Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

 

 

Վանաձոր (Վարչական կենտրոնը ք.Վանաձոր)

Մակերես` 25.1կմ2

Բնակչություն` 76500

 


Վանաձորի տեղում եղած բնակավայրի պատմությունը սկսվում է հազարամյակների խորքից: Բայց դարերը թվում է՝ այստեղ ոչ մի հետք չեն թողել: Հնում եղած թաղամասը, որի շուրջ ձևավորվել է քաղաքը, գոյություն չունի:
Հնագետների երկարամյա աշխատանքն ապացուցեց, որ Տաշիր-Ձորագետի շրջանը և հատկապես Վանաձոր քաղաքի տարածքը հարուստ են մեծ ու փոքր հնագիտական հուշարձաններով («Թագավորանիստ», «Մաշտոցի բլուր» «Քոսի ճոթեր»):
Բրոնզե դարի և վաղ երկաթի դարաշրջանի (մ.թ.ա. երրորդ հազարամյակ) դամբարաններ են հայտնաբերվել Դիմաց թաղամասում: Այստեղ ծաղկում է ապրել խեցեգործական արվեստը: Տեղական արտադրության մետաղե, բրոնզե, իսկ հետագայում նաև երկաթե իրերի գտածոները ապացուցում են, որ այստեղ զարգացում է ապրել նաև մետաղագործությունը:
Միջնադարյան Ղարաքիլիսա (Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ քաղաքի հին անունը՝ Ղարաքիլիսա) բնակավայրի մասին տեղեկություններ չեն պահպանվել: Միակ հետքը Վանաձորի կիրճում գտնվող Պապանի գյուղն է: Նրանից ոչ հեռու այսօր էլ կարելի է տեսնել միջնադարյան եկեղեցու ավերակները: Գուգարքի հետ միասին Վանաձորի տարածքում գտնվող բնակավայրը մ.թ.ա. II դարում եղել է Մեծ Հայքի, իսկ մ.թ. X դարում՝ Կյուրիկյան թագավորության կազմի մեջ: Ենթադրվում է, որ Ղարաքիլիսա (Սև եկեղեցի) անունը թաթարական է, տրվել է XIII դարի սկզբներին Վանաձորի հյուսիսային բլրի վրա գտնվող սև քարից կառուցված եկեղեցու անունով:
1801թ. Վրաստանի հետ Ռուսաստանին է անցնում նաև Լոռին, և Ղարաքիլիսան դառնում է սահմանային զորակայան:
1849 թվականից Ղարաքիլիսան Երևանի նահանգի մեջ էր: 1870 թվականից Դիլիջան-Ղարաքիլիսա-Ալեքսանդրապոլ ճանապարհի, իսկ 1899 թվականից Թիֆլիս-Ղարաքիլիսա-Ալեքսանդրապոլ երկաթուղու, կայարանի, փոստատան և իջևանատների կառուցումը նպաստեց գյուղաքաղաքի ձևավորմանն ու զարգացմանը:
1812թ. Ղարաքիլիսա եկած եվրոպացի ճանապարհորդներ Ջեյմս Մորիերը և Ռոբերտ Հերփորթը տեսել են փայտե, հողածածկ տներով մի խղճուկ գյուղակ: Իսկ 1829թ. Ղարաքիլիսա եկած Խաչատուր Աբովյանը վկայում է, որ այստեղ հազիվ 500-600 բնակիչ կար, որոնք գաղթել էին Երևանից: Հետագայում Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո Ղարաքիլիսայում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի Կարս, Արդահան, Բայազետ, Էրզրում քաղաքներից գաղթած մի քանի հարյուր հայ ընտանիքներ:
Վանաձորը քաղաքային բնակավայր է 1924 թվականից։ 1929-1930 թվականներին կազմվել է Ղարաքիլիսայի (հետագայում՝ Կիրովական, այնուհետև Վանաձոր) առաջին հատակագիծը (ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գևորգ Քոչար), որով նախատեսում էր քաղաքի տարածքն ընդլայնել արևմտյան և արևելյան ուղղություններով՝ Դիմաց թաղամասում։ Մինչև 1935 թվականը կոչվել է Ղարաքիլիսա։ 1935 թվականի հունվարին Հայկական ԽՍՀ Կենտգործկոմի նախագահությունը որոշում է հեղափոխական Սերգեյ Միրոնովիչ Կիրովի հիշատակը հավերժացնելու նպատակով Ղարաքիլիսա քաղաքը վերանվանել Կիրովական։ 1939 թվականին գլխավոր հատակագծով (ճարտարապետներ՝ Ն. Զարգարյան, Ա. Մինասյան) որոշակի է դարձել քաղաքի կերպարը՝ զարգացման նշանակալից հեռանկարներով (արդյունաբերական կենտրոն և ամառանոցային վայր)։ 1949 թվականին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (ճարտարապետներ՝ Հ. Դավթյան, Ռ. Գրիգորյան)։ 1950-ական թվականներին կառուցապատվել է Կիրովի անվան (այժմ՝ Հայքի) հրապարակը՝ քաղաքի վարչակառավարչական կենտրոնը։ 19-րդ դարում քաղաքում եղել է երկու եկեղեցի՝ կառուցված 1831 թվականին (1828 թվականի երկրաշարժից քանդված հին եկեղեցու տեղում) և 1895 թվականին (ռուսական եկեղեցին)։ Նախախորհրդային շրջանում այստեղ գործել են եկեղեցական ծխական (հիմնվել է 1853 թվականին), Օրիորդաց (1879), պետական երկդասյա ռուսական (1897) և ռուս պաշտոնյաների երեխաների (1908) դպրոցներ։
1978 թվականին քաղաքում գործել են արդյունաբերական 27 ձեռնարկություններ։ Այդ ժամանակաշրջանի արդյունաբերության առաջատարը Ալեքսանդր Մյասնիկյանի անվան քիմիական գործարանն էր։ Ժամանակին քաղաքի խոշոր ձեռնարկություններից են եղել քիմիական մանրաթելերի, ճշգրիտ հաստոցների, «Ավտոգենմաշ», «Ավտոմատիկա» գործարանները, տրիկոտաժի, կահույքի, կարի արտադրական միավորումները։ «Պոլիմերսոսինձ» գիտաարտադրական միավորումն իր բնագավառի առաջատար գիտական կենտրոններից էր։ Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս մեծ համբավ են ունեցել այն ժամանակ Կիրովականի կահույքի, մորթու-մուշտակի, կարի ֆաբրիկաները, «Լոռի» հանքային ջրերի գործարանն ու թեթև արդյունաբերության այլ ձեռնարկություններ։ 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն հազարավոր մարդկանց նահատակման պատճառ է դարձել: Այսօր քաղաքը մեծամասամբ հաղթահարել է այդ աղետի հետևանքները և թևակոխել է զարգացման նոր փուլ: Այժմ քաղաքը զարգացման երկրորդ շունչն է առնում:
Վանաձորը Հայաստանի Հանրապետության երրորդ խոշորագույն քաղաքն է (76500 բնակչություն, 1988 թվականին՝ 178 000), Լոռու մարզի վարչական և տնտեսական մշակութային կենտրոնը, որը գտնվում է Հայաստանի հյուսիսում։ Աշխարհագրական դիրքի առումով տեղակայված է Փամբակի և Բազումի լեռնաշղթաների միջև ընկած նեղ ու երկարավուն գոգավորությունում՝ Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման վայրում։ Քաղաքի զբաղեցրած մակերեսի հիմնական մասը ծովի մակերևույթից բարձր է ավելի քան 1353 մետր։ Հարևան բնակավայրերն են արևելքում Դարպասը, Նոր Խաչակապն ու Լեռնապատը, արևմուտքում՝ Գուգարքը, Շահումյանն ու Փամբակը, հյուսիսում՝ Բազումը, իսկ հարավում՝ Քիլիսան։ Վանաձորի կլիման մեղմ է, բարեխառն: Հունվարի միջին ջերմաստիճանը –4,2 օC է, հուլիսինը՝ 19,7 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 600 մմ:
Վանաձորում գործում են հինգ բարձրագույն ուսումնական հաստատություններ, քոլեջներ, ուսումնարաններ, 30 հանրակրթական դպրոց, երաժշտական, նկարչական գեղարվեստի և սպորտդպրոցներ, մարզահրապարակ, գրադարաններ, մշակույթի տներ, թատրոն, կինոթատրոն։ Կան զբոսայգիներ, մարզադաշտեր։
Քաղաքում կան պատմամշակութային բազմազան նմուշներ, որոնք պահպնվում են Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում: Այստեղ է գտնվում Ստեփան Զորյանի տուն-թանգարանը: Ունի բուսաբանական այգի: Այստեղ է նաև «Վանաձոր» առողջարանը: Գործում են հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, հիգիենիկ հակահամաճարակային տեսչության կենտրոն: Վանաձորում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդանիստը (2000 թ-ից) Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին, Սուրբ Օհան եկեղեցին, Ռուսական եկեղեցին, բազմաթիվ հուշաղբյուրներ, խաչքարներ, կոթողներ:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ) ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: ՎՏԿ-ի առաքելությունն է Վանաձորը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:
Կենտրոնը տեխնոլոգիական ընկերություններին աջակցում է մի շարք ոլորտներում` այդ թվում տրամադրելով բիզնես խորհրդատվություն, մենթորինգ, մարքեթինգ և խթանում, ֆինանսական աղբյուրների ներկայացում, բիզնես կապերի ձևավորում՝ բարձրացնելու ընկերությունների մրցունակությունը համաշխարհային շուկայում:Վերջին տարիներին զարգանում է տուրիզմը։ Դրա վկայությունն է մի շարք հյուրանոցներ, հյուրատներ, ռեստորաններ, ժամանցի կենտրոններ։ Վանաձորում է գտնվում ԲՈՒ լեռնահեծանվային պարկը, որը միակն է Հայաստանում։
գյուղ Գուգարք

