Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արդվի

Մակերես` 8,2կմ2

Բնակչություն` 240

Գյուղ Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 9կմ հարավ-արեւմուտք, մարզկենտրոնից գտնվում է 45կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Արդու, Արտվի, Մելիքգյուղ, Մելիքքյանդ անվանումները: Հնում մտել է Գուգարք աշխարհի Տաշիրք գավառի մեջ: Ըստ տեղացիների գյուղն հնում կոչվել է Մելիքգյուղ: Նոր ժամանակներում հանդիպում է նաեւ Արդու գրությամբ: Հովհան Օձնեցին իր ծննդավայրից եկել է այստեղ, կառուցել ճգնարան եւ եկղեցի: Ըստ ավանդության` □Օձունից հեռանալիս նա անիծել է այն եւ Մելիքգյուղ գալով անվանել է Առտվի, այսինքն` Մելիքն առա եւ Օձունը տվի□:
Գյուղում կան երկու եկեղեցիներ: Դրանցից մեկը Հովհան Օձնեցու կառուցած ս. Հովհաննես վանքը (718-728թթ), որը վերակառուցվել է 17-րդ դարում: Եկեղեցու ներսում գտնվում է Հովհաննես Օձնեցու գերեզմանը: Մյուսը ս. Հարություն եկեղեցին է` կառուցված 10-րդ դարում: Վերջին դարերում Արդվին եղել է Լոռու մելիքների կալվածքները:
Գյուղը տեղադրված է Դեբեդ գետի բարձրադիր ձախափնյա սարավանդում, անտառապատ լեռան ստորոտում` ծովի մակարդակից 1450մ բարձրության վրա: Գյուղի մոտ գտնվող ձորը կոչվում է Վիշապաձոր: Կլիման բարեխառն լեռնային է, տեւական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ:Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում:
Ունի սառնորակ աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր: Ունի բազմամետաղների հանքերի առանձին ելքեր, որոնք չունեն արդյունաբերական նշանակություն:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել է Ղարաբաղից եւ Բերդից: 1970 թ-ին գյուղն ունեցել է 236 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքի բնակչությունը կազմել է 185 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք` 54%: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (153հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր` կազմելով 437հա: Գյուղի մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ: Զբաղվում են նաեւ դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են բանջարաբոստանային, կերային, հացահատիկային կուլտուրաներ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-16 17:06:18