Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

 

 

Ալավերդի (Վարչական կենտրոնը ք.Ալավերդի)

Մակերես` 295,134կմ2

Բնակչություն` 24935

 

2022 թվականին համայնքների խոշորացման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվեցին համայնքների փնջեր, այդ թվում Ալավերդի խոշորացված համայնքը, որի փնջի կազմում ընդգրկված բնակավայրերն են քաղաք Ալավերդին (այդ թվում՝ Ակներ, Սանահին, Մադան գյուղական թաղամասերը), Աքորի, Կաճաճկուտ, Հաղպատ, Ծաղկաշատ, Ջիլիզա, Ախթալա, Առողջարանին կից գյուղ, Բենդիկ, Ճոճկան, Շամլուղ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Նեղոց, Շնող, Թեղուտ, Քարկոփ, Օձուն, Ամոջ, Այգեհատ, Արևածագ, Արդվի, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի, Մղարթ
բնակավայրերը: Համայնքի կենտրոն է հանդիսանում Ալավերդի քաղաքը: Համայնքի կազմում ընդգրված յուրաքնաչյուր բնակավայր ունի հիմնադրման իր պատմությունը.

 

Ալավերդի. Ալավերդին քաղաքային բնակավայր է դարձել 1939 թվականից: Քաղաքի վարչական տարածքի մեջ մտնում են Ալավերդին, Ակները, Սանահինը և Մադանը:
Ալավերդին և նրա մերձակայքը բնակեցված են եղել դեռևս հին ժամանակներից։ Հայտնաբերված հնագիտական նյութերն ընդգրկում են պատմական համարյա բոլոր դարաշրջանները։ 1931 թվականին շինարարական աշխատանքների ժամանակ գտնվել են պղնձե և բրոնզե առարկաներ, այդ թվում՝ աշխատանքային գործիքներ, զենքեր, զարդեր, որոնցից ամենահինը պղնձե կտցավոր կացինն է։ Այն թվագրվում է մ. թ. ա. 3-րդ հազարամյակի երկրորդ կեսին:
Հնագույն ժամանակներից ի վեր այստեղ իրականացվել է պղնձի հանույթ և մշակում: Պղնձարդյունաբերությունը բավական աշխուժացել է 18-րդ դարում, երբ Գյումուշխանեից այստեղ են եկել հույն հանքագործներ և կառուցել Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Գործարանը ամբողջովին ավերվել է Աղա Մահմեդ խանի 1795թ.-ի արշավանքի ժամանակ: 1887թ.-ին Ալավերդու պղնձարդյունաբերության մեջ իշխող դիրք են ձեռք բերում ֆրանսիացիները, որոնք տեղադրում են նոր հնոցներ և վառարաններ, ստեղծում մանր պղնձաձուլարաններ:
Պղնձի արտադրութունը Ալավերդու տնտեսության մեջ առանցքային դեր է խաղացել: Ներկայում պղնձաձուլական գործարանը չի գործում: Քաղաքի տնտեսական զարգացմանը նպաստել է նաև Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթուղու կառուցումը:
Ալավերդին աչքի է ընկնում պատմական և ճարտարապետական հուշարձանների առատությամբ: Համայնքի տարածքը հարուստ է պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձաններով: Դրանց մեջ են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սանահինի վանական համալիրը և Սանահինի պատմական (Քարե) կամուրջը: Սանահինի Վանական համալիրի առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30-40-ական թվականներին (Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք), իսկ 12-րդ դարի վերջին Դեբեդ գետի վրա կառուցվել է Սանահինի նշանավոր կամուրջը, որով անցնում է վանք տանող ճանապարհը:

Աքորի. Աքորի գյուղը գտնվում է Լալվար լեռան հարավ-արևելյան ստորոտին, Ալավերդի քաղաքի հարավ-արևմուտքում: Գյուղի հիմնադրման մասին ստույգ տեղեկատվություն չի պահպանվել, սակայն գյուղի տարածքում գտնվող «Ագեղցի» եկեղեցին, որը կառուցվել է 5-6-րդ դարերում, փաստում է, որ գյուղի տարածքը բնակեցված է եղել այդ դարերից:
Գյուղից 3կմ հյուսիս-արևմուտ՝ Լալվար լեռան թեքադիր լանջին է գտնվում Բգավորի կեղեցին:
Պատմական աղբյուրները չեն պարունկում որևէ տեղեկություն եկեղեցու կառուցման մասին: Բգավոր եկեղեցու ճարտարապետական հորինվածքը հիշեցնում է այս տարածաշրջանում գտնվող 13-րդ դարի Ախթալայի և Քոբայրի հուշարձանները, որը հնարավորություն է տալիս ենթադրել, որ Բգավորը պատկանում է այդ դարաշրջանին:
Հարավարևմտյան կողմի ցածր մասում փռված է հին գյուղատեղը մեծ թվով կացարանների մնացորդներով՝ «բագերով», որից և եկեղեցին ստացել է Բգավոր անվանումը:

Կաճաճկուտ. Կաճաճկուտ գյուղը գտնվում է Լալվար սարի (Վիրահայոց լեռներ, Երկարությունը՝ 86 կմ, Առավելագույն բարձրությունը՝ 2552 մ) հարավային լանջին՝ Ալավերդի քաղաքից 15 կմ հեռավորության վրա: Կաճաճկուտ գյուղն ունի հին պատմական արմատներ, ինչի վկայությունն է գյուղի տարածքում գտնվող 7-8-րդ դարերին թվագրվող «Սեդվու Սուրբ Նշան» եկեղեցին և նույն տարածքի գերեզմանատունը:

