քանդակներ մարդկանց եւ կենդանիների պատկերներով: Գյուղը գտնվում է ծովի մակերեւույթից 1480մ բարձրության վրա, շրջապատված է բարձր քարաժայռերով, սարադաշտերով, լանջերով ու սառնորակ աղբյուրներով: Մեծ Ական ակունքից բխող ինքնահոս ջուրը ապահովում է գյուղի բնակչությանը խմելու ջրով: Չնայած գյուղի յուրաքանչյուր ծուխը չունի առանձին ջրի ծորակ, բայց գյուղի տարբեր կողմերում կառուցված հին հուշարձան-աղբյուրներից օգտվելով, բնակչությունը չի դժգոհում, քանի որ ցանկացած պահի կարող է օգտվել սարերից եկող մաքուր ու սառնորակ ջրից:
Գյուղի կլիման երկարատեւ ձմռանը ցուրտ է, իսկ կարճատեւ ամռանը՝ ոչ շատ տաք: Հաճախակի են կամ չորային երաշտի տարիները, կամ էլ անձրեւային կարկտահարությունը: Երկու դեպքում էլ տուժում է գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին: Ոռոգման ջուր չունենալու եւ ցածր կարգի, քարքարոտ հողեր ունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղ. մթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Կարտոֆիլի եւ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությունը ցածր բերքատվության պատճառով քիչ է կատարվում, այնքան որ հազիվ բավարարում է համայնքի բնակիչների սեփական պահանջարկը: Ցորենի արտադրությունն էլ ցածր բերքատվության տոկոս ունի՝ 1հա-ից 2-3 տոննա, եթե բնության քմահաճույքն էլ հաշվենք, գյուղացին կորցնում է այդ սակավ բերքի 40-50%-ը:
Գյուղը չունի միջնակարգ դպրոց դեռևս 1973-73թթ.: Գյուղն ունի 1992-1993թ.թ. կառուցված բուժկետ: 1948-ին բնակչության մի մասը տեղափոխվել է Հոկտեմբերյանի շրջան, Կիրովական, Ստեփանավան:
Գյուղի հիմնախնդիրների մեջ կաևորվում են խմելու ջրի ներքին ցանցի կառուցումը, համայնքի գազաֆիկացումը, համայնքային կենտրոնի կառուցումը, ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը, ոռոգման համակարգի կառուցումը:
Գյուղ Յաղդան
Մակերես` 1296,55 հա
Բնակչություն` 281
Տնային տնտեսությունների թիվը` 82
Լոռու մարզի Յաղդան համայնքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս – արևելյան շրջանի արևելյան մասում, համայն: Գյուղը Վանաձորից 50կմ հարավ – արևմուտք, Երևանից 150կմ հարավ – արևմուտք, ծովի մակերևույթից 1250 բարձրության վրա է: Ունի մասնատված ռելիեֆ և մեղմ կլիմա, օդի տարեկան միջին ջերմաստիճանը +8 աստիճան է, գարունը կարճատև է, բուռն անձրևային, ամառը երկարատև է, համեմատաբար զով, շրջակա անտառները մշտապես թարմ օդ են մատակարարում համայնքին: Տևական ու մեղմ է նաև աշունը, տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 200-520մմ:
Գյուղի վարչական տարածքը 1296,55հա է, մշտական բնակչությունը՝ 281մարդ։ Գյուղը սահմանակից է Լոռու մարզի Ագարակ, Հովնանաձոր և Կողես գյուղերին: Գյուղի սկզբում տեղադրված է Զինվորի արձանը : Գյուղում կա 12-13-րդ դարի կառուցված մատուռ, համայնքում կա խաղահրապարակ, հանգստի գոտի, մերձակա անտառային գոտիներ, կան սառնորակ աղբյուրներ, որոնք գտնվում են գեղատեսիլ վայրերում:
Յաղդան գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։
Գյուղ Սվերդլով
Մակերես` 3346,19 հա
Բնակչություն` 1174
Տնային տնտեսությունների թիվը` 271
Գյուղը հիմնվել է 18-րդ դարի առաջին կեսին: Հիմնադիրները եղել են գյուղից 6 կմ հյուսիս – արևելք գտնվող Դորբանդ կոչվող բնակավայրի բնակիչները: Գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է, ինչի մասին խոսում է գյուղի կենտրոնում տուֆից ու բազալտից կերտած 5-7- րդ դդ. Լավ պահպանված Ս.Գևորգ եկեղեցին: Եկեղեցին հիմնովին վերանորոգվել է 19-րդ դարում, և հարավային մուտքի առջև կառուցվել է զանգակատուն: Եկեղեցու նեղ և ձգված դահլիճը չորս զույգ որմնանյութերով և թաղակիր կամարներով բաժանվում է հինգ հատվածի: Կիսաշրջանաձև հատակագծով խորանի երկու կողմերում աբսիդներով ուղղանկյուն ավանդատներ են: Դռները երեքն են ՝ հարավից, հյուսիսից և արևմուտքից, որոնք ունեցել են ճակտոնով ու զույգ կիսասյուներով ձևավորված կամարակապ շքամուտքեր: Ե կեղեցուց հյուսիս – արևելք թաղածածկ մատուռի՝ 13-րդ դարի ավերակներ: Պահպանվել է գերեզմանոց խաչքարերով և ձիթհան:
Գյուղը գտնվում է Ուռուտ գետի ափին, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս – արևելք, ծովի մակերևույթից 1480 մ բարձրության վրա: Հեռավորությունը մարզկենտրոնից 48 կմ: Գյուղի միջով հոսում է Միսխանա գետը:
Գյուղի ազգաբնակչությունը միատարր է: Գյուղի կլիման ձմեռը խստաշունչ է, ամռանը՝ զով, հաճախակի տեղումներով, նաև կարկուտով:
Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի և բանջարա – բոստանային կուլտուրաների արտադրությամբ, զբաղվում են նաև անասնապահությամբ:
Գյուղամերձ խոտհարքները և արոտավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 1900-2400մ բարձրության սահմաններում, անտառային ենթալպյան և ալպյան գոտիներում՝ մեղմ, միջակ թեք լանջերում, որը բարենպաստ է անասնապահության զարգացման համար:
Գյուղն ունի հիմնական դպրոց, բարվոք վիճակում, ուր սովորում է 149 աշակերտ, գրադարան, որը գտնվում է գյուղապետարանի մի մասում և բուժկետ:
Գյուղ Ուռուտ
Մակերես` 2825,96 հակ
Բնակչություն` 1050
Տնային տնտեսությունների թիվը` 285
Գյուղը գտնվում է Ուռուտ գետի ափին, Ստեփանավանից 7 կմ հյուսիս – արևելք: Հեռավորությունը մարզկենտրոնից 43 կմ է: Ուռուտ (գետափը պատված է եղել ուռիներով, որի պատճառով գյուղը և գետը այդպես են անվանել) գյուղը հիմնվել է 19-րդ դարի սկզբին: Ուռուտ գյուղը փռված է Մեծ քարկոչվող սարի լանջին 2 կմ երկարությամբ: Կողքով հոսում է Ուռուտ գետը: Գյուղի արևելյան մասում է գտնվում եկեղեցին, իսկ հարավ – արևմտյան մասում է գտնվում Սուրբ Սարգիս մատուռը:
Ծովի մակերևույթից բարձր է 1450 մ: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Հաճախակի են անձրևոտ, կարկտային և երաշտի տարիները, որից շատ է տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին: Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, վերջին տարիներին մասնակի վերանորոգված, բարվոք վիճակում, ուր սովորում է 153 աշակերտ:Գործում է գրադարան: Գյուղում գործում է առողջության առաջնային պահպանման կենտրոն:

Հասցեն՝ գ.Լոռի Բերդ, 1901

հեռ՝ (+256) 21475

էլ.հասցե՝loriberd.lori@mta.gov.am


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 10:27:09