Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը ներկա գտնվեց Ալավերդու «Կանանց աջակցման սենյակ» համայնքային ծառայության գրասենյակի բացմանը

26.07.2019

 Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ ներկա գտնվեց Ալավերդու քաղաքապետարանի առաջին հարկում տեղակայված «Կանանց աջակցման սենյակ» համայնքային ծառայության գրասենյակի բացմանը: Գրասենյակը հիմնվել է «MERSI-CORPS», «Համայնքային իրավաբանների միավորում» կազմակերպությունների և Ալավերդու համայնքապետարանի համագործակցությամբ:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը, «MERSI-CORPS» կազմակերպության ներկայացուցիր Հելեն Բրադբուրին, Վրաստանի Կեդա միավորված համայնքի ղեկավար Լևան Գորգիլադզեն, «Համայնքային իրավաբանների միավորում» կազմակերպության ներկայացուցիչ Ալիկ Սահակյանը, այլ ներկայացուցիչներ, Ալավերդու գործարար կանայք, հյուրեր:
Գրասենյակը նպատակ ունի զարգացնելու կանանց կարողությունները, նոր մասնագիտություններ դասավանդելու, տրամադրելու իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն, բիզնես ծրագրեր կազմելու հմտություններ զարգացնելու՝ նպատակ ունենալով ապագայում միջազգային կառույցների աջակցությամբ դրամաշնորհներ տրամադրել նրանց բիզնես գաղափարները կյանքի կոչելու համար:
«Կանանց աջակցման սենյակ» համայնքային ծառայության գրասենյակի բացման առիթով իր ողջույնի խոսքում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կարևորեց նման կենտրոնների գործունեությունը կանանց ակտիվության խթանման, ժամանակակից պահանջներին համահունչ մասնագիտական հմտությունների ձեռքբերման, աշխատաշուկայում մրցունակ լինելու, ինչու չէ նաև՝ սեփական գործ հիմնելու առումով: Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ս. Խեչումյանին նախաձեռնողականության համար և կարևորեց նման կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը նաև մարզի մյուս խոշորացված համայնքներում՝ պատրաստակամություն հայտնելով աջակից կազմակերպությունների հետ քննարկել այդ հարցը:
Սասուն Խեչումյանը իր խոսքում նշեց, որ գրասենյակ հիմնելու նախաձեռնությունը մտահղացել են դեռևս 3 տարի առաջ, երբ այցելություն է կատարվել Վրաստանի Կեդա խոշորացված համայնք, որտեղ ևս, ինչպես նաև Վրաստանի բոլոր խոշորացված համայնքներում գործում են այսպիսի կենտրոններ: Վրացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցելու փորձի փոխանակման, գրասենյակի ձևավորման, հետագայում նաև գրասենյակի կայացման գործում:
Ծրագրի կարևորությունն ընդգծեցին և գրասենյակի բացման առիթով ողջույնի խոսքով հանդես եկան նաև մյուս հյուրերը: Կողմերը նաև նվերներ փոխանակեցին:
Ներկաները գրասենյակի ստեղծման պատմությանը և առաքելությանը ծանոթացան նաև շնորհանդեսի միջոցով, որը ներկայացրեց գրասենյակի համակարգող Լիլիթ Մարգարյանը:
Այցի շրջանակներում մարզի ղեկավարը եղավ նաև Ալավերդու «Թումանյան աշխարհ» զբոսաշրջային կենտրոնում, ծանոթացավ այստեղ տարվող աշխատանքներին՝ կաևորելով զբոսաշրջային ծրագրերի ակտիվությունը հնարավորինս մեծ թվով զբոսաշրջիկների ներգրավելու առումով: Նա ցանկություն հայտնեց ծանոթանալու կենտրոնի վերջին երեք տարիների գործունեությանը և գրանցած հաջողություններին:
Հյուրերի հետ միասին մարզպետ Ա. Ղուկասյանն այցելեց նաև Ալավերդու գարեջրի արտադրամաս, ծանոթացավ արտադրական գործընթացին և ծավալներին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 17:14:20