Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԵՎ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

24.10.2019

 Վանաձորի Էդ. Կզարթումյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում անցկացվեց խորհրդակցություն մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որը վարում էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Խորհրդակցությանը ներկա էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Վերջինս իր ելույթում կարևորեց համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություններին նախարարության պաշտոնյաների մասնակցությունը, որպեսզի հնարավոր լինի համայնքների ղեկավարների կողմից բարձրացված խնդիրներն անմիջապես գույքագրել և տեղում լուծումներ առաջարկել, պատասխանել բարձրացված հարցերին:
Նա իր խոսքում անդրադարձավ համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերին՝ ողջունելով այն համայնքներին, որոնք միաժամանակ մի քանի ծրագրեր են առաջարկել՝ այդ կերպ փորձելով լուծել համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրները և մտահոգություն հայտնելով այն համայնքների առնչությամբ, որոնք լուսանցքից դուրս են մնացել և մասնակից չեն դարձել զարգացման գործընթացներին:
-Հնարավորություն հավասարապես տրվել է բոլոր համայնքներին, սակայն դրանից օգտվել են ոչ բոլորը: Պատճառները տարբեր են. ոմանք կամ չեն կարողացել կամ չեն ցանկացել նպաստել իրենց գյուղերի կամ քաղաքների զարգացմանը: Երկու դեպքում էլ ոչ ցանկալի իրավիճակ է ստեղծվել,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ նման համայնքների ղեկավարները պետք է մտածեն՝ իրենց պաշտոնավարմամբ նպաստում, թե վնասում են համայնքների զարգացմանը:
-Բոլորիդ աշխատանքը և անգործությունը խիստ տեսանելի է: Եթե այսօր աչք փակենք անգործության վրա, ապագայում կունենանք այն, ինչ ունեցել ենք տարիներ շարունակ: Համայնքապետը պատասխանատու է իր համայնքի զարգացման համար, յուրաքանչյուրդ պետք է պատկերացնեք՝ ինչպե՞ս եք տեսնում ձեր քաղաքի կամ գյուղի ապագան,-ասաց նախարարը:
Նա հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է ֆինանսավորելու այն ռեալ, իրատեսական, հեռանկարային ծրագրերը, որոնք կներկայացվեն համայնքների կողմից: Լուրջ շեշտադրում է արվելու Վանաձորի՝ զբոսաշրջային քաղաք լինելու երբեմնի համբավը վերականգնելու ուղղությամբ:
Նա խիստ դիտարկումներ արեց նաև հարկերի ցածր հավաքագրումներ ունեցող համայնքների նկատմամբ:
Մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին զեկուցեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը: Նրա տեղեկացմամբ, այս տարի ՀՀ կառավարության կողմից Լոռու մարզում հաստատվել է 56 ծրագիր: 2019թ. համար սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով պետբյուջեի ներդրումը կազմել է շուրջ 887 մլն դրամ, համայնքային ներդրումը՝ 803.9 մլն դրամ:
Ծրագրերի իրականացման աշխարհագրությունը ևս ընդլայնվել է. 26 համայնքում՝ 56 ծրագիր(նախորդ տարի՝ 14 համայնքում՝ 20 ծրագիր)։ Ծրագրերն իրականացվել են 9 տարբեր ուղղություններով։

Այս պահի դրությամբ ավարտված է 16 ծրագիր, ընթացքի մեջ են 37-ը և գնման գործընթաց իրականացվում է 3 -ի համար: Ա. Ջանազյանը նշեց, որ Լոռու մարզպետի հանձնարարությամբ վարչության աշխատակիցները պարբերական վերահսկողություն են իրականացնում շինհրապարակներում՝ արձանագրելով թերությունները, ներկայացնելով մարզի ղեկավարի ուշադրությանը և վերջինիս հանձնարարությամբ՝ առաջարկում վերացնել դրանք:
Ա. Ջանազյանը մասնավորապես անդրադարձավ արձանագրված խնդիրներին: Նա նշեց, որ հիմնական ամենալուրջ խնդիրը ժամկետներից ուշացումների հետ է կապված, որոնց պատճառներն, ըստ իրականացված վերլուծության, հետևյալն են՝ մարզում իրականացվում են աննախադեպ լայնածավալ շինաշխատանքներ, մեկ շինկազմակերպություն, միանգամից մի քանի մրցույթներում հաղթող ճանաչվելով, մարդկային և տեխնիկական փոքրածավալ ռեսուրսներով չի կարողանում տեղավորվել ժամկետներում, հետևաբար աշխատանքները դանդաղում են, և երրորդ՝ նախագծանախահաշվային աշխատանքներում հընթացս հայտնաբերվել են թերություններ և շտկման անհրաժեշտություն է առաջացել, ինչի հետևանքով աշխատանքները դարձյալ դանդաղել են: Այդուհանդերձ, ըստ վարչության պետի, կլինեն աշխատանքներ, որոնք ժամկետներում չտեղավորվելու պատճառով կտեղափոխվեն հաջորդ տարի:
Սուրեն Պապիկյանն, անդրադառնալով խնդրին, առաջարկեց իրավական համապատասխան մեխանիզմներ կիրառել նման շինկազմակերպությունների նկատմամբ, որպեսզի արդեն հաջորդ տարիներին նման խնդիրներ չառաջանան:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր հերթին առառանձին-առանձին անդրադարձավ այն համայնքների խնդիրներին, որտեղ ժամկետների ուշացումներ են արձանագրվել: Համայնքների ղեկավարները վստահեցրեցին, որ աշխատանքները, թեև ժամկետների ուշացումներով, բայց հիմնականում հնարավոր կլինի ավարտել մինչև տարեվերջ: Մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարման ցուցանիշները ներկայացրեց Ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը:Նրա տեղեկացմամբ՝ 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ապահովվել է 108.4 տոկոսով: Մարզի համայնքների բյուջեներով 2019թ. տարեկան պլանի կտրվածքով նախատեսված եկամուտների հավաքագրումը ապահովվել է 63.9 տոկոսով, 9 ամսվա պլանի նկատմամբ՝ 84.6 տոկոսով: Կամ նախատեսված 8352.0 մլն. դրամ տարեկան պլանի և 9 ամսվա 6305.2 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է 5336.5 մլն. դրամ: Հոկտեմբերի 23-ի դրությամբ եկամուտների հավաքագրումը կազմել է 65.3 տոկոս:
Նա անդրադարձավ հիմնականում թերացող համայնքներին՝ նշելով, որ սեփական եկամուտների գծով մինչև 50 տոկոս հավաքագրում են ապահովել՝ Հալավար(41 տոկոս), Շնող(41.6), Ջրաշեն(42.9), Վահագնի(43.4), Սարամեջ(45.4), Գոգարան(46), Մեծ Պարնի(47.1), Ձորագյուղ(47.9): Խոշորացված համայնքներից թերացողների թվում է նաև Սարչապետը: Համայնքների ղեկավարների կողմից ներկայացվեցին մի շարք պատճառաբանություններ, որոնց թվում՝ բնակիչների բացակայությունը համայնքներից, ժառանգությունների խնդիրները, բազաների անճշտությունները և այլն:
Մարզի ղեկավարն, անընդունելի համարելով ցանկացած պատճառաբանություն, նշեց, որ իր խորին համոզմամբ, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը շատ դեպքերում ուղիղ համեմատական է համայնքների ղեկավարների լեգիտիմությանը:
«Երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած ընտանիքների բնակապահովման ծրագրի» ընթացքին անդրադարձավ Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Նա նշեց, որ «Ֆուլլեր» տնաշինական կենտրոնի հետ համագործակցությամբ այն շատ ինտեսիվ և արդյունավետ ընթացք է ստացել: Լ. Ասլանյանը ներկայացրեց նաև մարզային իշխանությունների դիրքորոշումը հաջորդ տարվա համար ծրագիրը վերջնական ավարտին հասցնելու նպատակով պետբյուջեից հատկացվելիք միջոցների վերաբերյալ՝ առաջարկելով խնդիրը լուծել բնակարանաշինության տարբերակով:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց նախարարին ներկա գտնվելու և բարձրացված խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար:
Ա. Ղուկասյանը նաև իր մի շարք նկատառումները հայտնեց քննարկված հարցերի վերաբերյալ՝ առաջարկելով համայնքներին այսօրվանից սկսած նախապատրաստել 2020թ.-ին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի փաթեթները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00