Ընդհանուր տեղեկություններ
Զբոսաշրջություն
- Լոռու մարզի զբոսաշրջության ոլորտում իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ վերլուծություններ
- Լոռու մարզի կայուն զբոսաշրջության զարգացման ճանապարհային քարտեզ 2027
#Լոռի և @Լոռի նկարները նայելուց հետո երբևէ ցանկացե՞լ ես ուղևորվել Լոռի: Եթե այո, ապա պատրաստի՛ր պայուսակդ և արի՛ մեզ մոտ՝ բացահայտելու Լոռին:
Եթե մշակութասեր ես՝ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններից շուրջ 3045-ը տեղակայված են Լոռու մարզում: Մարզի տարածքում են գտնվում համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում (ՅՈՒՆԵՍԿՕ) ընդգրկված երկու հուշարձան` Հաղպատի ու Սանահինի հրաշակերտ վանական համալիրները:
Լոռիում են իրենց արվեստն ու արհեստն արարում մի շարք նմանը չունեցող արվեստագետներ և արհեստավորներ: Կամ թե թումանյանական Լոռու Փամբակ գյուղում՝ լսել և տեսնել ստվերների և տիկնիկային թատրոնի միջոցով բեմադրված Լոռվա հին ու բարի հեքիաթները:
Եթե բնության սիրահար ես՝ Լոռին յուրաքանչյուր եղանակին կարելի է տեսնել նոր ներկապնակով: Յուրաքանչյուր տեսարան Լոռիում գունեղ է և ապշեցնող: Այստեղ են գտնվում մի շարք բնության հուշարձաններ, ինչպես նաև քայլարշավային արահետներ, որոնք կուղեկցեն քեզ դեպի Լոռվա թաքնված և չբացահայտված անկյունները:
Եթե արկածասեր ես՝ Լոռին տալիս է արկածային մի շարք ծառայություններից օգտվելու հնարավորություն: Վստահաբար սոցիալական ցանցերում տեսել ես Լոռվա հայտնի սպորտաձևը՝ ռաֆթինգը։ Մարզի կլիմայական պայմանները հնարավորություն են տալիս փորձելու ռաֆթինգը թե՛ ամռանը՝ Դեբեդ գետում, թե՛ ձմռանը Լոռվա ձյունածածկ սարերում:
Հնարավոր է նաև գնալ ձիավարության և ժայռամագլցման:
Եթե գաստրո զբոսաշրջության սիրահար ես՝ «Չգիտե՞ք ինչ բան է կոնչոլը։ Լոռեցիք լավ գիտեն։ Հնում, անճար մարդու համար համով կերակուր էր կոնչոլը։ …մեր տատերը մի խորամանկ կերակուր էին հնարել։ Մի գդալ յուղ էին «դաղ անում» կաթսայի մեջ, ջուր լցնում վրան և երբ եռում էր, մի ձու էին կոտրում մեջը։ Հետո սնդուկում ինչքան հաց կար մեկ-մեկ կտորներով լցնում էին մեջն ու պոչն այրված փայտի խուփը դնում վրան»։ Վ․ Անանյան
Լոռին հայտնի է նաև իր պանիրների տեսակներով, ինչպես նաև ուտելի խոտաբույսերի բազմազանությամբ:
Լոռիում են անց կացվում մի շարք փառատոներ ևս. խորովածի փառատոնը՝ Ախթալայում, պանրի փառատոնը՝ Տաշիրում, ուտելի բույսերի փառատոնը՝ Դսեղում, հապալասի փառատոնը՝ Մարգահովիտում և Բերքի տոնը Լոռու մարզի գյուղական համայնքներում:
Մարզում գործում են երկու այցելուների տեղեկատվակլան կենտրոններ՝
1. Քոաֆ Սմարթ այցելուների տեղեկատվական կենտրոնը, https://bit.ly/3oLFSD0
3.ԵՄ ֆինանսավորմամբ ստեղծված Ձեր Կայանը կենտրոնը
Լոռու մասին պատմել մեզ կօգնեն նաև մի քանի տեսանյութեր՝ 2021թ.-ին, Հ1 հեռուստաընկերության կողմից նկարահանված տեսանյութը, ինչպես նաև Դեբեդի կիրճի մասին պատմող՝ ՔՈԱՖ Սմարթ կենտրոնի կողմից նկարահանված տեսանյութը: Մի քանի հղում ևս օգտակար կլինեն պլանավորելու քո այցը Լոռի.
Մարզի մասին պատմող գրքույկը (ՀՀ ԷՆ Զբոսաշրջության Կոմիտե)
Մարզում գործող հյուրանոցային տնտեսությունները
Մարզի զբոսաշրջային ծառայությունները
Մարզում գործող ռեստորանները և սննդի կետերը
Մարզում գործող երթուղիները
Hautes Terres de Provence զբոսաշրջային կենտրոնի կողմից պատրաստված Լոռու և Գեղարքունիքի մասին գրքույկը
Վերջում կասենք, որ Լոռին մի յուրատեսակ աշխարհ է, որտեղ մարդը միաձուլվում է բնությանը, ստեղծագործում, արարում և ապրում իր բոլոր զգայարաններով:
Արի՛ Լոռի և բացահայտիր քո՛ իսկ Լոռին: