Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լեռնապատ

Մակերես` 36.18 կմ2

Բնակչություն` 2279

Գյուղն ունի հին պատմություն: Նրա տարածքում պահպանվել են բրոնզեդարյան բնակատեղիների հետքերը, բայց գրավոր հիշատակություններ չկան: Գյուղի □Ուռուտ□ հանդամասում պահպանվել են 13-րդ դարի գերեզմանոցի հետքերը:
17-րդ դարում գյուղը կոչվել է Հաջի-Ղարա: Բնակչության մեծ մասի նախնիները 18-րդ եւ 19-րդ դդ. այստեղ են տեղափոխվել Ղարաբաշից, Պարսկաստանի Սալմաստ գավառից եւ Արեւմտյան Հայաստանից: 1918թ. գյուղը հերոսաբար մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին եւ ստացել Կարմիր Հաջի-Ղարա անունը:
Հայրենական Մեծ պատերազմից հետո վերանվանվել է Մակարաշեն, իսկ 50-ական թվականների վերջին` Լեռնապատ: 1988թ. երկրաշարժից գյուղը ավերվեց ամբողջովին եւ ունեցավ 130 զոհ: Վերականգնողական աշխատանքները կատարվել են ընդամենը 20%-ով, իսկ բնակչության 80%-ը բնակվում է տնակներում:
Գյուղում կա 1862թ. կառուցված Բազիլիկ եկեղեցի, որը գտնվում է վթարային վիճակում: Կան նաեւ Հայրենական պատերազմի զոհերի հիշատակի հուշարձան, Ղարաքիլիսայի ճակատամարտի եւ երկրաշարժի զոհերի հիշատակի խաչքարեր: Գյուղն ունի տնակային պայմաններում գործող փոստ, ակումբ, մանկապարտեզ, բուժ.կետ: Դպրոցը գտնվում է թիթեղից պատրաստված երկհարկանի շենքում:
Լեռնապատը գտնվում է մարզկենտրոնից 14կմ հեռավորության վրա, Վանաձոր-Սպիտակ մայրուղու 8-րդ կմ-ից ձախ` 4կմ հեռու:
Ծովի մակերեւույթից միջին բարձրությունը 1520մ է: Գյուղի միջով հոսում է Լեռնաջուր գետը, որը միանում է Փամբակին: Գյուղը սահմանակից է Արջուտ, Սարալ, Դարպաս, Հալավար գյուղերին: Կլիման ձմռանը խիստ է` մինչեւ -28C, իսկ ամռանը զով` +30C: Գյուղը շրջապատված է Փամբակի լեռնաշղթայի լեռներով:
Գյուղում հիմնականում զբաղվում են ցորենի, գարու կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ: Այս ճյուղի զարգացմանը նպաստում է վերջին տարիներին նորոգված եւ կառուցված ոռոգման ցանցի առկայությունը: Իսկ խոչընդոտ է հանդիսանում գյուղ. տեխնիկայի բացակայությունը:
Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու: Այս ճյուղի զարգացմանը խանգարում են արոտների, խոտհարքների հեռավորությունը, վատ ճանապարհները, տեխնիկայի սակավությունը, մաշվածությունը եւ գնողունակ բնակչության բացակայությունը:
Հաջողությամբ զարգանում է մեղվաբուծությունը:
Գյուղն ունի ոչ տիպային միջնակարգ դպրոց, որը կառուցվել է վերջին տարիներին: Դպրոցում սովորում է 390 աշակերտ: Դպրոցն ունի 40 աշխատատեղ: Անմխիթար վիճակում է դպրոցի կոյուղու ցանցը: Դպրոցը չունի սպորտ դահլիճ եւ մարզագույք: Չունի նաեւ լաբորատոր սարքավորումներ եւ դիդակտիկ նյութեր:
Համայնքն ունի ակումբ, որն անմխիթար վիճակում է: Մշակույթի տան եւ գրադարանի այրվելուց հետո ոչնչացավ գրադարանային ֆոնդը եւ մշակույթի տան գույքը: Համայնքը զրկված է հասարակական միջոցառումներից, կինոյից թատրոնից: Ակումբը եւ փոքրիկ սպորտհրապարակը չեն բավարարում բնակչության պահանջները:
Վերականգնվել է նախկինում եղած □Լեռնապատ□ մեծահասակների պարային համույթը, որը մեծ համբավ ունի Հանրապետությունում:
Գյուղի եկեղեցին չի գործում եւ բնակչության հոգեւոր դաստիարակությամբ որոշ չափով զբաղվում են միայն մանկավարժները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-29 11:23:57