 

Մակերես` 21.58կմ2
Բնակչություն` 6567
Գուգարք բնկավայարը գտնվում է Վանաձոր քաղաքից հյուսիս արեւելք, այն սահմանակից է Վանաձորին, Փամբակին, Լերմոնտովոյին եւ Շահումյան համայնքներին: Գյուղի հյուսիս-արեւմտյան մասով հոսում է Փամբակ գետը, որին զուգահեռ ձգվում է երկաթուղին եւ Նոյեմբերյան գնացող ավտոմայրուղին:
Բնակավայրը շրջապատված է սարերով ու անտառներով: Գուգարք գյուղը հիմնադրվել է մոտավորապես 1801-1810թթ.: Գյուղի բնակիչները հիմնականում տեղափոխվել են Արցախի տարբեր մելիքություններից: Գյուղի ընդհանուր տարածքը կազմում է 2158հա, որից` վարելահող` 195հա, խոտհարք` 240հա, արոտավայրեր` 700հա, պտղատու այգիներ` 20հա եւ այլ հողատարածքներ` 442հա:
Վարելահողերից սեփականաշնորհվել է 170հա, իսկ 35հա մնում է որպես պահուստային հող: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Հաճախակի են չորային, երաշտի տարիները: Գյուղը չունի ոռոգման ջուր, որը դժվարացնում է կազմակերպել գյուղ. մթերքների արտադրությունը: Հիմնական զբաղվածությունը ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությունն է:
Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր: Համայնքում գործում է 2 նախադպրոցական հիմնարկ` 1 մանկապարտեզ 2 խմբով, որտեղ հաճախում են 35 երեխա, և 1 նախակրթարան: Անհրաժեշտություն կա մանկապարտեզի նոր շենքի։ Համայնքն ունի 2 դպրոց. Ավագ (գործում է գյուղի կենտրոնում գտնվող տիպային շենքում ) և Հիմնական դպրոց ( գործում է գյուղից գրեթե դուրս գտնվող տնակային համալիրում), ուր սովորում են 842 աշակերտ: Դպրոցներն ունեն 130 աշխատատեղեր: Համայնքն ունի մշակույթի տուն, որը կիսավթարային վիճակում է: Մշակույթի տանն է գործում նաև գրադարանը: Գյուղի կենտրոնում գործում է մարզադպրոց:
Սպորտային հրապարակ կամ համալիր չունենալու պատճառով երիտասարդությունը զրկված է սպորտային խաղերից:
Համայնքն ունի մեկ գրադարան, որը գտնվում է շենքային անմխիթար պայմաններում: Գործող գրադարանն ունի 18.000 անուն գիրք:
Գյուղում գործում է 5 խանութ, Գուգարքը Վանաձորի հետ կապվում է մշտապես գործող հասարակական տրանսպորտով (15-20 րոպե պարբերականությամբ)։

 

գյուղ Շահումյան

Մակերես` 846,9 կմ2
Բնակչություն` 2508
Շահումյան բնակավայրը գտնվում է անմիջապես Վանաձոր քաղաքին կից, Վանաձոր-Դիլիջան մայրուղու 1-ին կիլոմետրի աջ եւ ձախ կողմում: Գտնվում է ծովի մակերեւույթից 1700-1800մ բարձրության վրա, վարչական տարածքում գտնվող «Մայմեխ» եւ «Թեժ լեռ» սարերը՝ 3080մ եւ 3100մ բարձրությամբ: 1933թ. կազմավորվել է հայկական գյուղ «Ղամբարանց թալա» կոչվող հանդամասում, իսկ ներկայիս գյուղի տարածքում՝ ադրբեջանաբնակ գյուղը՝ «Վարդանլու» անվամբ: («Ղամբարանց թալա»-«Ղամբարանց բացատ», «Վարդանլու»- «Վարդանանք»): 1936թ. երկու գյուղերը միացվել են իրար, դարձել մեկ գյուղ, որը կոչվել է «թիվ 6 սովխոզ»: Գյուղի հիմնական ուղղությունը եղել է այգեգործությունը եւ անասնապահությունը: 1936թ. այգեգործական բազայի վրա կառուցվել է պահածոների գործարան եւ գյուղը վերանվանվել է Շահումյանի անվան սովխոզ-գործարան:
Գործարանի շնորհիվ գյուղն իր հրաշալի, արևահամ , որակյալ պտուղներով եւ գերազանց որակի պահածոներով մեծ ճանաչում է գտել ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ հանրապետության սահմաններից դուրս՝ նախկին ԽՍՀՄ-ում: Գործարանը բազմիցս արժանացել է մեդալների: Ներկայումս գործարանը գործում է, որի հետեւանքով մետ 40 բնակիչ ունի անաշխատանք: Համայնքի այգիները ծերացել են, սեփականաշնորհումից հետո մեծամասամբ հատվել, իսկ շրջակա անտառը վերաճի արդյունքում վերականգնվում է: Ազգամիջյան հարաբերությունների սրման պատճառով տեղափոխված ադրբեջանցիների փոխարեն 1988թ. վերջերից մինչեւ 1990թ. գյուղը բնակեցվել է 132 ընտանիք (610 մարդ) փախստականներով՝ Բաքվից, Սումգայիթից, Շահումյանից բռնագաղթված հայերով։ Գյուղը երկրաշարժից տուժել է մասամբ: 1978թ. կառուցված բազմահարկ շենքը դարձել է վթարային, որը բյուջեի պակասի պատճառով չի վերանորոգվել:
Տուժել են նաեւ մասնավոր բնակարանները: Գյուղից վերև «Մայմեխ» սարն է իր սառնորակ աղբյուրներով՝ «Տաք աղբյուրներ», «Սպիտակ ջուր», «Վառված գոմ», «Սեւ ջուր», «Հաճարկուտ» հանդամասերով, «Անուշ», «Անգլիյսկի ջուր» աղբյուրներով եւ «Տանձուտ», «Չիչխան» գետերով:Վանաձոր-Դիլիջան տանող մայրուղու 4-րդ կիլոմետրի աջ մասում է գտնվում «Թեժ լեռ» հանգրվանը «Ալիք» նշանավոր ճամբարով, որոնք ներկայումս չեն գործում: Հարկավոր է նորից, զրոյից սկսելով, դարձնել գեղեցիկ, գողտրիկ տուրիստական հանգրվան, դրանով իսկ հարստացնելով համայնքի տեղական բյուջեն: Գյուղն ունի երկու քարհանք, որոնք չեն գործում, գործող 1 քարի մշակման արտադրամաս և 1 գործող կաթի վերամշակման արտադրամաս:
Գյուղն ունի «Զագարագեր» ամառանոցային, նախկին այգեգործական թաղամասը։ Գյուղի կենտրոնում Է գտնվում Ստեփան Շահումյանի արձանը: Կլիման բարեխառն է՝ ձմեռը մեղմ, ամառը զով, տեղումների քանակը առատ՝ մարտ-հուլիս ամիսներին: Վերջին տարիներին ավելացել են բնական արհավիրքները՝ կարկտահարություն, երաշտ, հեղեղումներ եւ այլն:
Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղ. մթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր: Արոտավայրերի հեռու լինելու պատճառով անասնապահությունը վերելք չի ապրում: Մշտական տեղումները խոտհունձի ժամանակ գցում են խոտի որակը, որը եւ անդրադառնում է անասնապահական մթերքների արտադրության վրա:
Խոտի եւ խտացված կերի անբավարարության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը: Գյուղն ունի 1 միջնակարգ դպրոց, որի ենթակայությամբ գործում է նաև նախակրթարան։ Դպրոցը կարիք ունի հիմնանորոգման, ուր սովորում է 224 աշակերտ: Դպրոցն ունի 45 ուսուցիչ: Համայնքն ունի եռահարկ մշակույթի տուն: Մշակույթի տանն են գտնվում գրադարանը: Մշակույթի տունը ունի խմբակներ՝ երգի, պարի, կիթառի, կավագործության, ըմբշամարտի, կերպարվեստի:
Գյուղում գործում է մեկ մարզային ենթակայության բուժ. ամբուլատորիա, որը գտնվում է լավ վիճակում: Բուժկետն ունի 5 աշխատող։ Գյուղում գործում է մանկապարտեզ, որտեղ կարող են հաճախել մոտ 25 երեխա, աշխատողների թիվը 7-ն է։