Հաղպատ. Հաղպատը որպես բնակավայր թվագրվում է մ.թ.ա. 8-7-րդ դարերին: Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և հաշտվեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։
Միջնադարում Հաղպատը անվանվել է նաև մայրաքաղաք, բայց ոչ թե մարդաշատ կամ քաղաքական տեսակետից, այլ որպես հոգևոր մեծ կենտրոն: Հաղպատն աշխարհին հայտնի է իր պատմաճարտարապետական կառույցներով` Հաղպատավանքով, որը եզակի կառույց է և գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Հաղպատավանքը հիմնադրվել է 976 թ. Բագրատունյաց Աշոտ ողորմածի կնոջ` Խոսրովանուշ թագուհու միջոցներով: Վանքն ունեցել է 500 հոգևորական: 1820-1828թթ. Եփրեմ կաթողիկոսի օրոք Մայր Աթոռը Էջմիածնից տեղափոխվել է Հաղպատ:
Ներկայիս հաղպատցիների նախնիները Արցախի Խաչեն գավառից են:

Ծաղկաշատ. Ծաղկաշատ գյուղը գտնվում է Ալավերդի քաղաքից 12 կմ հարավ-արևելք Գուգարաց լեռնաշղթայի արևմտյան լանջերին: Ծաղկաշատ գյուղը ունի հին պատմական արմատներ, բայց չկան ստույգ արձանագրված տվյալներ, սակայն 1927 թվականից պաշտոնապես այն անվանվել է Խաչի Դուռ: Անվանումն առաջացել է գյուղի հարավ-արևմտյան կողմում, ոչ մեծ բլրի վրա հայտնաբերված 9-10-րդ դարերում կառուցված Խաչի Դուռ մատուռի անվանումից: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գյուղը վերանվանվել է Ծաղկաշատ անունով, ընդգրկելով նաև հարակից տարածքները՝ Ջարդ, Գեղատեղ, Կախմախուտ փոքր բնակավայրերը: Ծաղկաշատ անունն առաջացել է բազմաթիվ և բազմերանգ ծաղիկների բազմազանությունից:
Ջիլիզա. Ջիլիզա գյուղը գտնվում է Վրաստանի Հանրապետության սահմանի մոտ, Ալավերդի քաղաքից 33կմ հեռավորության վրա: Ջիլիզա (բառ. բացատրություն` սիզախոտով հարուստ վայր, ժող. բաց.` շատ հեռու) գյուղը հիմնադրվել է 1910թ., Հայկի որդի Խոռի կառուցած Խորակերտ կամ Խոռակերտ գյուղաքաղաքի տեղում, որից պահապանվել է համանուն եկեղեցին (XIIդ) և բազմաթիվ այլ հուշարձաններ, գերեզմանոցներ և ավերված բնակատեղիներ: Պահպանվել է նաև Խուճապի վանքը /12-րդ դար/, ինչպես նաև Չախալաբերդ, հնում Բազաբերդ կամ Բազկերդ ամրոցի մի մասը /9-10րդ դդ./:

Ախթալա. Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թվականին և նրա դին ամփոփվեց Պղնձահանքում, որն Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքն ուղղափառ) եկեղեցի։ Խոսքը Ախթալայի եկեղեցու մասին է։ Ըստ Գանձակեցու՝ նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանե Ա-ի որդի, իշխան Ավագը (մահ. 1250 թ. Բջնիում)։
Միջնադարում (X դար) է կառուցվել նաև Պղնձահանքի կամ Ախթալայի բերդը։ Քաղաքում պահպանվել են նաև բազմաթիվ այլ պատմամշակութային հուշարձաններ. մասնավորապես Ախթալայի վանք, Սուրբ Երրորդություն (սուրբ Աստվածածին) վանքը (XIII դար), Առաքելոց (Սուրբ Գևորգ) և Այանես եկեղեցիները, Խաչվանք, Նահատակի վանք մատուռները և Սուրբ Հովհաննես մատուռ-խաչքարը։
Ախթալա բնակավայրը 1921թ. հուլիսի 20-ի «ՀՍԽՀ վարչական վերաբաժանումների» դեկրետով եղել է Լոռու գավառի Ալավերդի գավառամասի կազմում, 1930թ. սեպտեմբերի 9-ից` Ալավերդու վարչական շրջանի կազմում, որը կազմավորվել է Ալավերդու և Դսեղի գավառներից, 1969 թվից` Թումանյանի շրջանի կազմում: 1939թ. Ախթալան ունեցել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ, որի ավանային սովետին վարչատարածքային կարգով ենթարկվում էին (1971թ.) Ախթալայի առողջարանը, առողջարանին կից ավանը, Վերին Ախթալա գյուղը, Նեղոց գյուղը, Քարկոփ ավանը: 1995 թվից «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Ախթալա քաղաքատիպ ավանին տրվել է քաղաքի կարգավիճակ Լոռու մարզի կազմում: Այժմ Ախթալայի քաղաքային համայնքի կազմում են Ախթալա քաղաքը, Ախթալայի առողջարանը և դրան կից գյուղը:
Ախթալա քաղաքը Հայաստանի Հանրապետության գունավոր մետալուրգիայի կենտրոններից մեկն է: Հայկական լեռնաշխարհում գունավոր մետաղների ձուլումը հայտնի է եղել մ.թ.ա. III-II հազարամյակում (Մեծամոր), մշակվել են պղնձի, անագի, ոսկու հանքավայրեր (մ.թ.ա. IV-III դդ.): Պղնձի, ոսկու, բազմամետաղային հանքանյութերի մշակումը, երբեմն տևական ընդմիջումներով, շարունակվել է միջին դարերում և առավել բարձր զարգացման հասել XVIII դարի II կեսին, երբ 1763թ. Ախթալայի արծաթ-կապարի և 1770թ. Ալավերդու պղնձի հանքավայրերի բազայի վրա կառուցվեցին Ախթալայի արծաթ-կապարի և Ալավերդու, այնուհետև Շամլուղի պղնձաձուլական գործարանները:
1785. և 1795թթ. հանքն ավերվել է և փակվել: Հետագայում այն վերականգնել են հույն հանքափոր վարպետները, որոնք եկել էին Հերակլ II թագավորի օրոք, դեռևս 1760-ական թվականներին: 1887-1914թթ. հանքավայրը շահագործել են ֆրանսիացի ձեռնարկատերերը:
1905թ. դադարեցվել էր Ախթալայի արծաթ-կապարի հանքավայրի մշակումը պաշարների սպառման պատճառով:
1918-1920թթ. Հայաստանում գործող ձեռնարկությունների զգալի մասն ավերվել էր: Հեղկոմի 1921թ. հունվարի 11-ի դեկրետով երկրի հանքային արտադրությունն ու մետալուրգիական գործարանները ազգայնացվեցին։ 1924թ. սկսեցին գործել Ալավերդու, Ղափանի պղնձաձուլական գործարանները, 1927 թվականին` Շամլուղի, Ալավերդու և Ղափանի հանքերը:
1960-1985թթ. ՀՍՍՀ գունավոր մետալուրգիան մեծ առաջընթաց ապրեց: 1967թ. շարք մտավ Ախթալայի հարստացման ֆաբրիկան:
1971-1975թթ. Շամլուղի պղնձի, Ախթալայի արծաթ-կապարի հանքերն ու հարստացուցիչ ֆաբրիկան ընդգրկվեցին Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի կազմի մեջ: Այժմ վերագործարկվել է Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկան:
Ախթալա, քաղաք Հայաստանի Լոռու մարզում՝ Լալվար լեռան ստորոտում, Դեբեդի ձախ ափին։ Մարզկենտրոնից գտնվում է 62 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից 740 մ է։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է հանք-արդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ։

Շամլուղ. Հիմնադրվել է 1770 թվականին 1763 թվականին վրաց Հերակլ 2 թագավորի կողմից Լոռի հրավիրված և Ախթալայում բնակություն հաստատած հույն կապարագործ-հանքագործների կողմից: Վերջիններս համոզվելով որ ցածր է Ախթալայի հանքերում պղնձի և արծաթի պարունակությունը գտնում են նոր հանքավայրեր և տեղափոխվելով 1770 թվականին հիմնում են Մադան(ներկայումս Ալավերդու վարչական կազմում) և Շամլուղ գյուղերը:
19-րդ դարի վերջերին տարածաշրջանի պղնձարտադրությունը կապալով հանձնվեց Ֆրանսիացի արդյունահանողներին, որոնք հսկայական միջոցներ ներդրեցին Ալավերդու և Շամլուղի հանքերի վերակառուցման ու ընդլայնման ուղղությամբ: Ձեռքի աշխատանքը փոխարինվեց մեքենաների աշխատանքով: Տեղի ունեցավ եվրոպացիների ներհոսք, ինչը դրական ազդեցություն ունեցավ բնակավայրի սոցալ կրթական ու մշակութային զարգացման գործում: Խորհրդային տարիներին Շամլուղը բանվորական ավան էր, իսկ 1996 թվականի վարչատարածքային փոփոխության արդյունքում դասվեց քաղաքների շարքը:
Ավանդույթը պատմում է,որ Արտաշես I արքան Մեծ Հայքի հյուսիսային նահանգները շրջելիս,(ք.ա. 189-160թթ,)եղել է Շամլուղի պղնձի հանքերում,որտեղ պղնձագործները նրա համար մատանի են ձուլել և նվիրել: Շամլուղ (քաղաք՝ 1995-ից) քաղաքը գտնվում է Լալվար սարի ստորոտում՝ Դեբեդի ձախ ափին: Համայնքը շրջապատված է անտառներով և ժայռերով, գտնվում է ծովի մակերևույթից 1200-1300մ բարձրության վրա: Գտնվում է մարզկենտրոնից 75կմ և Երևանից 196 կմ հեռավորության վրա, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:Շամլուղ-քաղաք Հայաստանի Լոռու մարզում, մարզկենտրոնից 69 կմ հյուսիս-արևելք, Կուրի ավազանի Ախթալա գետակի վերին հոսանքի ձախ սարալանջին: 18-19 րդդ դարերի գրավոր աղբյուրներում հիշատակվում է նաև Շամբլուղ, Շամբլուտ, Շամբուլուտ, Դամբլուդ և այլն:
Գտնվում է Նախալեռնային գոտում , ունի հարուստ բնություն, Տարածքը ՝ 65 քառ. կմ է:

Ճոճկան. Ճոճկան գյուղը՝ նախկինում Ջոջկանց գյուղը գոյություն է ունեցել 5-րդ դարից Ջոջիկ իշխանի անունով, ըստ Ղազար Փարպեցու:
Գյուղը գտնվում է ՀՀ հյուսիս-արևելքում, ծովի մակերևույթից 450-800 մ բարձրության վրա: Սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:

Մեծ Այրում. Մինչև 1988 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով ,իսկ 1989 թվ-ից վերաբնակեցվել է հայերով :
Ծովի մակարդակից 700 մ բարձրության վրա: Բնակավայրը գտնվում է հյուսիս –արևելյան հատվածում;

Նեղոց. Գուգարաց լեռնաշղթայի գագաթով մի նեղ ճամփա է ձգվում,որի շուրջը մարդիկ բնակություն են հաստատել նախնադարից:Նեղ ճանապարհների պատճառով կոչվել է ՆԵՂՈՑ: Ըստ պատմական աղբյուրների գյուղը հիմնվել է 13-14-րդ դարերում:

Շնող. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շնող գյուղի պատմությունը սերտորեն առնչվում է Կայծոն ամրոցի հետ /10-11 դդ./: Կայծոն-Շնող անվանափոխությունը կատարվել է 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին: 1915 թ. Ախթալա կայարանից Շնող են հասցվել Մեծ եղեռնից փրկված 285 գաղթականներ՝ տեղահանված Արևմտյան Հայաստանի Բասենի, Էրզրումի նահանգի գյուղերից: Դրանց չնչին մասն է ապրել Շնողում: Շնողի բուն տարածքում գտնվում են Կայծոն ամրոցի (10-րդ) միանավ եկեղեցու (10-րդ դ.) մնացորդները, Սուրբ Գևորգ (1893թ.) և Սուրբ Սարգիս (1894թ.) եկեղեցիները, Տերունական խաչարձան-մատուռը (1222թ.), Սուրբ Սարգիս մատուռը (17-րդ դ.), Ս.Նշան մատուռի մնացորդները (17-րդ դ.): Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին կառուցված է հուշարձան՝ 75-րդ տարելիցի առթիվ, գյուղի կենտրոնական հրապարակի եզրին կառուցված է հուշահամալիր՝ նվիրված Հայրենական պատերազմում զոհված 258 շնողցիների հիշատակին: Շնող գյուղը այսօր ճանաչված, շեն ու բարեբեր բնակավայրերից է: Ունի միջնակարգ հանրակրթական դպրոց, մանկական արվեստի դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մանկապարտեզ, հայրենագիտական թանգարան, բժշկական ամբուլատորիա, փոստային բաժանմունք: Շնողցիների եկամտի հիմնական աղբյուրը հանդիսացել է բազմատարր գյուղատնտեսությունը: Այժմ շնողցու եկամտային աղբյուր է հանդիսանում նաև հանքարդյունաբերությունը։ Պապենական ճյուղերն են եղել այգեգործությունը, անասնապահությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը, թռչնապահությունը, շերամապահությունը: Շնողցին միշտ էլ առաջնահերթությունը տվել է ուսմանը, կրթությանը: Շնողը հայտնի է եղել ողջ հանրապետությունում իր՝ գիտությանը նվիրված սերնդի ներկայացուցիչներով:
Շնողցիներից դոկտոր-պրոֆեսորներ են 8 հոգի, պրոֆեսոր են 5 հոգի, գիտությունների թեկնածուներ և դոցենտներ են 40 հոգի, վաստակավորի կոչմանն են արժանացել 21 հոգի, գեներալ-մայորի կոչման է արժանացել 1 հոգի, գնդապետի կոչման՝ 2 հոգի, սպորտի վարպետի կոչման է արժանացել 6 հոգի:
Շնող համայնքը գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի արևելյան մասում՝ Դեբեդ գետի աջափնյա սարավանդի և հարակից ձորերով ու բլուրներով պատած բարդ ռելիեֆով տարածքի վրա: Վերջինս հյուսիս-արևմուտքից կտրվում է Դեբեդի կիրճով (գյուղին հարող մասում մինչև 200 մ խորությամբ): Կլիման բարեխառն է, չափավոր ու մեղմ ձմեռներով, մոտիկ է չոր արևադարձայինին:Տարեկան միջին ջերմաստիճանը 110 C0 է, առավելագույնը՝ +38 C0, նվազագույնը՝ -22 C0, մթնոլորտային տեղումների տարեկան միջինը՝ 55 մմ: Գլխավոր գետը սահմանակից Դեբեդն է՝ Շնող վտակով:
Ծովի մակերևույթից բարձր է 670 մ-ով: Գյուղը շրջապատող անտառները հարուստ են արժեքավոր ծառատեսակներով, վայրի պտուղներով, հատապտուղներով, անասնակերով: Լեռնալանջերը, նախալեռնային տարածքները, գետահովիտները պատած են արգավանդ, բարեբեր հողատարածություններով: Համայնքը տեղակայված է Դեբեդի վտակ Շնող գետի աջ ափին, Ալավերդի քաղաքից 18 կմ հեռավորության վրա՝ լեռնային անտառոտ վայրում:
Թեղուտ. ՀՀ Ալավերդի համայնքի Թեղուտ գյուղը հիմնադրվել է հարևան Շնող գյուղի բնակիչների կողմից 20 դարի սկզբին։ Բնակիչների նախնիները մասամբ բնիկ լոռեցի են, մասամբ տեղափոխվել են տարածաշրջան Արցախից, Ջավախքից, Սյունիքից, Սևանի ավազանից XVII- XVIII դարերում։ Գյուղի անունը կապված է ներկայիս գյուղի կենտրոնական մասում գտնվող հին Թեղուտ գյուղի հետ:
Թեղուտում կան երկնագույն փիրուզի, պղնձի և մոլիբդենի պաշարներ։
Համայնքի բնակիչների թիվը 802 է:Բնակչության մեծ մասը աշխատում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում:Գյուղի շրջակայքում կան միջնադարյան պատմաճարտարապետական կոթողներ՝ «Մանստևի» մենաստանը (13 դ.), Վարդան զորավար կոթողը (13-14 դդ.), 10-17 դդ. եկեղեցիներ, «Բարձել» (10-13 դդ.), «Ձորի գյուղ» (14 դ.) և «Ագեղցի» մատուռները։ Թեղուտն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, գրադարան, բուժկետ:
Թեղուտ, գյուղ Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 72 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է Դեբեդի վտակ Շնող գետի աջ ափին, Ալավերդի քաղաքից 25 կմ հեռավորության վրա՝ լեռնային անտառոտ վայրում։ Բնակիչների նախնիները մասամբ բնիկ լոռեցի են, մասամբ տեղափոխվել են տարածաշրջան Արցախից, Ջավախքից, Սյունիքից, Սևանի ավազանից XVII- XVIII դարերում։ Գյուղի անունը կապված է ներկայիս գյուղի կենտրոնական մասում գտնվող հին Թեղուտ գյուղի հետ, որը թալանվել է լեզգինների կողմից, իսկ բնիկ բնակչությունը ոչնչացվել է և գերեվարվել։ Շնող գետի ավազանում գտնվող մի շարք այլ հայկական գյուղեր (Ձորիգեղ, Գիլիգեղ, Մանստև, Ախեթք, Դուքանաձոր) նույնպես ոչնչացվել են XVIII դարի լեզգիական ավերիչ արշավանքների հետևանքով։

Քարկոփ. Գյուղը հիմնվել է Խճի հանքի բացումից և գործարանի շահագործումից հետո 1935-1937 թթ:խճի գործարանը վերանվանվել է Քարկոփ :
Գյուղ Քարկոփը գտնվում է Լոռու մարզի տարածքում`դեպի հյուսիս արևելք, ծովի մակերևույթից բարձրությունը 600 մ է,գտնվում է Դեբեդ գետի ձախ ափին

Օձուն. Գյուղը գտնվում է Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարավանդի վրա, Ալավերդի քաղաքից 8 կմ հարավ-արմեւմուտք: Զբաղվում են կաթնաանասնապահությամբ, կարտոֆիլաբուծությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ: Ունի երկու միջնակարգ դպրոցներ, երկու մանկապարտեզ երաժշտական դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, բուժ ամբուլատորիա, շրջանային հրշեջ կայան: Օձուն անունը հիշատակվում է ութերորդ դարից: Գյուղում կան բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ:
Համայնքի ընդհանուր նկարագրություն Օձուն գյուղը գտնվում է Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարավանդի վրա, Ալավերդի քաղաքից 8 կմ հարավ-արեւմուտք: Օձունը հանրապետության մեծ գյուղերից է, իսկ Լոռու մարզի ամենամեծ գյուղը: Այն գտնվում է Երևանից 170 կմ, իսկ մարզկենտրոն Վանաձորից 50 կմ հեռավորության վրա` հանրապետության հյուսիսային մասում:

Այգեհատ. Գյուղը հիմնադրվել է 1719 թվականին՝ Շահվերդյաններ տոհմի կողմից, որի տարածքում եղել է հին հեթանոսական բնակատեղի իր հին աղբյուրով, որ կոչվել է Բերդաշեն։
Հին բնակատեղիոմ է գտնվում նաև Սուրբ կիրակի մատուռը խաչքարով, որը կառուցվել է 4-ից 6-րդ դարերում։ Գյուղը հարուստ է պատմամշակությին հուշարձաններով։ Գյուղում 1979 թվականին կառուցվել է 1941-45թթ․ Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանային համալիրը, որտեղ դրված է նաև Արցախյան պատերազմում զոհվածներին նվիրված հուշաքար, եղեռնի զոհերին նվիրված հուշաքար, ինչպես նաև հարակից տարածքում է թաղված Սիմոն Զավարյանի (ՀՅԴ հիմնադիրներից մեկը) աճյունը։
Գյուղից քիչ հեռու՝ ձորում, գտնվում է «Քոբայրի» վանական համալիրը, կարմիր խաչը, հին գերեզմանատեղիները։ Մեր պապերը ձորից բարձրացել են այժմյան տարածք, որի համար ճանապարհ են բացել և այն անվանել «Մուտ» և որը գտնվոմ է «Քարի գլուխ» կոչվող տարածքում և անցնում է մատուռի կողքով։ «Քարի գլուխ» կոչվող տարածքը մեր տեսարժան վայրերից մեկն է, որտեղից երևում է մեր ձորը իր ամբողջ հմայքով։Այնտեղից երևում է Դեբետ գետը, Դժվար / Չաթին դաղ/ լեռը, ինչպես նաև Քոբայրի վանքը, որոնք կարծես ափիդ մեջ լինեն։ Այժմ շատ զբոսաշրջիկներ են գնում այդ մտով՝ տեսարժան վայրերով , մեր բնությամբ հիանալու։
1831թվականին գյուղն ունեցել է 88, 1886թ․ - 337, 1922թ․ - 500, 1959թ․ - 391, 1970թ․ - 366, 1979թ․- 295, իսկ մինչ օրս գյուղում պահպանվում է շուրջ 280 մարդ բնակչություն։ Բնակչության 30 տոկոսը գնում է արտագնա աշխատանքի։ Սեռային կազմում գերակշռում են կանայք։
Գյուղատնտեսական հողերը բոլորը օգտագործվում են։ Գյուղում զբաղվում են դաշտավարությամբ , մշակում են հացահատիկային , կերային, բանջարանոցային կուլտուրաներ։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասունների բուծությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ։ Մինչև սեփականաշնորհումը և 2000-ական թվականները զբաղվում էին նաև այգեգործությամբ (ծիրան,խնձոր․ տանձ, սալոր)։ Վերջին ժամանակները այգեգործությունը կանգ էր առել , սակայն գյուղում վերջին տարիներին ինտենսիվ այգեգործությունը զարգացնում է գործարար՝ գյուղի թոռ, Աղասի Զավարյանը։
Գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց (փոստ)։
Գյուղը գազաֆիկացված է, ունի շուրջօրյա ջրամատակարարում, 2019 թվականին սուբվենցիոն ծրագրերով կառուցվել են խաղահրապարակ և ոռոգմամ համակարգ տնամերձերը մշակելու համար։
Գյուղը տվել է շատ անվանի մարդիկ, քաղաքական, պետական,հասարակական գործիչներ, բժիշկներ, զինվորականներ, դասախոսներ, ճարտարապետներ և այլն։ Գյուղն ունեցել է իր պարային համույթը ազգային պարերով, որոնք առանձնացել են իրենց բնույթով; Համույթը իր աբողջ ժամանակաշրջանում մասնակցել է փառատոնների, մրցույթների, այլ միջոցառումների և շահել բազմաթիվ մրցանակներ ու շնորհակալագրեր, բարձր պահելով Շահվերդյանների անունն ու պատիվը։
Գյուղում է գտնվում Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի քրոջ տունը, ինչպես նաև աշուղ-երգահան Սայաթ - Նովայի կինը՝ Մարմարը, նույնպես Այգեհատից էր։ Այն տունը ուր նրանք ապրել են, կիսավեր , խարխուլ վիճակում է և գտնվում է այլ սեփականատիրոջ ձեռքին։
Գյուղը ունի ֆուտբոլի դաշտ՝ դպրոցին կից, վոլեյբոլի դաշտ, ուր իրեց ազատ ժամանակն են անցկացնում գյուղի պատանիներն ու երիտասարդները։
Գյուղը գտնվում է Ալավերդի քաղաքից 14 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից 55կմ հեռավորության վրա։ Տեղակայված է Ալավերդի - Ստեփանավան ավտոմայրուղու վրա։
Գյուղը տեղադրված է Դեբետ գետի ձախ ափին , բարձրադիր սարավանդում՝ ծովի մակերևույթից 1150մ բարձրության վրա։
Նախկինում մտել է Թիֆլիս նահանգի Բորչալուի գավառի մեջ և ունեցել է Այգեհատ, Իգահատ, Իկհատ, Դանուշավան անվանումները։ Այգեհատ վերանվանվել է 03․04․1991 թվականին։ Գյուղն իր անվանում ստացել է այն պատճառով, որ շրջակայքում այգիները վերջացել են, հատվել (այգին –դա խաղողի մասին է խոսքը)։
Դանուշավան անվանվել է ի պատիվ համագյուղացի քաղաքական ,պետական, հասարակական գործիչ Դանուշ Շահվերդյանի, որի շնորհիվ էլ Կոմիտասի աճյունը բերվել է Հայաստան և որի պատճառով 1937թ. ռեպրեսիայի զոհ դարձավ։

