Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են մարզի ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ օրախնդիր հարցեր

02.05.2024

ԱՄՆ ՄԶԳ «Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարում» ծրագրի ներկայացման նպատակով Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի գլխավորությամբ ապրիլի 30-ին անց է կացվել հանդիպում-քննարկում:
Հանդիպմանը մասնակցել են ՀԿՏՋՌԿ ծրագրի հայաստանյան ղեկավար Արա Նազինյանը, կառավարման մասնագետ Տատյանա Սարգսյանը, Լոռու մարզի համայնքների ղեկավարները, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի «Լոռի» շահագործման տեղամասի պետ Ալեքսանդր Բաղդասարյանը, ջրօգտագործող ընկերությունների ներկայացուցիչները:
Հանդիպման նպատակն էր համայնքների պատասխանատուների, ջրօգտագործող ընկերությունների հետ քննարկել ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունները:
«Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարում» ծրագիրն իրականացվում է «Դելոյթ Քոնսալթինգ Էլ-Էլ-Սի» ընկերության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել արդյունավետ անդրսահմանային համագործակցությանը և ջրային ռեսուրսների կառավարմանը` խթանելու տարածաշրջանային կայունությունը և դիմակայունությունը:
Ծրագրային գործողությունների հիմնական ուղղություններից է աջակցել սահմանամերձ մարզերում համայնքային զարգացմանը՝ նպաստելով ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և ջրային անվտանգության ամրապնդմանը:
Ծրագրի տևողությունը 5 տարի է, որի շրջանակներում հնարավորություն է տրվում Լոռու և Տավուշի մարզերի համայնքներին, շահագրգիռ կազմակերպություններին կազմել մրցութային առաջարկներ մարզերի ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ և ներկայացնել մրցույթի: Մրցունակ փաթեթները ծրագրի շրջանակում կստանան մինչև 100.000 դոլար աջակցություն՝ իրականացնելու տվյալ աշխատանքներն իրենց համայնքներում:
Գոռ Ասրյանը մարզպետ Արամ Ղազարյանի և իր կողմից ողջունել է «Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարում» ծրագրի մեկնարկը մարզում և նշել, որ Լոռու մարզպետի աշխատակազմը պատրաստակամ է աջակցելու ծրագրի արդյունավետ իրականացմանը: Նա հորդորել է համայնքների ղեկավարներին ակտիվորեն մասնակցել ծրագրին:
Պատասխանատուներն իրենց հերթին նշել են, որ «Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարում» ծրագիրը մեծ հնարավորություն է համայնքներում ջրային ռեսուրսների հետ կապված կարևոր խնդիրների լուծման տեսանկյունից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24