գյուղ Դարպաս

Մակերես` 19.33 կմ2
Բնակչություն` 1811
Դարպաս բնակավայրը հին է, որի մասին վկայում են գյուղի գերեզմանատան սեւ տուֆից կերտված սալաքարերի վրայի փորագրությունները:
Բնակավայրը գտնվում է հանրապետության հյուսիս-արեւմտյան մասում, Մայմեխ լեռան (3081մ) արեւմտյան կողմում, մարզկենտրոն Վանաձորից 4կմ դեպի արեւմուտք: Կլիման բարեխառն է.ամռանը մեղմ` առավելագույն ջերմաստիճանը +33օC, ձմռանը մինչեւ -20օC ցուրտ: Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակարդակից 1370մ է: Համայնքում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ եւ այգեգործությամբ: Այս արտադրությունը կախված է բնության քմահաճույքից: Առանձին տարիներ գարնան ցրտահարությունից եւ ամռան կարկտահարումից տուժում են այգիները եւ ցանքատարածությունները, որի պատճառով լինում է 60-70% բերքի կորուստ:
Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, պանիր, միս, բուրդ, մեղր: Երաշտի տարիներին անասնապահության բնագավառում նույնպես մեծ դժվարություններ են առաջանում: Խոտի եւ խտացված կերի անբավարարվածության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը: Սեփականաշնորհման ոչ ճիշտ բաժանման պատճառով արոտավայրերը հեռու են, ազդում են անասնապահության հետագա զարգացման վրա:
Գյուղն ունի 1 միջնակարգ դպրոց, վերանորոգված, 202 աշակերտով, 39 աշխատատեղ, որից` 29 ուսուցիչ: Արտագաղթի պատճառով պակասում է աշակերտների թիվը։
Համայնքը ունի մանկապարտեզ՝ կրտսեր և ավագ խմբերով, որտեղ աշխատում են 11 աշխատող, 1 մշակույթի կենտրոն՝ գործում է մանկապարտեզի շենքում։ Մշակույթի տանը գործում են երգի , պարի, դաշնամուրի, նկարչության խմբակներ։ Համայնքում կա Սուրբ Սարգիս եկեղեցի, որը կառուցվել է համայնքի բնակիչների և գործարարների նախաձեռնությամբ:
Գործող գրադարանը, որը գործում է մանկապարտեզի շենքում, ունի 3243 անուն գիրք: Կա մեկ բուժ-կետ։ Գյուղը ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, բնական գազով, գիշերային լուսավորությամբ, գլխավոր ճանապարհը ասֆալտապատ և սալարկված է։Գյուղում գործում է կարի արտադրամաս։

 


Հասցեն՝ Հայքի հրապարակ, 2001

հեռ՝ (+374 322) 2-26-48

ֆաքս՝ (+374 322) 2-22-50

էլ.փոստ՝ vanadzor.lori@mta.gov.am

Վեբ կայք՝ www.vanadzor.am


← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-03 16:50:00