Արևածագ. Գյուղը հիմնադրվել է 1846 թվականին՝ գյուղի հիմնադիր Մելքոնի ժառանգների կողմից։ Նախկինում ունեցել է Ղաչաղան անվանումը։ 1978թ-ին վերանվանվել է Արևածագ։ 1923 թ-ին ստեղծվել է առաջին գյուղական խորհուրդը։ Գյուղի բնակչությունը միատարր է, բոլորը հայ են։ Ներկայիս բնակիչները եկել են Ղարաբաղից՝ Վարանդայի մելիքությունից, Շուշիի մոտերքից, ինչպես նաև Վանից և Շամշադինից: Հետագայում գյուղում բնակություն են հաստատել նաև Նոյեմբերյանի և Ստեփանավանի տարածաշրջանից տեղափոխված մի քանի ընտանիքներ։ Գյուղը ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, փոստ, նախակրթարան, մարզադաշտ։
Գյուղի արևմտյան կողմում՝ Արևածորում, Ձորագետի ձախ ափին, բարձր լեռան վրա պահպանվում են հին քարաշեն աշտարակի հիմքեր, որն ունեցել է պաշտպանական ամրոցի նշանակություն։ Բացի այդ գյուղի տարածքում հնագիտական պեղումներով հայտնաբերվել և ուսումնասիրվել են դամբարանադաշտ, որի հնությունները բնորոշ են մ․թ․ա 11-10-րդ և 8 – 6–րդ դարերին։ Գյուղի ճանապարհները բարեկարգ են, բնակարանները գազաֆիկացված,ապահովված մշտահոս խմելու ջրով, փողոցների մեծ մասը ունեն գիշերային լուսավորություն։ Շատ բարենպաստ է զբոսաշրջության զարգացման համար։
Արևածագ վարչական տարածքը տեղակայված է ՀՀ Լոռու սարահարթի արևելյան հատվածում, Ձորագետի ստորին հոսանքի բարձրադիր ձախակողմյան մասում՝ դարավանդի վրա, ծովի մակարդակից 1160 մ բարձրության վրա։ Գյուղի տարածքը հիմնականում հարթ է։ Շրջկենտրոն Ալավերդի քաղաքից գտնվում է 14 կմ հարավ, մարզկենտրոն Վանաձորց 60 կմ հեռավորության վրա մայրաքաղաք Երևանից 180 կմ։

Արդվի. Շատ հին և պատմական հարուստ ավանդույթներով բնակավայր է:Արդվին հարուստ է պատմամշակութային հուշարձաններով:Գյուղում են գտնվում հայ առաքելական կառույցներ,ինչպիսիք են 7-րդ դարում հիմնադրված, Սուրբ Հովհաննես վանքը,որտեղ հողարկավորված է Հովհան Օձնեցի Կաթողիկոսի աճյունը:10-11-րդ դարերում կառուցված Կարմիր վանքը:Գյուղի տարբեր հատվածներում պահպանվել են միջնադարյան և ժամանակակից գերեզմանոցներ,այդ թվում տոհմական:Արդվիում են ծնվել նշանավոր հնագետ՝ Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից մեկը՝ Աշխարհաբեկ Քալանթարը, ագրոքիմիկոս Պ. Քալանթարյանը:
Աշխարհագրորեն գյուղը տեղակայված է Դեբետ գետի ձախակողմյան բարձրադիր սարավանդակում,անտառապատ լեռան ստորոտում ծովի մակարդակից 1450մ բարձրության վրա:Սահմանակից է Օձուն, Այգեհատ և Մղարթ գյուղերին:

Ծաթեր. Ծաթեր գյուղի տարածքում կա երկու եկեղեցի։ 12-13 դդ. «Սուրբ Աստվածածին» (նաև սբ. Նշան) ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջան խորանով, թաղակապ երկթեք ծածկով փոքր կառույց է՝ հյուսիսից բացվող մուտքով։ Գտնվում է գյուղի հարավային եզրին։ Հյուսիսային կողմում զանգակատունն է, որը խորհրդային իշխանության տարիներին օգտագործվել է որպես տրանսֆորմատորային կայան։ Բազմաթիվ խաչքարեր ագուցված են եկեղեցու և զանգակատան պատերին։ Եկեղեցու բլրալանջին միջնադարյան գերեզմանոցն է։ 11-12-րդ դդ. «Ճգնավորի վանքը» գտնվում է գյուղից 0.75 կմ հյուսիս, ձորալանջի ուղղաձիգ քարափի տակ։ Ձորեզրից մոտեցումը նեղ արահետով է։ Ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջանաձև խորանով թաղակածածկ ոչ մեծ սրահ է։ Մուտքը արևմուտքից է, լուսավորվում է արևելքից, արևմուտքից պատերի մեկական նեղ պատուհաններից։ Կառուցված է անմշակ քարերով։ Պատերին ագուցված են խաչքարեր, մուտքի բարավորի քարը հարդարված է խաչաքանդակներով։ 12-13-րդ դդ. Խաչքարեր: 1972թ. կանգնեցվել է հուշարձան՝ երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին։ Այն գտնվում է գյուղ մտնող ճանապարհի ձախ կողմում, դպրոցի և մշակույթի տան շենքերի միջև ընկած տարածքում։ Եռաստիճան հարթակին տեղադրված բարձր պատվանդանի վրա զինվորի բազալտաշերտ արձանն է։ Պատվանդանի կողմերին փորագրված են զոհվածների անունները։
1946թ. երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշաղբյուրը գտնվում է գյուղի կենտրոնում։ Այն ճարտարապետական մանրամասներով լրացված երկթեք ավարտով ուղղանկյուն ծավալ է՝ կից ցայտաղբյուրներով։
Ծաթեր, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում։ Գյուղը գտնվում է Ալավերդի քաղաքից 11 կմ հարավ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 60 կմ հյուսիս-արևելք, Դեբեդի բարձրադիր ձախ ափին, սարալանջի վրա։

Կարմիր Աղեկ. ՀՀ Լոռու մարզի Կարմիր Աղեգի գյուղը մինչև 17-րդ դարի կեսերը եղել է շեն: Գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է, որի վկայությունն են գյուղի տարածքում և շրջակայքում գտնվող մի շարք գերեզմանոցներ և հին գյուղատեղեր: Բնակավայրի տարածքը եղել է Օձունի վանքապաշտպան հողեր: Գյուղը 1924թ. հունվարի 1-ից բնակեցվել է Օձուն գյուղի բազայի վրա: 1935թ. Կարմիր Աղեգի գյուղում վերաբնակվել է եղեռնից գաղթած 7 ընտանիք: 1936թ. հունիսի 8-ին ստեղծվել է գյուղատնտեսական Արտել: Գյուղում կան պատմական նշանակության հուշարձաններ՝ /Թևավոր բեմ/, 12-րդ դարի եկեղեցու ավերակներ, գերեզմանոցներ ու խաչքարեր: Գյուղը գտնվում է Լոռվա ձորի վերևի տարածքում,իսկ ձորը հայտնի է «Սղնախ» կոչվող տարածքով: Առկա են քարայրեր, Սև և Գոմշի 7 հարկանի այր, Աբազի մուտ:
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1250մ բարձրության վրա, Հայաստանի Հանրապետության հյուսիս արևմտյան մասում: Կարմիր Աղեկը Երևան մայրաքաղաքից հեռու է 180 կմ, մարզկենտրոն Վանաձորից՝ 67 կմ, Ալավերդուց՝ 25 կմ:

Հագվի. ՀՀ լոռու մարզի Հագվի գյուղը վերահիմնադրվել է 17-րդ դարում, առաջին վերաբնակիչները եղել են Օձունի, Հաղպատի հողազուրկ մի քանի ընտանիքներ, որոնց միացել է նաև Արցախից եկած մեկ ընտանիք։ 1915 թվականի եղեռնից հետո Հագվիում հիմնվել են ևս մի քանի ընտանիքներ՝ Վանից, Մուշից և Ալաշկերտից: Վրաստանը Ռուսաստանին միանալուց և 1861 թվականի ռեֆորմից հետո, պետականացված հողերն օգտագործելու իրավունք է տրվում հագվեցիներին, ինչի հետևանքով գյու ղը մեծանում է։ Այդ հողերը հիմնականում անտառային բացատներ էին, փոքր հողակտորներ։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատավելուց հետո Այգեհատ ու Մղարթ գյուղերի կալվածատերերի հողերով փոխհատուցված օձնեցիների հողերից հողաբաժիններ են տրվում նաև Հագվեցիներին Լոռվա սարահարթում։
Գյուղի կենտրոնում կա փոքրիկ եկեղեցի, որ կառուցվել է 12-րդ դարում, հետագայում այն վերականգնվել է, ինչը երևում է պատերի շարից: Գյուղի շրջակայքում բազում գյուղատեղիներ կան, իսկ շինարարարական աշխատանքների ժամանակ մեծաքանակ բրուտագործական առարկաներ են հայտնաբերվել տարբեր վայրերից: Վերջրս ,,Թազի Բողան՛՛ վայրում հայտնաբերվել են հսկայական տապանաքարեր։ Գյուղի կենտրոնում շինարարական աշխատանքների ժամանակ 70-ական թվականներին եկեղեցու հիմքերից մեկուկես մետր ցած հայտնաբերվել են հնագույն դամբարաններ, այսպես կոչված մեծամարդկանց մնացորդներով։ Սակայն, ցավոք հնագիտական պեղումներ չեն իրականացվել։
Հագվի անվանումը ավանդաբար բացատրվում է մի քանի ձևով: Լենկ Թեմուրի արշավանքի, ապա վրաց-թուրքական պարբերական պատերազմների, ինչպես նաև Շահ Աբասի, Օմար խանի և Աղա Մահմադ խանի ասպատակություններից հետո ամայացած գյուղատեղում հայտնված Օձունցիներին անվանեցին հակվածներ, այսինքն հակվել են նոր տեղ, որից էլ իբր առաջացել է Հագվի անվանումը։
Մեկ այլ բացատրությամբ կալվածատերերից փախած և Ռուսական կայսրության նոր օրենքով պետական հողում ազատ ապրելու իրավունք ստացածներին անվանել են հակվածներ, այսինքն ճորտական կախվածությունից ազատվածներ:
Հակվել բառը մեկ այլ բացատրություն էլ ունի։ Ըստ գյուղի մեծերի Օձունից այստեղ փայտ տեղափոխողների (նախկինում գյուղի տեղում խիտ անտառ է եղել), կամ ձմեռանոցից մթերք բարձած Օձուն գնացողների ձիու բեռը թեք տեղանքի պատճառով հակվել է, թեքվել, ինչի պատճառով ստիպված կանգնել են մի քանի անգամ ամրացրել բեռը, դրա համար էլ ըստ գյուղի մեծերի տեղանքն անվանել են հակվի տեղ, որը հետագայում դարձել է Հագվի։ Դրա օգտին խոսում է այն, որ Հագվու հարևան Աքորի գյուղի տարեցները մինչև վերջերս թեք տեղերին անվանում էին «հակվա տեղ», այսինքն թեք տեղ։
Գյուղում գործում է հիմնական դպրոց, աշակերտների թիվը 32։ Գործում է , բուժկետ, Հայփոստի բաժանմունք։ Գյուղում ավանդաբար բարձր է եղել կրթական ցենզը և երկար տարիներ Ալավերդի քաղաքի և շրջանի կառավարման համակարգի միջին օղակներում բազմաթիվ հագվեցիներ են աշխատել։ Ծնունդով եւ արմատներով Հագվեցի են թատերարվեստի երախտավորներ, ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը, վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանը, հայտնի լրագրողներ Հրաչյա Պապինյանը, Վարդան Օնանյանը, գրող հրապարակախոս Արծրուն Պեպանյանը եւ ուրիշներ:
«ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն Հագվի համայնքը ևս 7 գյուղերի հետ միասին ըդգրկվել են Օձուն համայնքի կազմում և ձևավորվել է մեկ ընդհանուր համայնք՝ Օձունի բազմաբնակավայր համայնքը: Համայնքի կենտրոնը համարվում է Օձուն գյուղը:
Հագվի բնակավայրը միջին լեռնային է, և շրջապատված է անտառներով թփուտներով և լեռներով: Լոռու մարզի Հագվի գյուղը գտնվում է հանրապետության հյուսիս-արևելքում, Ալավերդի քաղաքից 15 կմ, մարզկենտրոնից 45 կմ և համայնքային կենտրոնից 2 կմ հեռավորության վրա: Չնայած գյուղը հիմնադրվել է 17-րդ դարում, սակայն գյուղում կա փոքրիկ եկեղեցի, որը կառուցվել է 12-րդ դարում:
Գյուղը գտնվում է ծովի մակերեւույթից 1200 մ բարձրության վրա: Հագվի բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում է 3275,15 հա,որից վարելահող՝ 93,66 հա, խոտհարք՝43,07 հա: Հողատարածությունները ամբողջովին զրկված են ոռոգման ջրից, որի պատճառով հնարավոր չէ լիարժեք կազմակերպել գյուղմթերքների արտադրություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Հողի բերքատվությունը կախված է տարվա եղանակներից: Վարելահողերը մեծամասամբ դրված են անասնակերի տակ: Անասնակեր ներմուծվում է նաև հարեւան գյուղերից: Անասնապահությամբ զբաղվողները արտադրում են կաթ, միս, ձու, մեղր, բուրդ: Գյուղը հարուստ է վայրի հատապտուղներով,որից օգտվում են բնակչությունը՝,որոշակի թեթևացնելով իրենց սոցիալական պայմանները: Հատապտղի իրացման համար,բնակչությունն ունի որոշակի դժվարություններ, որի համար անհրաժեշտ է գյուղում կառուցել փոքրիկ արտադրամաս:
Գյուղն ունի 134 տնտեսություն,որից առկա են 104-ը: ՈՒնի 1 հիմնական դպրոց, 1 փոստ և 1 բուժ կետ, որը առաջին բուժ օգնությունն է ցուցաբերում Հագվու ազգաբնակչությանը: Գյուղը չունի մանկապարտեզ,չնայած շատ են մանկապարտեզ հաճախելու ենթակա երեխաների թիվը: Երիտասարդության առօրյան աշխուժացնելու համար անհրաժեշտ է գյուղում կառուցել մշակույթի տուն:

Մղարթ. Ըստ Սանահինի վանքի մի արձանագրության, Մղարթը 1215թ. շեն է եղել, և հարկեր են վերցրել գյուղից։
Գյուղի բնակիչներից մեկի տան կողքին գտնվող խաչքարի թվակիր արձանագրության համաձայն Մղարթի հանդամասը տվել են Դսեղում ապրող Մամիկոնյան իշխանին՝ Վարդամ զորավարի ազգականին։
1303թ Բուբաքը և իր կինը Ամանդերուն ի հիշատակ իրենց ծնողների կառուցել են Մեծ աղբյուրը և խնդրել,որ քրիստոնյաները ջուր խմեն և ողորմի տան։
Գյուղի շրջակայքում անհայտ հնության բազմաթիվ սալե գերեզմաններ են հայտնաբերվել։Գյուղում են գտնվում “Հողացիր” եկեղեցին (7-20դդ.), (13-14դդ.) և “Ծաղկավանք” (14դ.) մատուռները:
Գյուղի եկեղեցին ,պատաշարում ունենալով ավելի հին գերեզմանաքարեր ու խաչքարեր,կառուցվել է 1896թ ,իսկ զանգակատունը 1910թ։Եկեղեցին վերանորոգվել է 2015թ Արտյոմ Նավիկյանի կողմից։
Մղարթ գյուղը գտնվում է Վիրահայոց լեռնաշղթայի Շեկաղբյուր լեռան հարավային լանջին Ալավերդի –Ստեփանավան ճանապարհի աջ կողմում։Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1425 մետր բարձրության վրա։

2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Ալավերդին ՀՀ միջին մեծության համայնք է, գտնվում է հանրապետության հյուսիսային մասում, վարչականորեն մտնում է Լոռու մարզի մեջ, մարզկենտրոն Վանաձորից հեռավորությունը 44 կմ է, Երևանից` մոտ 169կմ, Ռուսաստանի Դաշնության սահմանից` մոտ 300 կմ, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը: Համայնքի միջով է անցնում հանրապետության երկաթուղային հաղորդակցության գլխավոր երակը՝ Թբիլիսի–Երևան երկաթգիծը, հանրապետության արտահանման և ներկրման ավտոտրանսպորտային գլխավոր՝ Թբիլիսի-Ալավերդի-Երևան մայրուղին, ինչպես նաև՝ Հայաստանի ամենաջրառատ անդրսահմանային Դեբեդ գետը:
Ալավերդի համայնքի մակերեսը 295,134 քառ. կմ է: Կտրտված ու բարդ ռելիեֆի պատճառով համայնքի թաղամասերն ու բնակավայրերը իրարից բավականին հեռու են: Ռելիեֆին բնորոշ են տարբեր մակարդակի բարձրություններ (750-1700 մ), խիստ մեծ թեքություններ (մինչև 350):

3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Համայնքն ունի բարեխառն ու մեղմ կլիմա` պայմանավորված մակերևույթի համեմատաբար ոչ մեծ բարձրությամբ: Օդի միջին ջերմաստիճանը հունվարին -10.0 +2,5 °C է, հուլիսին՝ +15,3 +23 °C: Ամենաբարձրջերմաստիճանըդիտվումէհուլիսամսին` +30°C, +35 °C, ամենացածրը` հունվար, փետրվար ամիսներին` - 17-18 °C: Տեղումների քանակը 600-900 մմ է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53